Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ծնողները և հարազատները ստիպված Արցախում են հուղարկավորել զոհվածներին՝ արտաշիրիմման խոստման դիմաց. Նադեժդա Արզումանյան
«Մնեք կառավարության դիմաց հավաքվել ենք 2023 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված մեր տղաներին արտաշիրիմման համար։ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը մեր երեխեքը հայրենիքը պաշտպանել են մինչև վերջին շունչը»,-կառավարության դիմաց կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ Panorama.am-ին ասաց Նադեժդա Արզումանյանը՝ զոհված Վաչագան Դադալյանի մայրը։
«Բայց պայմաններն այնպես էին, որ շրջափակում էր և չկարողացանք մարմինները շրջաններից տեղափոխել Ստեփանակերտ։ Լույս չկար, գազ չկար, բլոկադայի մեջ ստիպված ծնողները և հարազատները հուղարկավորել են Արցախի տարբեր շրջաններում՝ այն պայմանով, որ դրանից հետո պայմանավորվածություն ձեռք կբերվի հարազատներին այնտեղից հանելու համար։
Այդպես էլ պայմանավորվածությունը չկատարվեց բենզինի պահեստի պայթյունի հետևանքով միայն մի մասին հասցրեցին արտաշիրիմել և Հայաստանում հուղարկավորել, իսկ մյուս մասին խոսք տվեցին, որ Կարմիր Խաչի միջոցով կարտաշիրիմեն և կտեղափոխեն Հայաստան «Եռաբլուրում» հուղարկավորելու համար։
Երկու տարուց ավել է, պահանջում ենք, բողոքում ենք, բայց հարցին լուծում չի տրվել։ Դիմել ենք կառավարության տարբեր կառույցների, բայց մինչև այսօր հարցին լուծում չի տրվել։ Այսօր ևս մեկ անգամ ենք դիմում, միգուցե ինչ-որ դրական շարժ կլինի, կմիջամտեն և մեր երեխաների արտաշիրիմումը կիրականացնեն»,- ասաց զոհված զինծառայողի մայրը։
Նա տեղեկացրեց, որ իր որդին զոհվել է Մարտունու շրջանի Սոս գյուղի «Լուսնյակ» կոչվող տեղանքում և հուղարկավորված է մարտունի քաղաքի գերեզմանոցում։