Հայաստանում 12-ամսյա գնաճը 4․3 % է. ԿԲ
Տնտեսություն
12:56 03/02/2026
Հայաստան

Հայաստանում 12-ամսյա գնաճը 4․3 % է. ԿԲ

ԿԲ-ից հայտնում են, որ 2026 թվականի փետրվարի 3-ի նիստում խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6,5%:

Որոշման մեջ ասվում է 2025 թվականի չորրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը դանդաղել է՝ դեկտեմբերին կազմելով 3.3%: Այդ ընթացքում 12-ամսյա բնականոն գնաճն ավելացել է՝ կազմելով 4․3%:

«ԱՄՆ-ում սպառման աճի բարձր տեմպը շարունակում է նպաստել հարաբերականորեն բարձր տնտեսական աճի և գնաճային միջավայրի ձևավորմանը: Այդուհանդերձ, տնտեսական աճի կառուցվածքային առանձնահատկությունները՝ կապված տեխնոլոգիական ոլորտի զարգացումների հետ, ինչպես նաև ֆինանսական ակտիվների գների հնարավոր, հետագա ճշգրտման և աշխատաշուկայի պայմանների թուլացման ռիսկերը կարող են բացասական ազդեցություն ունենալ միջնաժամկետ աճի հեռանկարի վրա: ԱՄՆ-ի առևտրային քաղաքականությունից բխող մակրոտնտեսական ազդեցությունները որոշակիորեն թուլացել են, այդուհանդերձ այն շարունակում է մնալ անորոշության հիմնական աղբյուրներից մեկը: Միջնաժամկետում, ԱՄՆ-ի պետական պարտքի ակնկալվող մեծացման պայմաններում երկարաժամկետ տոկոսադրույքների շուրջ անորոշությունը պահպանվում է»,- ասվում է որոշման մեջ՝ արձանագրելով, որ Հայաստանի հիմնական գործընկեր մյուս երկրներում միջնաժամկետ աճի ու պահանջարկի թուլացման ռիսկերն աստիճանաբար առարկայանում են:

Ըստ ԿԲ խորհրդի՝ նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել, իսկ պարենի համաշխարհային շուկաներից վերջին ամիսներին հիմնականում գնանկումային ազդեցություններ են փոխանցվում, բայց աշխարհաքաղաքական անորոշությունները և միջազգային առևտրային հարաբերություններում լարվածությունը շարունակում են համաշխարհային տնտեսությունում գների բարձր տատանողականության աղբյուր հանդիսանալ:

ՀՀ գլխավոր դրամատան խորհուրդը հավանական է համարում, որ առաջատար երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում հիմնականում կպահպանեն կամ աստիճանաբար կթուլացնեն դրամավարկային պայմանները:

«2025 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվությունն արագացել է: Բարձր տնտեսական ակտիվությանը շարունակել է նպաստել շինարարության և ծառայությունների ճյուղերի բարձր աճը, ինչպես նաև մշակող արդյունաբերության ոլորտում որոշ կարճաժամկետ, ոչ կառուցվածքային գործոնների դերակատարությունը: Պահանջարկի ընթացիկ պայմանների, ինչպես նաև դրա հետագա միտումների վերաբերյալ բարձր անորոշությունը պահպանվում է:

Այս իրավիճակում, ընդհանուր պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա դեռևս գնահատվում է չեզոք, իսկ գնաճի ընթացիկ միտումները մասամբ պայմանավորված են որոշ առաջարկի գործոններով: Զուգահեռաբար՝ մասնավոր աշխատավարձերի աճը, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճը և գնաճային սպասումները շարունակում են դրսևորել կայունացման միտումներ: Կարճաժամկետ հորիզոնում առկա են հարկաբյուջետային քաղաքականության կողմից ներքին պահանջարկի ընդլայնման ռիսկեր:

Մակրոտնտեսական ընթացիկ զարգացումների պայմաններում ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցները, ընդհանուր առմամբ, ակնկալում են, որ ՀՀ կենտրոնական բանկը միջնաժամկետ հորիզոնում աստիճանաբար կնվազեցնի քաղաքականության տոկոսադրույքը մինչև 6.25%:

Քննարկված ռիսկերի և առկա անորոշությունների պայմաններում, մի կողմից՝ Խորհուրդը դիտարկել է Ա տիպի սցենարներ՝ կապված հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությամբ համաշխարհային չեզոք տոկոսադրույքների հնարավոր աճի, ինչպես նաև ներքին տնտեսությունում ավելցուկային պահանջարկի պայմանների ձևավորման հետ, որոնք պահանջում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի բարձր տոկոսադրույքների ուղի։ Մյուս կողմից՝ Խորհուրդը քննարկել է Բ տիպի սցենարներ՝ ներառյալ համաշխարհային տնտեսության աճի դանդաղման հեռանկարի և ՀՀ տնտեսությունում թույլ պահանջարկի միջավայրի ձևավորման ու խորացման վերաբերյալ, որոնք ենթադրում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի ցածր տոկոսադրույքների ուղի:

Արդյունքում՝ հավասարակշռելով վերը նշված երկու ուղղությամբ ռիսկերի կառավարման անհրաժեշտությունը՝ ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց շուկայի սպասումներին համահունչ անփոփոխ թողնել քաղաքականության տոկոսադրույքը։ Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկելու համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3% նպատակի և գների կայունության ապահովման համար»,-ասվում է ԿԲ տարածած որոշման մեջ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանում 12-ամսյա գնաճը 4․3 % է. ԿԲ