Մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը. Նախատեսված է Արարատ Միրզոյանի ելույթը
Քաղաքական
17:05 26/01/2026
Հայաստան

Մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը. Նախատեսված է Արարատ Միրզոյանի ելույթը

Ստասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ 2026թ. ձմեռային նստաշրջանը: Լիագումար նիստի աշխատանքները կշարունակվեն մինչև հունվարի 30-ը։ Նիստի ընթացքում ԵԽԽՎ պատվիրակությունների անդամները  կընտրեն ԵԽԽՎ նոր նախագահ։ Այս պաշտոնի համար առաջադրվել է տիկին Պետրա Բայրի (Ավստրիա, Սոցիալական օկրուգ) թեկնածությունը՝ համաձայն Վեհաժողովի քաղաքական խմբերի միջև գործող ռոտացիոն համաձայնագրի։ Բազմաթիվ խորհրդարանականներ աջակցել են նրա թեկնածությանը։

ԵԽԽՎ-ից Panorama.am-ին հայտնեցին, որ քննարկվելու է «Վեհաժողովի մոնիթորինգի ընթացակարգի առաջընթացը (2025 թվականի հունվար - դեկտեմբեր)» թեմայով զեկույցը, որում անդրադարձ կա նաև Հայաստանին։

Չորեքշաբթի օրը ԵԽԽՎ լիագումար նիստում ելույթ կունենա և պատգամավորների հարցերին կպատասխանի Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող  Արարատ Միրզոյանը: ԱԳ նախարարությունից հայտնում են, որ Հունվարի 26-28-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում: Ծրագրված են Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված միջոցառումներ:

Արարատ Միրզոյանի ելույթը կլուսաբանվի ուղիղ հեռարձակմամբ: Այցի օրակարգում են նաև երկկողմ հանդիպումներ:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին մասնակցելու համար 2026 թվականի հունվարի 25-30-ը ԱԺ-ից Ստրասբուրգ են գործուղվել ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամներ՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, «Հայաստան» խմբակցության անդամներ Արմեն Գևորգյանը, Արմեն Ռուստամյանը, ՔՊ-ական պատգամավորներ Սոնա Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, ինչպես նաև պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի և  եվրաինտեգրման բաժնի պետ Կարինե Շիմշիրյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը. Նախատեսված է Արարատ Միրզոյանի ելույթը