«Հրապարակ». ով է լինելու վարչապետի «Մեր ձևով» շարժման թեկնածուն
Օրվա մամուլ
08:34 21/01/2026
Հայաստան

«Հրապարակ». ով է լինելու վարչապետի «Մեր ձևով» շարժման թեկնածուն

«Հրապարակ» թերթը գրում է.

«Դեկտեմբերին «Մեր ձևով» շարժումը հայտարարել էր, որ հունվարին պարզ կլինի, թե ով է լինելու վարչապետի իրենց թեկնածուն: Երեկ շարժումն իր տնտեսական ծրագիրը հրապարակեց, պանելային քննարկում անցկացրեց, և շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ասուլիս տվեց, սակայն դարձյալ չհրապարակվեց թեկնածուի անունը: Հայտարարվեց, որ փետրվարի 12-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարի օրը, կհայտարարեն վարչապետի թեկնածուի անունը: Նարեկ Կարապետյանը հավելեց նաև, որ վաղուց են որոշել թեկնածուին։

Անցած ամիսներին խոսակցություններ կային, որ վարչապետի թեկնածուն հնարավոր է լինի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, և իշխանական քարոզչամեքենան էլ վայրի արշավ էր սկսել նրա դեմ` սև քարոզչություն էին անում, քրեական վարույթներ ծրագրում, սակայն տեղեկություններ ունենք, որ Կարապետյանը չի կարող առաջադրվել` նա վարչապետի թեկնածու առաջադրվելու ցենզին չի համապատասխանում: Մասնավորապես, վերջերս խախտել է մեկ տարվա ընթացքում 6 ամիս ռեզիդենտ լինելու` Հայաստանում ապրելու ցենզը: Ընդ որում, տևական ժամանակ պահպանել է, իսկ վերջերս՝ գուցե անգամ միտումնավոր խախտել, որ անհաղթահարելի խոչընդոտ ձևավորի և անհնարին դարձնի իր առաջադրումը:

Հիշեցնենք. միայն ՀՀ քաղաքացի լինելու և տարվա առնվազն կեսը (առնվազն 180 օր) Հայաստանում բնակվելու պահանջը պարտադիր է պատգամավորի, վարչապետի թեկնածուի համար։ Այսինքն՝ վերջին 4 տարիների ընթացքում մարդը պետք է տարվա մեջ 6 ամիս բնակված լինի Հայաստանում։ Իսկ Սամվել Կարապետյանը մի քանի երկրի քաղաքացի է և կարող է լավագուն դեպքում ավագանու ցուցակում ընդգրկվել։ Ըստ ամենայնի, թեկնածուն կլինի Նարեկ Կարապետյանը, որն արդեն հասցրել է լայն ճանաչում ձեռք բերել և հանրության համակրանքը նվաճել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». ով է լինելու վարչապետի «Մեր ձևով» շարժման թեկնածուն