Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
2025-ը բավականին նպաստավոր էր կենսաթոշակային ֆոնդերի համար. «Ամունդի-Ակբա»
«Ամունդի-Ակբա» ընկերության կողմից կառավարվող երեք կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ընդհանուր արժեքը 2025 թվականին կազմել է 750 մլրդ դրամ։ Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց ընկերության գործադիր տնօրեն Ժան Մազեջյանը՝ հավելելով, որ «Ամունդի»-ն, լինելով Եվրոպայի խոշորագույն ներդրումային կառավարիչը, շարունակում է ամրապնդել իր դիրքերը համաշխարհային առաջատար տասնյակում։
Ընկերության գլխավոր ներդրումային տնօրեն Հրայր Ասլանյանը մանրամասնեց, որ միայն 2025 թվականի ընթացքում ֆոնդերն աճել են 185 մլրդ դրամով, որից 75 մլրդը գոյացել է զուտ ներդրումային եկամտից։ Նրա փաստմամբ՝ տարին բավականին նպաստավոր էր կենսաթոշակային ֆոնդերի համար։
«Թե՛ հայաստանյան, թե՛ արտասահմանյան ակտիվները դրական վարքագիծ դրսևորեցին գների աճի առումով, ինչի շնորհիվ տարին փակեցինք 10-12% եկամտաբերության շրջանակում, իսկ պահպանողական ֆոնդի դեպքում այն կազմեց 12%»,- մանրամասնեց Ասլանյանը։
Անդրադառնալով շուկայական դինամիկային, մասնավորապես՝ օգոստոսի 8-ի Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում հռչակագրի ստորագրումից հետո արձանագրված միտումներին, Հրայր Ասլանյանը նշեց, որ պետական պարտատոմսերի շուկայում եկամտաբերության կորի էական անկում է նկատվել։ Ըստ բանախոսի՝ սա պայմանավորված է թե՛ զարգացող շուկաների ընդհանուր տրենդներով, թե՛ ներհայաստանյան գործոններով, ինչպիսիք են ավելցուկային իրացվելիությունը և հռչակագրի ստորագրմամբ ձևավորված դրական ֆոնը։
«Փոխարժեքի կայունությունը և Կենտրոնական բանկի՝ գնաճային սպասումները խարսխելու բարձր կարողությունը հանգեցրել են նրան, որ արտասահմանյան ներդրողների մոտ մեծ հետաքրքրություն և պահանջարկ է առաջացել հայկական պետական պարտատոմսերի նկատմամբ։ Այս հետաքրքրության մեծացման արդյունքում պետական պարտատոմսերը 2025 թվականին գրանցել են 15%-ից ավելի եկամտաբերություն»,- պարզաբանեց նա։
Անդրադարձ կատարվեց նաև առողջապահության ոլորտում հնարավոր համագործակցությանը։ Հրայր Ասլանյանը վերահաստատեց ընկերության պատրաստակամությունը՝ օժանդակելու պետական մարմիններին ֆոնդերի կառավարման հարցում։
«Մենք նախկինում քննարկել ենք պատկան մարմինների հետ հնարավոր գործակցության սահմանները և մեր պատրաստակամությունը հայտնել ենք։ Այս պահին որևէ նոր թարմացում չկա, սակայն մեկ անգամ ևս հաստատում ենք, որ հանձն ենք առնում օգնել ֆոնդերի կառավարման ոլորտում, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա»,- եզրափակեց Ասլանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։