Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Իրականացված աշխատանքները կարող եմ համարել բավարար. Ավինյանը՝ հունվարի 23-ի կաթվածահար Երևանի ձնամաքրման մասին
«Հունվարի 23-ի ձյունը կանխատեսելի էր, նախապես հայտարարված էր, որ ցերեկն է սկսվելու տեղումները»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց Տիգարն Ավինյանի խորհրդական Կամո Արեյանը։
Նա հայտնեց, որ ձյունը տեղացել է 11։20-ից մինչև 21։00-ն։
Արեյանի խոսքով՝ առավոտ ժամը 10։30-ի դրությամբ ԵԱՍՄ հիմնարկի տարբեր ֆունկցիաների բոլոր մեխանիզմները՝ 37 բազմաֆունկցիոնալ և 12 փոքր, աղով և ավազով բեռնված , տեղակայված են եղել վարչական շրջաններում, ըստ նախատեսված դիսկալացիոն սխեմաների։
«Գրեթե 1 սանտիմետր էլ չէր հասել ձյան հաստությունը, երբ սկսեցին աղ ու ավազի ցանման աշխատանքները մայրաքաղաքում»,-ասաց Արեյանը՝ հավելելով, որ հաջորդ օրը ներգրավվել են նաև Կանաչապատման ՀՈԱԿ-ի տեխնիկան և ընդհանուր աշխատանքներում երկրորդ օրն արդեն ներգրավվել է 136 մեքենա և 650 աշխատակից։
Արեյանը հայտնեց, որ հունվարի 23-ին երեկոյան ձնամաքրման աշխատանքները Կենտրոնում տևել են վեց ժամ՝ ժամը 14:30-15:00-ից մինչև 21:00-21:30–ը։
«ժամը 19:30–20:00-ի ժամանակահատվածում ամբողջապես մաքուր է եղել Նոր Նորք վարչական շրջանը, բոլոր փողոցները մաքրված էին Ավան վարչական շրջանում, Քանաքեռ Զեյթունում, Արաբկիրի հյուսիսային գոտում։ Այդ ժամի դրությամբ դարձյալ խնդիրը մնում էր կենտրոնում, խցանումներ, տևական կանգ»,-ասաց Կամո Արեյանը։
Անդրադառնալով քաղաքացիների բողոքներին՝ քաղաքապետի խորհրդականն ասաց. «Այն պատճառաբանությունը, թե աղ ու ավազ ցանված չի եղել, ասեմ, որ մենք ունենք 40-37 միավոր տեխնիկա, 1204 կիլոմետր է մայրաքաղաքի ճանապարհների ամբողջ երկարությունը, 15 միլիոն քառակուսի մետր մաքրվող տարածքն է մեքենա-մեխանիզմներով, 8.6 միլիոնը ձեռքով բակային տարածքներն են»։
Նա ասաց, որ պատճառը միանգամից ինտենսիվ ձյան տեղումներն էին և երթևեկի մեջ չեն կարողացել ժամանակին մտնել փողոցներ, ստիպված պարեկային ծառայության օգնությամբ են մտել։
«Չի համապատասխանում իրականությանը, թե մեքենա-մեխանիզմ չաշխատեց, կամ աղ ու ավազ չի ցանվել։ 1000 տոննա աղ ու ավազի խառնուրդ ենք ծախսել այդ երկու գիշերը, երբ 10 000 տոննա ծախսել ենք այս դեկտեմբերի 27-ից մինչև հունվարի 23-ը։ Նախորդ տարիների նույն ժամանակահատվածը հազիվ 5000-6000 տոննա է եղել»,-ասաց Արեյանը, բայց և ընդունեց, որ խնդիրներ են եղել. «Սակայն ունեցանք խնդիր, հունվարի 23-ին խցանումներ առաջացան մայրաքաղաքի գրեթե ամբողջ տարածքում, բայց հիմնական կանգը կենտրոն վարչական շրջանում էր։ Այն իմ կասկածը, որ տեխնիկան ուշ է մտել, այո եղել են ուշ մտնելու ժամեր և այն պայմանավորված է եղել երթևեկի ինտենսիվությամբ, ուղղակի ԵԱՍՄ-ի մեքենա-մեխանիզմները չեն կարողացել մտնել երթուղի և 12․30-ից հետո պարեկների օգնությամբ սկսել են աղ ու ավազ ցանել»։
Անդրադառնալով հանրության կողմից հնչող մեղադրանքներին, թե թե որևէ գործ արված չէր և քաղաքը սահադաշտի էր վերածվել, Կամո Արեյանը հարցով պատասխանեց. «Եթե այդպես էր, ապա այդ նույն սահադաշտը ամսի 24-ի առավոտ ժամը 10-ին ո՞ւր վերացավ։ Ո՞նց այդքան սառույցը մի գիշերում գոլորշացավ»։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը ամփոփեց պատճառաբանությունը՝ հայտարարելով. «Իրականացված աշխատանքները կարող եմ համարել բավարար, իհարկե, լավ չեմ կարող գնահատել»։
Ավինյանը նաև ասաց, թե կարելի է նման դեպքերում մինչև ձյան տեղալն աղաջուր ցանել փողոցներին։