Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Զինված ուժերում խաղաղ պայմաններում արձանագրվող կորուստները շարունակում են մնալ հայկական բանակի ամենամեծ ներքին մարտահրավերը։
Եթե սահմանային էսկալացիաներն ու հակառակորդի գործողությունները կանխատեսելի արտաքին վտանգ են, ապա ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների թիվը հաճախ վեր է հանում համակարգային խորքային խնդիրներ՝ կենցաղային անվտանգությունից մինչև զինվորական կարգապահություն և հոգեբանական մթնոլորտ։
Վերջին տարիներին ոչ մարտական պայմաններում գրանցված մահվան դեպքերն ավելացել են։
Ըստ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հնչեցրած տեղեկատվության՝ 2025 թվականի ընթացքում ՀՀ ԶՈՒ-ում 30 զոհից 24-ը պաշտոնապես համարվել է ծառայության հետ կապ չունեցող։
«Դեպքերից մեկը՝ կայծակնահարություն, 1՝ հոսանքահարում, 2՝ ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնել, 2՝ առողջական խնդիրների պատճառով: Բոլորը ժամկետային զինծառայողներ չեն, տարիքային տարբեր խմբերի զինծառայողներ են»,- ասել էր Պապիկյանը՝ նշելով, որ ծառայության հետ չկապված հանգամանքներում մահվան պատճառների թվում են նաև ավտովթար, կենցաղային տարբեր պատճառներ, հիվանդություն և այլն:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ վերջին երկու տարիներին հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհերի թիվը նվազել է շուրջ 90%-ով, սակայն ընդհանուր մահերի թիվը մնում է մտահոգիչ։ 2024 թվականին գրանցված 40 մահվան դեպքերից միայն 4-ն են եղել հակառակորդի գործողությունների հետևանքով։
«Մահվան դեպքերը շարունակվում են արձանագրվել, ու դրանց թվում շատ մեծ թիվ են կազմում սպանության և ինքնասպանության հետևանքով դեպքերը։ Սա վկայում է այն մասին, որ զինված ուժերում դեռևս կան այդ ոչ կանոնադրային հարաբերությունները, միջանձնային հարաբերությունների խնդիրները, որոնց մասին տարիներ շարունակ բարձրաձայնում ու ահազանգում ենք»,- նշեց իրավապաշտպանը։
Նազելի Մովսեսյանը կասկածի տակ է դնում նաև պաշտոնական այն որակումները, որոնք մահվան դեպքերը դասակարգում են որպես «ծառայության հետ չկապված»։
Նրա խոսքով՝ ցանկացած դեպք, նույնիսկ եթե այն տեղի է ունեցել սեփական մեքենայով վթարի հետևանքով, պետք է մանրակրկիտ քննվի՝ պարզելու համար, թե արդյոք զինծառայողը տվյալ պահին ծառայողական պարտականություն չէ՞ր կատարում։
«Պետք է հստակ հասկանալ՝ արդյոք եթե նույնիսկ զինծառայողը դեպքի պահին սեփական մեքենայով է եղել, ինքը աշխատանքային որոշակի պարտականությունների շրջանակներում է տեղաշարժվել։ Հանգամանքները պետք է առանձին-առանձին քննության առարկա դարձվեն և ոչ թե ինչ-որ փուլում կարճվեն մեղավոր անձի բացակայության հիմքով»,-մանրամասնեց նա։
Զինված ուժերում ինքնասպանությունների կանխարգելման հիմնական գործիքը պետք է լիներ սպա-հոգեբանների աշխատանքը, սակայն, ըստ իրավապաշտպանի, այս ինստիտուտը դեռևս կայացած չէ, իսկ շատ զորամասերում նման մասնագետներ պարզապես չկան։
«Մենք հայտնել ենք պաշտպանական գերատեսչությանը, որ զինված ուժերում սպա-հոգեբանների ինստիտուտի կայացման շատ մեծ անհրաժեշտություն կա։ Այդ կառույցը շատ կարևոր է այն իմաստով, որ լինի ոչ թե ֆորմալ, այլ գործուն։ Պետք են մասնագետներ, ովքեր կաշխատեն ռիսկային խմբում գտնվող զինծառայողների հետ, կփորձեն նախնական փուլում միջանձնային հարցերը կարգավորել և կանխել ինքնասպանությունները, որովհետև ցանկացած նույնիսկ մեկ դեպքի առկայությունը նշանակում է, որ համակարգում կան թերացումներ»,- ասաց Մովսեսյանը։
Նրա խոսքով՝ պաշտպանության նախարարությունը հոգեբանների բացակայությունը հիմնավորում է կադրերի պակասով։ Մասնագետները հաճախ հրաժարվում են աշխատել սահմանային զորամասերում՝ ոչ բավարար պայմանների պատճառով։
«Պետք է հնարավորինս ավելի գրավիչ դարձնել այդ հաստիքը՝ ապահովելով արժանապատիվ աշխատանքային պայմաններ թե՛ զինծառայողների, թե՛ սպա-հոգեբանների համար»,- ընդգծեց իրավապաշտպանը։