Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ընդդիմությունն անհրաժեշտություն դեպքում փողոցային պրոցես ո՞նց է գեներացնելու, եթե չեն կարողանում տեր լինել քաղբանտարկյալներին. Վարազդատ Հարությունյան
«Շահառուն քաղաքական ուժերն են, պետք է իրենք մտածեն։ Սակայն իրենք էլ ընտրություններին են պատրաստվում, իրենց թվում է, դրանք շատ պրոդուկտիվ են անցնելու իրենց համար։ Ինչ ասեմ՝ հաջողություն եմ իրենց մաղթում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Նա քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանության միասնական օրակարգ, միասնական քաղաքական ձևաչափ ստեղծելու անհրաժեշտություն է տեսնում, այդ մասին բարձրաձայնել է, խոսել նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։
«Բացարձակ որևէ բան չի արվում։ Տեսնում եմ անհատ քաղաքական գործիչների սրտացավ վերաբերմունքը, ավելի ոչ մի բան չեմ տեսնում։ Հայտարարություններ են անում, գրառումներ, գնում են քրեակատարողական հիմնարկներ՝ տեսակցում, բայց դա քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանության միասնական օրակարգ չէ, ըստ էության, պայքար էլ չէ։ Դրա պայքարը ո՞րն է։ Բանտում գնալ տեսնելը, լավ բան է, բայց դրա պայքարը ո՞րն է»,- ասաց Վ.Հարությունյանը։
Նրա խոսքով, երբ խոսում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ միասնական օրակարգի ձևավորման մասին, բոլորը կարևոր ու անհրաժեշտ են համարում, բայց ընդամենը այդքանը։
«Գիտեմ, որ Իշխան Սաղաթելյանն է պայքարի ընդհանրական օրակարգ ստեղծելու փորձեր արել, բայց չգիտեմ՝ ուր է հասել, ինչ հաջողությունների է ասել»,- ասաց Վ. Հարությունյանը։
Նա նշեց, որ առաջիկայում քարոզարշավ, ընտրություններ են սպասվում, և արդյո՞ք այսքան քաղբանտարկյալի առկայությունն ու ենթադրական առողջ քաղաքական պրոցեսները համատեղելի են. «Արդյո՞ք չեն տեսնում, որ ինչքան մոտենան ընտրությունները, քաղբանտարկյալների թվաքանակն ավելանալու է։ Պայմանական ասած, այդ քաղաքական ուժերի ձայների գողացման, ընտրությունների կեղծման դեպքում որևէ փողոցային պրոցես ո՞նց են գեներացնելու, եթե իրենք չեն կարողանում քաղբանտարկյալներին տեր լինել։
Նարեկ Սամսոնյանը դատական նիստի ժամանակ հետաքրքիր միտք ասաց, որ կարելի է ասել բանաձևային է՝ եթե ընդդիմությունն այսքան թույլ չլիներ, իշխանություններն այսքան չէին հաբռգի։
Կրկնում եմ՝ քաղաքական ուժերն են առաջնային շահառուները, եթե իրենք սրա շուրջ ընկալում չունեն, մենք արդեն ... ինչ ասեմ, իրենց խնդիրն է»։
Վարազդատ Հարությունյանը համոզված է, որ քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանության միասնական օրակարգի, ճակատի ձևավորումը անխուսափելի է, պարտադիր գործողություն է, որը պետք է արվի։