Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում այսօրվա ջրանջատումը պայմանավորված է Շերամի փողոցում բռնկված հրդեհով
Հասարակություն
13:35 30/01/2026
Հայաստան

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում այսօրվա ջրանջատումը պայմանավորված է Շերամի փողոցում բռնկված հրդեհով

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի որոշ հասցեներում ջրամատակարարման այսօրվա դադարեցումը պայմանավորված է նախօրեին Շերամի փողոցում բռնկված հրդեհով։

«Վարչական շրջանի այսօրվա ջրանջատումը կապված է երեկվա հրդեհի հետ։ Խնդիր է առաջացել հիդրանտի հետ։ Հիդրանտից փրկարար ծառայությունը ջուր է վերցնում հրդեհը մարելու համար, հիդրանտը վնասվել է։ Ջրագիծը  փակել ենք, որպեսզի  կարողանանք վերացնել հիդրանտի վթարը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Վեոլիա ջուր» ՓԲԸ հանրային կապերի մասնագետ Կարինե Կարապետյանը։ 

Նա նշեց, որ մասնագետներն աշխատում են գիշերվանից, հավանաբար մինչև 16․00-ն աշխատանքներն ավարտված կլինեն, ջրամատարակարարումը կվերականգնվի։  

Ինչ վերաբերում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարբեր հասցեներից բնակիչների ահազանգներին, որ իրենք երեկվանից ջուր չունեն, Կ. Կարապետյանն ասաց, որ իրենք երեկ այդ հատվածում խնդիրներ չեն ունեցել, գուցե խնդիրը կապված է եղել ներքին ցանցի հետ։ 

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին, Երևան քաղաքի Շերամի փողոցում գտնվող անձեռոցիկի արտադրամասի պահեստում բռնկված հրդեհը մարվել է այսօր ժամը 11։04-ին։ Նշված հասցեում բռնկված հրդեհը մարելու նպատակով հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ Հրդեհի բարդությունից ելնելով՝ տեղում հայտարարվել է «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս ինը մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։10-ին։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում այսօրվա ջրանջատումը պայմանավորված է Շերամի փողոցում բռնկված հրդեհով