Նշանակում է՝ տապալվեց գնումը․ Մհեր Գրիգորյանը՝ գնումների օրենսդրական փոփոխության մասին
Քաղաքական
11:55 22/01/2026
Հայաստան

Նշանակում է՝ տապալվեց գնումը․ Մհեր Գրիգորյանը՝ գնումների օրենսդրական փոփոխության մասին

Կառավարությունը քննարկում է «Գնումների մասին» օրենքում փոփոխությունների փաթեթ, որով նախատեսվում է սահմանափակել բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց հետ փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը պետական գնումներին։ 

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ նախաձեռնության նպատակը գնումների ոլորտում կոռուպցիոն հնարավոր դրսևորումները բացառող համակարգերի ներդրումն է, ինչը սահմանված է ինչպես հակակոռուպցիոն ռազմավարությամբ, այնպես էլ միջազգային գործընկերների գնահատումներով։

«Գնումների ոլորտում կոռուպցիոն հնարավոր դրսևորումները բացառող համակարգերի սահմանումը մնում է կառավարության առաջնահերթություններից մեկը։ Նման համակարգ ունենալու պահանջը ամրագրված է թե՛ հակակոռուպցիոն ռազմավարությամբ, թե՛ միջազգային գործընկերների կողմից իրականացված գնահատումներով»,- ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ օրենսդրական փոփոխություններով առաջարկվում է հստակ սահմանել փոխկապակցվածության շրջանակը և օրենքով արգելել պետական բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների հետ փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը գնումներին։

«Փոխկապակցված կհամարվեն պաշտոնյայի ամուսինը, զավակը, ծնողը, քույրը, եղբայրը, ինչպես նաև համատեղ բնակվող անձը։ Այն ընկերությունները, որոնցում պաշտոնյան կամ նրա ազգականները ունեն ուղղակի կամ անուղղակի որոշիչ ազդեցություն, չեն կարող մասնակցել գնման գործընթացներին»,- նշեց Հովհաննիսյանը։

Օրինագծով սահմանվում են պաշտոնյաների ազդեցության չորս մակարդակներ։ 

Առաջին մակարդակում ընդգրկված պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերությունները չեն կարող մասնակցել որևէ պետական գնման։ Մյուս մակարդակներում սահմանափակումները վերաբերում են տվյալ մարմնի կամ դրա ենթակա կառույցների կողմից կազմակերպվող գնումներին։

Քննարկման ընթացքում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է, որ նոր կարգավորումները գործեն ոչ թե հետագայում խախտումներ արձանագրելու, այլ դրանք կանխելու սկզբունքով։

«Եթե փոխկապակցված ընկերությունը մասնակցում է, հետո պարզվում է խախտումը, պայմանագիրը խզվում է, գումարը վերադարձվում է։ Նշանակում է՝ տապալվեց գնումը։ Սա նշանակում է, որ մենք կորցրել ենք ժամանակ, ռեսուրս, և ստեղծել ենք նոր խնդիր, որը հետո փորձում ենք լուծել իրավապահ մարմինների միջոցով։ Սա ոչ արդյունավետ և շատ ծախսատար ճանապարհ է»,- ասաց փոխվարչապետը։

Նրա խոսքով՝ համակարգը պետք է այնպես կառուցվի, որ նման իրավիճակներն ընդհանրապես տեղի չունենան։

«Մենք պետք է ունենանք այնպիսի թվային ֆիլտր, որ հայտավորման փուլում համակարգը պարզապես թույլ չտա, որ խախտման թեկուզ սիմպտոմ ունեցող հայտը առաջ շարժվի»,- ընդգծեց Գրիգորյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նշանակում է՝ տապալվեց գնումը․ Մհեր Գրիգորյանը՝ գնումների օրենսդրական փոփոխության մասին