«Հայաստանը հանձնել է սուվերենությունը. Ռուսաստանը TRIPP-ի հարցով կբանակցի Վաշինգտոնի հետ». քաղաքագետ
Քաղաքական
17:50 02/02/2026
Հայաստան

«Հայաստանը հանձնել է սուվերենությունը. Ռուսաստանը TRIPP-ի հարցով կբանակցի Վաշինգտոնի հետ». քաղաքագետ

Ռուսաստանը իրական բանակցություններ ունենալու է ոչ թե Երևանի, այլ Վաշինգտոնի հետ, քանի որ Հայաստանի իշխանությունը զգալիորեն նվազեցրել է երկրի սուվերենության աստիճանը։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովայի հայտարարությանը՝  TRIPP-ին միանալու պատրաստակամության վերաբերյալ։ 

«Հայաստանի գործող իշխանությունն այնքան է իջեցրել սուվերենության աստիճանը՝ հանձնելով այնտեղ 74%-ի փայաբաժինը ամերիկացիներին, ըստ էության՝ այդ ճանապարհի տերն արդեն ամերիկացիներն են։ Նաև հաշվի առնելով Հայաստանի և Հայաստանի իշխանության քաղաքական կշիռը և կախվածությունը տարբեր աշխարհաքաղաքական կողմերից՝ Ռուսաստանը բանակցելու է ամերիկացիների հետ։ Այդ գլոբալ բանակցությունների մեջ ամբողջ աշխարհով մեկ նաև փաթեթի մեջ կմտնի, թե իրենք իրենց հարաբերությունները ինչպես կտան առաջ։ Զախարովայի հայտարարությունն, այնպես չէ, որ Հայաստանի իշխանությանն է ուղղված»,- ասաց քաղաքագետը։

Հիշեցնենք՝  TRIPP (Թրամփի ուղի) նախագծի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է ուսումնասիրել դրան միանալու տարբերակները՝ հիմնվելով «Ռուսական երկաթուղիներ»-ի փորձի վրա, սակայն անհրաժեշտ է համարում նախևառաջ մանրամասն հետազոտել նախաձեռնության իրականացման և շահագործման բոլոր կողմերը։ Ըստ նրա՝ ռուսական կողմը օպերատիվորեն մշակում է Երևանից ստացվող բոլոր հարցումները, այդ թվում՝ երկաթուղու սահմանամերձ հատվածների վերականգնման վերաբերյալ, և ուժի մեջ է թողնում բոլոր շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ առարկայական խորհրդակցություններ անցկացնելու առաջարկը։

Խոսելով Ռուսաստանի շահերի մասին՝ քաղաքագետը շեշտեց, որ Մոսկվայի համար կենսական է ելքը դեպի Պարսից ծոց և ազդեցության պահպանումը Հարավային Կովկասում։

«Ռուսաստանի համար մեկ շահերը ազդեցությունն է Հարավային Կովկասում և ճանապարհը դեպի Պարսից ծոց։ Մենք չգիտենք Իրանի շուրջ այս տեղի ունեցող գործընթացները ուր կտանեն, բայց անկախ ամեն ինչից՝ փոխադարձ շահագրգռվածությունները մեծ են լինելու։  Դուրս գալ Պարսից ծոց, դա իրենց համար ճակատագրական հարց է այս աշխարհաքաղաքական իրավիճակում՝ հաշվի առնելով, որ Եվրոպայի հետ տնտեսական կապերի մեծ մասն արդեն խզված է, և արդեն իրենց համար կարևոր է Հնդկաստան, Չինաստան, Պարսից ծոց և այլն, այդ ուղղությունները։ Եթե Ռուսաստանը «ԹՐԻՓ»-ում մասնաբաժին է ունենում, ամերիկացիների հետ պայմանավորվում, դա նշանակում է, ինքը ազդեցություն է ձեռք բերում նաև Ադրբեջանի և այդ ճանապարհի վրա»,- մանրամասնեց Դանիելյանը։

Անդրադառնալով ԱՄՆ-ի դիրքորոշմանը և այն հարցին, թե արդյոք Վաշինգտոնը թույլ կտա Ռուսաստանի մասնակցությունը, Դանիելյանը նկատեց, որ Միացյալ Նահանգների հնարավորությունները տարածաշրջանում սահմանափակ են, իսկ TRIPP նախագիծը նրանց համար ընդամենը «խաղաքարտ» է.

«Ամեն ինչ կախված է հնարավորություններից և շահերից։ Միացյալ Նահանգների հնարավորությունները Հարավային Կովկասում սահմանափակված են։ Մենք դա տեսանք նաև Սիրիայում, քրդերին զոհաբերեցին, որովհետև իրենց համար ավելի կարևոր հարցեր կային։  Նույնն էլ այստեղ, Միացյալ Նահանգները պարտավորություններ իրենց վրա չեն վերցրել Հայաստանի անվտանգության հետ կապված և դա փաստաթղթավորված է։ Այս վերջին փաստաթղթում էլ ասում են, որ դա իրավական որևէ հետևանքներ չի կարող ունենալ, որևէ պարտավորություններ չեն ունենում և այդ փաստաթուղթը ուղղակի հուշագիր է։ Եթե Միացյալ Նահանգների շահերը և հնարավորությունները սահմանափակված են այստեղ, բնականաբար ինքը պիտի ունենա պարտնյորներ։ Հարավային Կովկասը կենսական տարածք չէ Միացյալ Նահանգների համար, ուղղակի խաղաքարտ է այդ խաղի մեջ մասնակցելու համար»,- ասաց Դանիելյանը։

Քաղաքագետի համոզմամբ՝ Հայաստանի միակ իրական շահը ուժերի հավասարակշռության վերականգնումն ու անվտանգային երաշխիքների ստեղծումն է, որոնք պետք է հիմնված լինեն հարևան երեք մեծ տերությունների շահերի վրա։

«Հայաստանի շահը, առաջին հերթին, այս իրավիճակում, որում մենք հայտնվել ենք այս գործող իշխանության պատճառով, Հայաստանի անվտանգության հարցն է։ Հայաստանը իր անվտանգությունը կարող է ապահովվել, եթե լինի որոշակի ուժերի հավասարակշռություն, մեզ շրջապատող մեծ երկրների միջև և լինեն երաշխավորներ ստեղծված իրավիճակի համար, մասնավորապես Հայաստանի գոյության համար։ Հիմա այդ երաշխավորությունը պետք է հիմնված լինի շահերի վրա»,- նշեց քաղաքագետը։ 

Նա հիշեցրեց, որ տարածաշրջանն ունի երեք մեծ հարևան՝ Ռուսաստան, Թուրքիա և Իրան, իսկ ԱՄՆ-ն այստեղ հասանելի չէ ո՛չ ռազմական, ո՛չ էլ տնտեսական առումով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հայաստանը հանձնել է սուվերենությունը. Ռուսաստանը TRIPP-ի հարցով կբանակցի Վաշինգտոնի հետ». քաղաքագետ