Ո՞նց եք պատկերացում՝ մեկը գալիս է, Սիլվային ասում՝ ես Սերժ Սարգսյանի ներկայացուցիչն եմ, էն միլիոնները տվեք ինձ. ՀՀ երրորդ նախագահ
Իրավունք
17:47 03/02/2026
Հայաստան

Ո՞նց եք պատկերացում՝ մեկը գալիս է, Սիլվային ասում՝ ես Սերժ Սարգսյանի ներկայացուցիչն եմ, էն միլիոնները տվեք ինձ. ՀՀ երրորդ նախագահ

«Այն ինչ ընթերցեց դատախազը, իրականությանը չի համապատասխանում, զրպարտութուն է»,- Հակակոռուպցիոն դատարանում դատական նիստի ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նա նշեց, որ որևէ հնցավոր միտում չի ունեցել, այդ հողամասերը վաճառվել են միայն ու միայն մեկ նպատակով՝ ավարտին հասցնելու պաշտպանության նախարարության վարչական համալիրը։

«Ես որտեղ եղել եմ, ծառայել եմ, մշտապես աշխատել եմ առավելագույնն անել աշխատանքային պայմանների բարելավման համար։ Այդպես էլ գործել եմ պաշտպանության նախարարությունում։ Եթե ես ունենային հանցավոր միտում,  կամ ինչպես ասում են՝ խմբակային, անձնական շահեր, ամբողջը կվաճառեի, բա ինչո՞ւ չեմ վաճառել»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Ինչ վերաբերում է երկրորդ դատախազի հայտարարություններին, ՀՀ երրորդ նախագահն ասաց. «Երկրորդ դատախազը ֆանտաստիկ բաներ է ասում, ենթադրություններ, ես ոչ Սիլվա Համբարձումյանին եմ տեսել, ոչ հետը զրուցել եմ, ոչ որևէ միջնորդի միջոցով կապ եմ հաստատել։

Կարծում եմ՝ 2007-2008 թթ.  Հայաստանի քաղաքական իրականությանը շատ թե ծանոթ մեկը, որ լսեր դատախազի ասածը, իբր Վարդան Օսկանյանն ինձ հետ պայմանավորվել է, երևի ծիծաղից կուշաթափվի։ Չէր կարող այդ ժամանակ նման հարաբերություններ լիներ։ Ո՞նց եք պատկերացում՝ մեկը գալիս է, Սիլվային ասում՝ ես  Սերժ Սարգսյանի ներկայացուցիչն եմ, էն միլիոնները տվեք ինձ։ Ավելի աբսուրդ բան կարելի՞ է մտածել»։

Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն: Սերժ Ազատի Սարգսյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա 2000 թվականի մայիսի 20-ից մինչև 2007 թվականի ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածի համաձայն՝ հանդիսանալով ՀՀ կառավարության անդամ, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ իրականացնելով զինված ուժերի անմիջական ղեկավարումը, ՀՀ կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին ՀՀ նախագահի 16.03.2002թ. համար ՀՆ-1064 հրամանագրի համաձայն՝ հանդիսանալով պաշտպանության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականության մշակումն ու իրականացումն ապահովող հանրապետական գործադիր մարմնի ղեկավար, իրավասու է եղել ղեկավարել, կազմակերպել և վերահսկել ՀՀ պաշտպանության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) համակարգի մեջ մտնող մարմինների և կազմակերպությունների գործունեությունը, վերահսկել Նախարարության կողմից պետական գույքի տնօրինումը, տիրապետումը և օգտագործումը, իր իրավասության սահմաններում ընդունել և օրենքով սահմանված կարգով հրապարակել գերատեսչական իրավական ակտեր, արձակել հրամաններ, տալ ցուցումներ, առանց լիազորագրի հանդես գալ Հայաստանի Հանրապետության կամ Նախարարության անունից, ինչպես նաև տալ նշված սուբյեկտների անունից հանդես գալու լիազորագրեր, այդպիսով պետական մարմնում մշտապես իրականացրել է կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ և հանդիսացել է պաշտոնատար անձ:
Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում՝ 25.01.2005 թվականին, ՀՀ կառավարության կողմից ընդունվել է թիվ 147-Ա որոշումը, որով ՀՀ պաշտպանության նախարարությանը թույլատրվել է ուղղակի վաճառքի ձևով օտարել իր տնօրինությանը հանձնված հողամասերը: Հիշյալ որոշումը վավերացվել է ՀՀ նախագահի կողմից 28.02.2005 թվականին:
Այնուհետև, 31.03.2005 թվականին ՀՀ կառավարության կողմից ընդունվել է թիվ 392-Ա որոշումը, որով լրացվել է թիվ 147-Ա որոշումը, լիազորելով ՀՀ պաշտպանության նախարարին տնօրինել Նախարարության տիրապետմանը կամ օգտագործմանը հանձնված (ամրակցված) պետական սեփականություն հանդիսացող հողամասերը, այդ թվում՝ ուղղակի վաճառքի ձևով օտարելու միջոցով։ ՀՀ կառավարության 31.03.2005թ. թիվ 392-Ա որոշումը ՀՀ նախագահի կողմից վավերացվել է 11.04.2005 թվականին:
Սերժ Սարգսյանը 2005-2006 թվականների ընթացքում իր մտերիմների, ենթակաների, պետական մարմիններում պաշտոններ զբաղեցրած, ինչպես նաև այլ ֆիզիկական անձանց և նշված անձանց հետ փոխկապակցված կազմակերպությունների նյութական օգուտն ապահովելու, առավել շահեկան պայմաններով առանց խոչընդոտների գույք օտարելու և ձեռք բերելու շահադիտական նպատակով, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, մի շարք անձանց, այդ թվում՝ Նախարարության համապատասխան պաշտոնյաների հանցակցությամբ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով խախտելով արարքների կատարման պահին գործող ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջները, հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարելու հիմքերի բացակայության պայմաններում, Հայաստանի Հանրապետությանը պատկանող՝ Նախարարության հաշվեկշռում գտնվող և ի պաշտոնե իրեն վստահված Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող տարածքներում գտնվող 17 միավոր անշարժ գույքերն ուղղակի վաճառքի ձևով շուկայական արժեքներից անհամեմատ ցածր գներով օտարել է վերը նշված անձանց՝ այդ կերպ 15 դրվագ վատնման եղանակով և 2 դրվագ յուրացման եղանակով հափշտակելով Հայաստանի Հանրապետությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքերը։

Մեկ այլ գործով Սերժ Ազատի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2007 թվականի հունիսի 7-ից մինչև 2008 թվականի ապրիլի 8-ն զբաղեցնելով ՀՀ վարչապետի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության 87-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՀՀ Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի թիվ ՆՀ-174-1 -Ն հրամանագրի ուժով ղեկավարելով կառավարության գործունեությունը, համակարգելով նախարարների ու նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների ղեկավարների աշխատանքը և կրելով ՀՀ Սահմանադրությանը հետևելու, կառավարության բնականոն գործունեությունն ապահովելու պարտականություններ, ինչպես նաև օժտված լինելով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձի լիազորություններով, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, այլ անձանց հետ հանցակցությամբ, «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի oգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և ապրիլին Սամվել Մայրապետյանի ու իր դստեր՝ Անուշ Սարգսյան-Մինասյանի ամուսնու, այդ ժամանակ ՀՀ վարչապետի ավագ օգնականի պաշտոնը զբաղեցնող Միքայել Մինասյանի օժանդակությամբ Սիլվա Համբարձումյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով` 924.950.000 ՀՀ դրամին համարժեք 2.985.000 ԱՄՆ դոլար կաշառք:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ո՞նց եք պատկերացում՝ մեկը գալիս է, Սիլվային ասում՝ ես Սերժ Սարգսյանի ներկայացուցիչն եմ, էն միլիոնները տվեք ինձ. ՀՀ երրորդ նախագահ