«Մեր քաղաքական դիսկուրսը մնում է հների, նորերի գզվռտոցի շուրջ». Ի՞նչ է առաջարկում «Բոլորին դեմ եմ» շարժումը
Իրավունք
13:11 29/01/2026
Հայաստան

«Մեր քաղաքական դիսկուրսը մնում է հների, նորերի գզվռտոցի շուրջ». Ի՞նչ է առաջարկում «Բոլորին դեմ եմ» շարժումը

Հայաստանում այնպիսի քաղաքական դաշտ է ձևավորվել, որը թույլ չի տալիս ոչ մի նոր ուժի, նոր գաղափարախոսության ու այլընտրանքի մուտք քաղաքական դաշտ։ Այսօր լրագրողների հետհանդիպմանը նման կարծիք հայտնեց  «Բոլորին դեմ եմ» նորաստեղծ շարժման անդամ Հովսեփ Ղազարյանը։

«Մեր քաղաքական դիսկուրսը մնում է հների, նորերի, ներկաների, նախկինների գզվռտոցի շրջանակում։ Իսկապես գաղափարական ուղղվածություն ունեցող մարդիկ, օրինակ՝ ՏՏ ոլորտից կամ պատերազմի մասնակիցներ, հասարակական գործչներ միավորվել են այս նախաձեռնության շրջանակներում, որպեսզի փոխեն այդ մեխանիզմը, ձևավորվի այնպիսի ընտրական մեխանիզմ, որ Հայաստանում հնարավորություն ստեղծվի Ազգային ժողով ձևավորել, որ կներկայացնի հասարակության տարբեր խավերի կարծիքը»,- նշեց նա։ 

Բանախոսն ասաց՝ նպատակ ունեն շարժումը դարձնել կուսակցություն, ու ընտրություններում հաղթանակի դեպքում ձևավորել 100-օրյա կառավարություն, այդ ընթացքում կուսակցությունների համար իջեցնել անցողիկ շեմը մինչև 1%, վերացնել կայուն մեծամասնության պարտադիր պայմանը, ամրագրել, որ քվեաթրթիկում պետք է լինի «բոլորին դեմ եմ» տողը, բացառելով վարչական ռեսուրսների կիրառումը՝ կազմակերպել արտահերթ ընտրություններ։ Նոր ձևավորվող կուսակցության անդամները խոստանում են դրանից հետո լուծարել կուսակցությունն ու չմասնակցել արտահերթ ընտրություններին։ 

«Գործող  համակարգի պայմաններում տեղի ունեցող ընտրություններով ով էլ հաղթի, դառնալու է ամեն ինչի որոշողը»,-ասաց շարժման անդամ, «Ազատազեն» ՀԿ հիմնադիր Իշխան Գևորգյանը՝ ընդգծելով, որ իրենք առաջարկում են փոխել հենց ընտրական համակարգը։ 

«Քանի որ մեր հաջողելուց 100 օր հետո ընտրություններ են լինելու, ու չի կիրառվելու վարչական ռեսուրս, շատ մեծ հավանականությամբ մեկ ուժ չի հավաքելու մեծամասնություն ու քաղաքական ուժերը ստիպված են լինելու կոալիցիա կազմել միասին ու գործել միասին ու անընդհատ պատասխանատվություն կրել միասին։ Այսինքն՝ մեկի խելքին, որ փչի մի աննորմալ բան, որին մյուս նորմալ ուժերը դեմ կլինեն, ուղղակի այդ ուժը չի կարողանալու անել, ինչը հիմա այդպես չէ։ Կատարվում են այնպիսի բաներ, որ եթե այսօրվա իշխանությունը կոալիցիա լիներ, մեծ հավանականությամբ այդ կոալիցիա կազմող ուժերը ներկայիս վարչապետին մենակ կթողեին իր արած քայլերում»,- նշեց Գևորգյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Մեր քաղաքական դիսկուրսը մնում է հների, նորերի գզվռտոցի շուրջ». Ի՞նչ է առաջարկում «Բոլորին դեմ եմ» շարժումը