Ժամանակակից մեծագույն տենոր, հայ անվանի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանն այսօր կդառնար 75 տարեկան
Մշակույթ
17:56 29/01/2026
Հայաստան

Ժամանակակից մեծագույն տենոր, հայ անվանի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանն այսօր կդառնար 75 տարեկան

Այսօր լրանում է հայ անվանի օպերային երգիչ (տենոր) և բեմադրիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Լիտվայի ԽՍՀ վաստակավոր արտիստ Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակը:

ԿԳՄՍՆ հաղորդմամբ, հոբելյանի առթիվ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը, մաեստրոյի ընտանքի անդամները, թատրոնի անձնակազմի ներկայացուցիչները և արտիստները, մտավորականներ, գրիգորյանական արվեստի երկրպագուներ այցելել են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն, ծաղիկներ խոնարհել Գեղամ Գրիգորյանի շիրիմին և հարգանքի տուրք մատուցել անվանի արվեստագետի հիշատակին:

Գեղամ Գրիգորյանը երգել է աշխարհի բազմաթիվ խոշոր օպերային թատրոններում ու համերգասրահներում։ Մաեստրոն օպերային արվեստում իր արժեքներն է ստեղծել ու գրեթե կես դար աշխարհին մատուցել լավագույն դերերգեր և նրբազգաց կատարումներ:

Նրա արտահայտիչ, յուրահատուկ և հզոր տեմբրով անզուգական ձայնը, բազմերանգ ու ինքնատիպ արտիստական հմայքը գրավել են աշխարհի ունկնդիրների սիրտը՝ նրան դասելով համաշխարհային մեծությունների շարքում։ Գեղամ Գրիգորյանի անունը սեպագրվել է 20-րդ դարի 40 լավագույն տենորների շարքում:

«Բոլոր ժամանակների տենոր», «Աստվածատուր երգիչ», «Ժամանակակից մեծագույն տենորներից մեկը». այսպես են բնութագրել միջազգային քննադատներն ու երաժիշտները Գեղամ Գրիգորյանին:

Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը տարվա ընթացքում մշակութային տարբեր ծրագրերով և ներկայացումներով կնշանավորի մեծանուն արտիստի հոբելյանը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ժամանակակից մեծագույն տենոր, հայ անվանի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանն այսօր կդառնար 75 տարեկան