Նվազագույնը 3 օր ժամկետը կարող է քիչ լինել՝ հասկանալու համար, թե ՀՀ քաղաքացիություն չունեցող անձը ինչու է դիտորդություն անում. Արուսյակ Ջուլհակյան
Քաղաքական
17:04 23/01/2026
Հայաստան

Նվազագույնը 3 օր ժամկետը կարող է քիչ լինել՝ հասկանալու համար, թե ՀՀ քաղաքացիություն չունեցող անձը ինչու է դիտորդություն անում. Արուսյակ Ջուլհակյան

«Առաջինից երկրորդ ընթերցում կատարված փոփոխությունը վերաբերում է դիտորդական առաքելությունների կողմից իրենց ցուցակում փոփոխություններ կատարելու վերջնաժամկետին և սահմանվում է, որ քվեարկությունից մինչև 3 օր առաջ իրավունք ունեն փոխել իրենց դիտորդներին»,- ԱԺ -ում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

Պատգամավորը ներկայացրեց այսօր արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի փոփոխությունները։

«Մենք ուզում ենք նաև տարանջատում մտցնել այն դիտորդների համար, ովքեր հավատարմագրվում են լոկալ հասարակական կազմակերպությունների կողմից, բայց չունեն ՀՀ քաղաքացիություն, և միայն տեղական դիտորդական առաքելությունների համար ժամկետը երկարացնում ենք դարձնելով քվեարկությունից առաջ մինչև 15 օր, այն դիտորդների մասով, որոնք ՀՀ քաղաքացիություն չունեն»,-ասաց Ջուլհակյանը։

 Նա նշեց, որ այդ սահմանափակումը չի վերաբերում միջազգային դիտորդական առաքելություններին, քանի որ նրանք առաքելություն են իրականացնում բացառապես ՀՀ նախագահի, Վարչապետի ԱԺ նախագահի և ԿԸՀ նախագահի հրավերով։

«Լոկալ հասարակական կազմակերպությունների դեպքում, երբ դիտորդական առաքելություններում ներգրավված դիտորդը ՀՀ քաղաքացիություն չունեցող անձ է, այս դեպքում քվեարկությունից նվազագույնը 3 օր ժամկետը կարող է ՀՀ պետական մարմինների համար քիչ լինել՝ հասկանալու համար, թե ՀՀ քաղաքացիություն չունեցող անձը ինչու է դիտորդություն անում ՀՀ  ընտրական գործընթացներում»,- փոփոխությունը հիմնավորեց ՔՊ-ական պատգամավորը։

Առաջին ընթերցման ժամանակ ներկայացնելով նախագիծը՝ Ձուլհակյանն ասաց. «Դիտորդական առաքելությունները ընտրական գործընթացում ներգրավվում են որպես հանրային վերահսկողություն իրականացնող սուբյեկտներ, որոնց հիմնական առաքելությունն է ընտրական գործընթացի անկախ, օբյեկտիվ և անաչառ գնահատումը: 

Այդ նպատակի իրագործումը հնարավոր է միայն այն պայմաններում, երբ դիտորդական առաքելությունները և դիտորդները գործում են քաղաքականապես չեզոք և անաչառ: Գործող ՀՀ ընտրական օրենսգիրքը չի սահմանում բավարար և արդյունավետ իրավական մեխանիզմներ դիտորդական առաքելությունների և դիտորդների կողմից քաղաքական չեզոքության և անկողմնակալության պարտականության պատշաճ կատարման վերահսկումը և ապահովումը երաշխավորելու համար»:

Նրա խոսքով՝ ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը միտված է նշված բացի շտկմանը, ընտրական գործընթացների նկատմամբ չեզոքության, թափանցիկության և իրավական կանխատեսելիության ամրապնդմանը:

Ջուլհակյանն նշեց, թե նախագծի ընդունումը հրատապ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջիկայում մեզ սպասում են ընտրական գործընթացներ, և դրանց նկատմամբ հանրային և միջազգային ուշադրության բարձր մակարդակ կա:

ՔՊ-ական և խմբակցություն չունեցող պատգամավորները 66 կողմ ձայներով, երկրորդ ընթերցմամբ ընդունեցին նախագիծը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նվազագույնը 3 օր ժամկետը կարող է քիչ լինել՝ հասկանալու համար, թե ՀՀ քաղաքացիություն չունեցող անձը ինչու է դիտորդություն անում. Արուսյակ Ջուլհակյան