Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Օրվա իշխանությունները փորձում են կարգալույծներին բերել բանակում ծառայության․ Նահապետյան
Երեկ Սուրեն Պապիկյանը հրապարակեց ՀՀ ԶՈՒ-ում հոգևոր առաջնորդության մասին կայացրած որոշումը։ Համաձայն որոշման՝ 2026թ․-ի փետրվարի 1-ից դադարեցվում է ՀՀ ԶՈՒ հոգևոր ծառայության առաջնորդի և Հայաստանյաց առաքելական եկեղեցու կողմից նշանակված հոգևոր ծառայողների գործունեությունը ՀՀ ՊՆ համակարգում։ Ինչպես Panorama.am-ի մեկնաբանեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը, կողմից նշանակված հոգևորականներն են հեռացվում հոգևոր ծառայությունից, եկեղեցու իրենց գործառույթներն իրականացնելու պատասխանությունից։ Ըստ փորձագետի՝ այն բաց է Հայ առաքելական եկեղեցու կրթություն ստացածների համար։
«Սա նշանակում է, որ եկեղեցու կողմից Վեհափառ Հայրապետի օրհնությամբ նշանակվածները չեն լինի։ Նման որոշում Սուրեն Պապիկյանը իրավունք չուներ կայացնելու,քանի որ նման որոշում պետք է կայացներ Վեհափառ Հայրապետը, որը չկա։ Եթե չեմ սխալվում՝ կետ, որտեղ ասվում է, որ կարող են այդ գործառույթն իրականացնել այն անձիք, ովքեր մեր եկեղեցու կրթություն են ստացել։ Սա նշանակում է, որ կարգալույծ հոգևորականներին, որոնք տարբեր պատճառներով կարգալույծ են եղել, փորձելու են բերել բանակ՝ իրական գնդերեցների դեմ։ Այդ կարգալույծ հոգևորականները վաղուց գործազուրկ են և լցված են եկեղեցու, Վեհափառ Հայրապետի նկատմամբ ոչ լավ վերաբերմունքով։ Հիմա օրվա իշխանությունները փորձում են կարգալույծներին բերել բանակում ծառայության։ Առավել ևս, որ այդ հրամանը հաջորդեց այն գործողությանը, ըստ որի բանակի ղեկավարությունը փորձում է գնդերեցներին, որպեսզի վերջիններս ըմբոստանան Վեհափառ Հայրապետի դեմ։ Այն տեղի չունեցավ, որից հետո հետևեց այս հրամանը»,- նշեց Հայրապետյանը։
Անդրադառնալով որոշմանը հաջորդող հնարավոր զարգացումներին և ռիսկերին, ռազմական փորձագետը նախ ընդգծեց՝ գնդերեցների բուն գործառույթն արտակազմում առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ ստեղծելն ու ապահովելն է։
«Եթե զինանձնակազմը խնդիրներ ուներ՝ միջանձնային հարաբերություններում, ընտանեկան հարցերում, առաջին «շտապօգնությունը» գնդերեցներն են, որոնք իրապես հասկանում են խնդիրը և լուծումներ են տալիս՝ խորհրդի, հորդորի կամ օգնության տեսքով։ Հիմա, դա հանվել է։ Առանց այն էլ բանակում անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտի վիճակը գնալով վատթարանալու է։ Կարգալույծները, եթե նշանակումներ ստացան, ապա նրանց գործունեությունը ուղղված չի լինելու բանակի անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի բարձրացմանը և մարտական ոգու ամրապնդմանը, որը կարևորագույն էլեմենտ է ցանկացած պետության բանակի համար։ Այսինքն՝ քաղաքական որոշմամբ թուլացվում է բանակը»,- շարունակեց Նահապետյանը։
Փորձագետը զուգահեռ մեջբերեց նաև այն գործողություններն ու որոշումները, որոնք ևս հանգեցնում են բանակի թուլացմանը։
«Բանակն իրավական ակտերով թուլացնում են, թվաքանակը պակասեցվում է։ Ժամկետային զինծառայողների ծառայության ժամկետը 25 %-ով կրճատել են՝ անձնակազմ չլինելու պատճառով և վարժական հավաքների անձնակազմին մարտական հերթապահության դիրքեր բարձրացնելով, որի իրավունքը չկա։ Այս որոշման համար շատերը մոտ ապագայում դատվելու են բավականին խիստ ՝ իշխանափոխությունից հետո, եթե ներկա իշխանությունները չվերարտադրվեն, որովհետև վարժական հավաքներին անդամակցած անձնակազմը չունի անհրաժեշտ հմտություններ, զինվորական ունակություններ՝ տարիներ առաջ բանակում ծառայություն, ֆիզիկական առողջություն, որպեսզի մարտական խնդիր կատարի։ Սա նշանակում է, որ մեր քաղաքացիներին ուղղակի դիրքեր հանելով՝ դնում են զոհասեղանին, եթե ռազմական գործողություններ սկսի։Նախկինում ժամկետային զինծառայողները 18-տարեկան և բավականին առողջ զորակոչված անձնակազմը 4-5ամիս ուսումնական զորամասում ստանում էր զինվորական մասնագիտություն, 1-2ամիս մարտական հերթապահություն իրականացնում զորամասում, ծանոթանում մարտական հերթապահության կանոններին, հակառակորդի քայլերին և այլն։ Հետո նրան վստահվում էր դիրք, մարտական հերթապահություն և զենք։ Այսինքն՝ առնվազն 7-8ամիս, իսկ հիմա այս ընթացքը տևում է ընդամենը 4-5 օր, պատկերացնո՞ւմ եք տարբերությունը։ Խոսքը վերաբերում է և՛ 18-տարեկանին, և՛ արդեն 40-45-տարեկանին, որի առողջական առանձնապես չենք կարող համատել 18 տարեկան առողջ երիտասարդների հետ։ Ահա այսպիսի բանակ են սարքում և այսպիսի մարտական հերթապահություն»,-ասաց Panorama.am-ի զրուցակիցը
Այս ամենին գումարվում է նաև գնդերեցների հետ կապված հարվածը։ Ռազմական փորձագետի համոզմամբ՝ սա Ադրբեջանի, Թուրքիայի պահանջն է։
«Մեր բանակը լուծարելու երկու ձև կա․
1, Ուղղակի ինստիտուտը փակվում է, ինչպես 2018 թ․-ին Փաշինյանը փակեց գյուղնախարարությունը,սփյուռքը և մշակույթը։
2, Երկրորդ ձևն ավելի երկարատև է։ Միանգամից չենք կարող հրամանագրով ասել, որ Հայաստանի բանակին զինված ուժեր պետք չէ, աստիճանաբար են թուլացնում։ Անձնակազմը քչացնում են, պակասեցնում և հետո Ադրբեջանի պահանջների դեպքում՝ հայկական կողմն ասում է՝ բանակի թվաքանակը չափելի չէ ադրբեջանականի հետ և ստիպված մենք պետք է զիջենք»։
Փորձագետը մեջբերում է ՝ 1920 թվականի դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի պայմանագրով մենք բանակ չունեինք և Թուրքիայի զինված ուժերն էին տնօրինում մեր 10 000 քառ․կմ-ը ։ Հիմա էլ այս ձևն է ըտրված։
«Բանակը, որի թիվ մեկ խնդիրը չափման ժամանակ պատերազմական մարտունակությունն է, անգամ Փաշինյանը հստակ չափորոշիչն է վերացրել՝ մարտունակությունը փոխարինելով պաշտպանունակություն բառով, իսկ մարտունակությունը չափորոշիչ է, որով գնահատվում է անձնակազմի մարտունակությունը։ Սա է իրավիճակը՝ «բարի գալուստ 1915 թվականի նախաշեմ»»,- ասաց Նահապետյանը՝ եզրափակելով, որ այն ժամանակ էլ էր աշխարհը վերաբաժանվում, հիմա՝ էլ, իսկ մենք դեռ անպատրաստ ենք։