«Քանդում ենք ընդերքը, ու դա կոչում տնտեսական աճ»․ Ավետիսյանը՝ խոշոր հարկատուների ցուցակի մասին
Քաղաքական
17:40 26/01/2026
Հայաստան

«Քանդում ենք ընդերքը, ու դա կոչում տնտեսական աճ»․ Ավետիսյանը՝ խոշոր հարկատուների ցուցակի մասին

Գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող Mobile Centre ընկերությունը 2025 թվականին դարձել է Հայաստանի ամենախոշոր հարկատուն՝ առաջ անցնելով ավանդաբար առաջին հորիզոնականը զբաղեցնող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից։

Պետեկամուտների կոմիտեի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի տվյալներով՝ բջջային հեռախոսների ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող «Մոբայլ սենթր արթ»-ը վճարել է ավելի քան 77.8 մլրդ դրամ, ինչը 2024-ի համեմատ մոտ 11 մլրդ դրամով ավել է։ Ընկերությունը, մասնավորապես, ռուսական շուկա տեխնիկայի վերաարտահանումների շնորհիվ արձանագրել է հարկային ծավալի զգալի աճ, հիմնականում ավելացված արժեքի հարկի մասով։

2025-ի երկրորդ ամենամեծ հարկատուն դարձավ ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ տոբակո»-ն է, իսկ երկար տարիների առաջատար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը այս տարի հարկերը կրճատել է կիսով չափ՝ 102 միլիարդից իջնելով 52.1 մլրդ դրամի, այն դեպքում, երբ միջազգային շուկայում պղնձի գինը բավականին մեծ աճ է գրանցել։

Ընդհանուր առմամբ՝ 10 ամենաշատ հարկ վճարած ընկերություններում՝ բացի ԶՊՄԿ-ից, ընդգրկված են երկու ծխախոտ արտադրող և վաճառող ընկերություններ,, երկու բանկ՝ Արդշինբանկ և Ամերիաբանկ, երկու բուքմեյքերական ընկերություններ՝ «Սոֆթ Կոնստրակտ» և «Դիջիթեյն», և նաև «Գազպրոմ Արմենիա» և վառելիքի վաճառքով զբաղվող CPS ընկերությունը։

Այս վիճակագրությունն արտացոլում է տնտեսական կառուցվածքի բացասական միտումները։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

«Մենք չենք տեսնում արդյունաբերական կազմակերպությունների զարգացման ակտիվություն. մեր հիմնական առավելությունները, որոնք ունեն օբյեկտիվ համեմատական առավելություններ, չեն արտացոլվում։ Գյուղատնտեսությունն ազատ անկման մեջ է, արդյունաբերությունը՝ լուրջ դժվարությունների առաջ, զրոյական մոտ աճ կամ նվազում», - ասաց նա։

Պատգամավորը նաև նշեց, որ հարկատուների ցանկում առաջատարներ են միայն հանքարդյունաբերության, էներգետիկայի և առևտրի ոլորտները, ինչը ցույց է տալիս բյուջեի եկամուտների բարձր կախվածությունը արտաքին գործոններից։

Նրա խոսքով՝ ներկայիս կառուցվածքը ցույց է տալիս, որ Հայաստանի տնտեսությունը դեռևս չի զարգացրել հեռանկարային ճյուղերը, իսկ եկամուտները շատ դեպքերում ապահովվում են ընդերքի վաճառքից։

«Մենք փաստորեն փոխարեն վերամշակող արդյունաբերությունը զարգացնենք և մեր տնտեսության ներուժ ունեցող ճյուղերը, պարզ ասած, քանդում ենք մեր ընդերքը ու այդպես վաճառում և ասենք՝ դա տնտեսական աճ է, նաև բյուջեի եկամուտներ է ապահովում։ Սա շարունակվող մտահոգիչ միտում է», - եզրափակեց պատգամավորը։

Ավետիսյանը վստահ է, որ առանց կառուցվածքային փոփոխությունների՝ այս տրամաբանությունը կարող է երկարաժամկետ տնտեսական զարգացումը կանգնեցնել և բարձրացնել կախվածությունը արտաքին շուկայից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Քանդում ենք ընդերքը, ու դա կոչում տնտեսական աճ»․ Ավետիսյանը՝ խոշոր հարկատուների ցուցակի մասին