Կինը ամուսնու փոխարեն փորձել էր ատեստավորման թեստը լրացնել․ Ժաննա Անդրեասյան
Կրթություն, գիտություն
12:36 22/01/2026
Հայաստան

Կինը ամուսնու փոխարեն փորձել էր ատեստավորման թեստը լրացնել․ Ժաննա Անդրեասյան

էլեկտրոնային ատեստավորման առաջին տարում գրանցվել է դեպք, երբ կինը փորձել է թեստը լրացնել ամուսնու փոխարեն։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց  ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ 

«Առաջին անգամ, երբ 2024 թվականին ամբողջությամբ էլեկտրոնային համակարգով իրականացրինք ատեստավորումը, ունեցել էինք դեպք, երբ մի ուսուցիչ փորձել էր այլ ուսուցչի փոխարեն լրացնել թեստը։ Ամուսիններ էին, երկուսն էլ գրանցվել էին ատեստավորման։ Կինը՝ ամուսնու փոխարեն։ Այդ դեպքը բնականաբար բացահայտվեց»,- պատմեց Անդրեասյանը՝ ընդգծելով, որ թվային համակարգը թույլ չի տալիս որևէ միջամտություն։

Նրա խոսքով՝ այսօր արդեն 9602 ուսուցիչ, այսինքն՝ ուսուցիչների շուրջ 31 տոկոսը, հաջողությամբ անցել են կամավոր ատեստավորումը և ստանում են բարձրացված աշխատավարձ։

Կառավարության նիստում քննարկվող նախագծով առաջարկվում է մի քանի կարևոր փոփոխություն։ Մասնավորապես՝ ատեստավորման արդյունքում սահմանված հավելավճարը կտարածվի նաև ուսուցչի անհատական բաղադրիչի ժամերի վրա՝ խմբակներ, նախագծային աշխատանքներ և այլ կրթական գործունեություն։

«Եթե ուսուցիչը, օրինակ, ֆիզիկա է դասավանդում և միաժամանակ ղեկավարում է ֆիզիկայի նախագծային աշխատանք, ապա այդ ժամերը նույնպես կհաշվեն ատեստավորման արդյունքով»,- պարզաբանեց նախարարը։

Կարգավորվում է նաև այն իրավիճակը, երբ ուսուցիչը երկրորդ կամ երրորդ անգամ է մասնակցում ատեստավորմանը։

«Եթե երկրորդ անգամ մասնակցելով՝ ուսուցիչը ցուցաբերում է նույն արդյունքը, հավելավճարի չափը պահպանվում է, բայց սահմանվում է նոր հնգամյա ժամկետ։ Եթե արդյունքը ավելի բարձր է՝ սահմանվում է նոր, ավելի բարձր հավելավճար։ Եթե ավելի ցածր է՝ պահպանվում է նախորդ բարձր արդյունքը»,– նշեց Անդրեասյանը։

Փոփոխությունները վերաբերում են նաև ուսուցիչ աշխատել ցանկացող նոր խմբերին։ Խոսքը վերաբերում է ինչպես հարակից ոլորտի բարձրագույն կրթություն ունեցող, այնպես էլ մանկավարժական կրթություն ստացող ուսանողներին, որոնք այսուհետ նույնպես կարող են մասնակցել կամավոր ատեստավորմանը։

«Այս տարի կամավոր ատեստավորմանը մասնակցել է ավելի քան 500 մարդ, որոնք այդ պահին ուսուցիչ չէին աշխատում։ Նրանք ունենալով ատեստավորման արդյունք՝ արդեն վստահությամբ դիմում են ուսուցչի աշխատանքի համար»,- ասաց նախարարը։

Քննարկման ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը անդրադարձավ բարձրագույն արդյունք ցույց տված ուսուցիչների խրախուսման խնդրին՝ նշելով, որ գործող մոտիվացիան բավարար չէ։

«Եթե ամենաբարձր բալը հավաքած ուսուցիչները ընդամենը 13 հոգի են, ապա նրանց խրախուսման համակարգը պետք է շատ ավելի էական լինի։ Սա ամբողջ համակարգի մոտիվացիան է փոխում»,– ասաց Գրիգորյանը։

Ի պատասխան՝ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ հարցը արդեն օրակարգում է, և երկրորդ շրջափուլում նախատեսվում է փոխել հաշվարկման հիմքը։

«Դրույքաչափը դառնում է 200 հազար դրամ, և դրանից կկախվեն 30, 40 կամ 50 տոկոս հավելավճարները։ Սա կբերի նաև վարձատրության էական բարձրացման»,- վստահեցրեց նախարարը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կինը ամուսնու փոխարեն փորձել էր ատեստավորման թեստը լրացնել․ Ժաննա Անդրեասյան