Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հարյուրավոր միլիոնների տույժի պահանջ. Խմբային հայց՝ ընդդեմ կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ի»
Հայաստանում բազմաբնակարան շենքերի կառուցապատման ակտիվ աճին զուգահեռ, գնորդներն ավելի հաճախ են առնչվում այնպիսի գործելաոճի, որը դուրս է ոչ միայն օրինականության, այլև մարդկայնության ու բարոյականության սահմաններից։ Փաստաբան Ռոման Երիցյանը, հիմնվելով իր փաստաբանական պրակտիկայի վրա, նշում է, որ անբարենպաստ կառուցապատողների շարքում առանձնանում են «Շինաս» ՍՊԸ-ն, ML Mining-ը և «Ֆիլիշին» ՍՊԸ-ն։ Այս անգամ փաստաբանը մանրամասն անդրադարձել է «Շինաս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որի տնօրեն Տիգրան Նազարյանը, ըստ նրա, շինարարական գործունեություն է իրականացնում մի քանի իրավաբանական անձանց միջոցով։ Խոսքը վերաբերում է «Շինաս» ՍՊԸ-ի կողմից կառուցվող «Տիգրան Մեծ» բազմաֆունկցիոնալ և բազմաբնակարան համալիրին։
«Միայն այսօր 50 անձանց անունից խմբային հայց եմ ներկայացրել դատարան, որով բնակիչները պահանջում են «Շինաս» ՍՊԸ-ից գանձել հարյուրավոր միլիոնների չափերի հասնող տույժեր, վերացնել իրենց օգտագործման իրավունքի խոչընդոտները և ճանաչել իրենց սեփականության իրավունքը գնված գույքի նկատմամբ, քանզի կառուցապատող ընկերությունը արդեն երկու տարուց ավել է փաստացի խուսափում է դրանից։ Ամփոփ ասած՝ կառուցապատող ընկերության տնօրեն Տիգրան Նազարյանի համար խաբելը կարծես դարձել է սովորական երևույթ»,-նշեց փաստաբանը։
Ըստ Երիցյանի՝ կառուցապատողը պարբերաբար կեղծ խոստումներ է տվել ժամկետների վերաբերյալ։ Նա մեջբերում է տնօրենի հետ ունեցած նախկին խոսակցությունը.
Բնակիչ- Ե՞րբ են ավարտելու շենքը։
Կառուցապատող -Շենքը, ուրեմն, ես ասեցի՝ ամիս ու կես, երկու ամիս հետո այդ ճարտարապետը... Այն տղան ինքն է անելու։ Ավարտել ի՞նչ նկատի ունես, մենք լրիվ ավարտական պիտի հանենք։
Բնակիչ -Տիգրան ջան, մենք վերանորոգում ենք սկսել, ես երկու ամսից հետո իմ տունը լրիվ վերանորոգած կարամ մտնեմ ապրեմ;
Կառուցապատող- 99.9 տոկոսով դու երկու ամսից կկարողանաս գաս, ապրես»։
Փաստաբանի խոսքով՝ գովազդված գույքն իրականում կիլոմետրերով հեռու է այն գույքից, որ պատրաստվում են հանձնել բնակիչներին։
«Բավական է խոսել շենքի թափվող արտաքին սալիկների մասին, օրեցօր ներթափանցող անձրևաջրերի մասին, պատռվող խողովակների, բնակարանի մակերեսային տվյալները չհամապատասխանելու և այլնի մասին, ինչի նկատմամբ կառուցապատողը բառի բուն իմաստով ցուցաբերում է թքած ունեցած վերաբերմունք»,- ասաց փաստաբանը։
Տեղեկանալով, որ բնակիչները պատրաստվում են դատական պաշտպանության, Տիգրան Նազարյանը, ըստ փաստաբանի, դիմել է նոր խորամանկության՝ բնակիչներին ստիպելով ստորագրել մի ստրկացուցիչ փոխանցման ակտ։ Դրանով գնորդը հավաստում է, որ որևէ պահանջ կամ բողոք չունի վաճառողի նկատմամբ՝ կապված ժամկետների փոփոխության կամ թույլ տված շեղումների հետ։
«Բնակիչների դժգոհությանը օրինական կարգով արձագանքելու փոխարեն, Տիգրան Նազարյանը որոշել է հայտարարել, որ փոխանցման ակտի որևէ կետ դուրս չի բերելու, և դա միակն է, որի միջոցով նրանք կարող են հասնել իրենց սեփականությանը։ Սա խայտառակ և անօրինական պրակտիկա է, որը մշտապես պատշաճ գնահատականի է արժանանում դատարանների կողմից, սակայն կառուցապատողները, հույս պահելով, որ բնակիչները չեն դիմելու դատարան, շարունակում են այս անօրինական և անմարդկային երևույթը»,- նշեց Երիցյանը։
Փաստաբանական թիմը մտադիր է նաև պարզել, թե ինչպես է նման անորակ և վտանգավոր շինությունը ստացել բոլոր անհրաժեշտ թույլտվություններն ու ավարտական ակտերը։ Երիցյանը խոստանում է հանրությանը ներկայացնել, թե ինչու են նման խախտումները վրիպել վերահսկող պաշտոնյաների աչքից։ Անդրադառնալով Տիգրան Նազարյանի և դատավորների հնարավոր փոխկապակցվածության մասին լուրերին՝ նա հավելեց. «Թե որքանով է այդ տեղեկությունը համապատասխանում իրականությանը և որքանով կարող է այն ազդել քննվող դատական գործընթացին, կպարզենք և լրացուցիչ ևս կներկայացնենք հանրությանը»։