Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչ ասեմ, եթե խաղաղության գործընթացը Արցախի ներկայացուչության շենքը Ադրբեջանի դրամատիկական թատրոնի վերածելու գործողությունն է, թող այդպես լինի. Երիցյան
«Վեցերորդ անգամ դատարանը մերժել է Արցախի Հանրապետությանը կամ Արցախի կառավարությանը երրորդ անձ ներգրավելու դիմումը»,- ասուլիսում ասաց փաստաբան Ռոման Երիցյանը՝ խոսելով Երևան քաղաքի Նաիրի Զարյան 17/2 հասցեում գտնվող գույքից (ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենք) Արցախի Հանրապետությանը սեփականազրկելու վերաբերյալ ՀՀ դատախազության հայցի հիման վրա քննվող գործի մասին։
Ըստ նրա, դատախազություն դիրքորոշումն այն է, երբ որ Հայաստանի կառավարությունը կայացրել է որոշում, նվիրատվության պայմանագիր չի կնքել այն դեպքում, երբ որ իրավահարաբերության պահին գործող Քաղաքացիական օրենսգրքով պետական իրավասու մարմինների կողմից կայացած ակտերը, այդ թվում ենթակաօրենսդրական ակտերն ու կառավարության որոշումները, հիմք են սեփականության իրավունքի պետական գրանցման համար։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ ՀՀ վարչական դատարանի նախագահ Կարեն Զարիկյանը կտրականապես հրաժարվում է Արցախի Հանրապետությանը կամ ԱՀ կառավարությանը ներգրավել երրորդ անձ՝ փաստացի պատճառաբանելով, որ նրա համար Արցախի Հանրապետություն, ԼՂՀ կառավարություն գոյություն չունեն։
Ռոման Երիցյանը հայտնեց, որ ունեն սեփականության իրավունքի պետական գրանցում, որի հիման վրա Արցախի Հանրապետության կառավարությանը տրվել է սեփականության իրավունքի պետական գրացման վկայական։
«Այդ վկայականում հստակ արտացոլված է, որ գրանցված իրավունքի սուբյեկտ է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, այսինքն որպես սեփականատեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է։ Այս պահի դրությամբ այս շենքը ԼՂՀ կառավարության սեփականությունն է, որը գրանցել է Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինը։
Այսինքն, Հայաստանի լիազոր մարմինը կատարել է սեփականության իրավունքի պետական գրանցում ներկայացուցչության շենքի նկատմամբ։ Դատախազությունն այս հանգամանքը վիճարկում է։
Այս պարագայում վարչական դատարանն այլընտրանք չունի և պարտավոր է վարչական գործին մասնակից դարձնել գրանցված սեփականատիրոջը՝ ԼՂՀ կառավարությանը։ Սակայն տեսնելով, որ դատարանն այս գործողությունը չի ձեռնարկում, միջնորդություն եմ ներկայացրել։
Դատարանն ասում է, որ նման սուբյեկտ չի ճանաչում, նման սուբյեկտ գոյություն չունի, այսինքն ոչ Արցախի Հանրապետությանն է սուբյեկտ համարում, ոչ էլ ԼՂՀ կառավարությանը։ Այսինքն մենք զրկվում ենք մեր լսված լինելու իրավունքից, վարչական դատավարությանը մասնակցելու մեր իրավունքից։ Ըստ այդմ, մենք զրկված ենք մեր դիրքորոշումը ներկայացնելուց»,- ասաց փաստաբանը։
Երիցյանը նշեց, որ այսպես է արվում, որպեսզի եթե դատավոր Զարիկյանը կայացնի հայցը բավարարելու վերաբերյալ վճիռ, ինքը որևէ ձև չկարողանա դա բողոքարկել։
«Քննվում է անձին սեփականազրկելու վերաբերյալ հայց՝ առանց այդ անձին մասնակից դարձնելու»,- ընդգծեց Երիցյանը։
Ըստ նրա, Արցախի Հանրապետության սուբյեկտայնության չընդունման պարագայում Ադրբեջանը կարող է հղում կատարել նման որոշումներին։
«Միգուցե իրենք փորձեն ներկայացել կամ հիմնավորել որպես խաղաղության գործընթաց, բայց, ինչ ասեմ, եթե խաղաղության գործընթացը Արցախի Հանրապետության ներկայացուչության շենքը Ադրբեջանի դրամատիկական թատրոնի վերածելու գործողությունն է, ապա թող այդպես լինի։
Հիշեցնում եմ, որ այս շենքը, ըստ Ադրբեջանի, ժամանակին հանդիսացել է Իրևանում Ադրբեջանի դրամատիկական թատրոնի մշտական տեղակայման վայր, Ադրբեջանի նախագահը անգամ օր է սահմանել ու նշել են Իևանում Ադրբեջանի դրամատիկական թատրոնի, եթե չեմ սխալվում, 120-ամյակը, որին հաջորդել է Հայաստանի ԱԱԾ կողմից իրականացված ուսումնասիրությունն ու համապատասխան զեկուցագիր է ներկայացվել դատախազություն, որի հիման վրա էլ հայց է ներկայացվել Հայաստանի վարչական դատարան»,- ասաց Ռոման Երիցյանը։
Մանրամասն՝ տեսանյությում։