Հայաստանում սուր շնչառական վարակներով նոր դեպքերի թիվը նախորդ շաբաթվա համեմատ ավելացել է
Առողջություն
10:13 30/01/2026
Հայաստան

Հայաստանում սուր շնչառական վարակներով նոր դեպքերի թիվը նախորդ շաբաթվա համեմատ ավելացել է

ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» հիվանդանոցային համալիրներում և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում հոսպիտալացված սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) դեպքերի ամփոփ վերլուծության համաձայն` 2026թ.-ի 4-րդ շաբաթվա ընթացքում (19.01-25.01.2026թ.) ծանր ՍՇՎ-ով նոր դեպքերի թիվը եղել է 77, որը 60%-ով ավելացել է նախորդ շաբաթվա համեմատ: ԾՍՇՎ-ով դեպքերը կազմել են ընդհանուր հոսպիտալացվածների 8.4%-ը, նախորդ շաբաթվա 5.4%-ի փոխարեն: Հարկ է նշել, որ ընդհանուր դեպքերի 46.7%-ը (36 դեպք) եղել է մինչև 5 տարեկանների, իսկ 53.3%-ը (41 դեպք)` 5-14 տարեկանների շրջանում: Ընդհանուր ԾՍՇՎ-ով 3 հիվանդ (մինչև 5 տարեկան) ընդունվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք:

ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» կենտրոնի հաղորդմամբ, նշված ժամանակահատվածում գրիպի նկատմամբ հետազոտված նոր ԾՍՇՎ դեպքերի թիվը կազմել է 7: 

Կարևոր է ընդգծել, որ ԾՍՇՎ-ով հոսպիտալացվածների շրջանում մահվան դեպքեր չեն արձանագրվել:

Համաձայն պաշտոնական հրապարակումների` Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են շրջանառվել գրիպի АH3N2 և H1pdm09 ենթատեսակի վիրուսները, ինչպես նաև ռինովիրուսի, ադենովիրուսի, պարագրիպի, բոկավիրուսի հարուցիչները։

Հարկ է նշել, որ տարածաշրջանային մակարդակում 2026թ.-ի հունվարի 12-ից 18-ը գրիպի ակտիվությունը գրեթե չի փոխվել` նախորդ շաբաթվա համեմատ: Համաձայն հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի (ECDC) ամփոփած տվյալների` գրիպով հիվանդների հոսպիտալացումների ամենամեծ մասնաբաժինը շարունակում են մնալ 65 և ավելի բարձր տարիքի անձիք: Տարածաշրջանում A (H3) գրիպի վիրուսը շարունակում է մնալ շրջանառվող գերակշռող տեսակը (76%), չնայած հայտնաբերվում է նաև A(H1) վիրուսը (24%): Տարածաշրջանային մակարդակում գրիպի դրական արդյունքով թեստերի թիվը դեռևս գերազարցում է 10% համաճարակային շեմը և կազմել է 32%, գրեթե նույնը ինչ նախորդ շաբաթվա ընթացքում: 27 երկրների դրական թեստերի միջին ցուցանիշը կազմել է 34%, ևս 29 երկրներ հաղորդել են առնվազն 10%:

SARS-CoV-2 վարակի ակտիվության տարածաշրջանային մակարդակը դեռևս ցածր է և կազմումն է 3%:

Շնչառական սինցիցիալ վիրուսի (RSV) ակտիվությունը շարունակում է բարձրանալ` նախորդ շաբաթվա համեմատ, RSV դրական նմուշների մակարդակը կազմել է 9%: Հատկապես բարձրացել է հոսպիտալացված դեպքերի թիվը: Մինչև 5 տարեկան երեխաները դեռևս կազմում են դեպքերի գերակշռող մասնաբաժինը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանում սուր շնչառական վարակներով նոր դեպքերի թիվը նախորդ շաբաթվա համեմատ ավելացել է