Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Սիրո տոն»՝ ՆԱՄ-ում. գեղանկարչություն՝ համադրված ապակենկարչության հետ
Նարեկացի արվեստի միությունում փետրվարի 9-ին կբացվի «Սիրո տոն» խորագրով ցուցահանդես։ Ցուցահանդեսը միտված է ներկայացնել արդի արվեստը գեղանկարի, ապակենկարչության ժանրերում:
Մանան Գարուկյանի ապակյա ափսեներն ու ծաղկամանները, կերամիկայի և կարտոնի վրա արված թեմատիկ աշխատանքները համադրվելու են Անահիտ Անանյան- Տեմիրճեանի գեղանկարչական աշխատանքների հետ, որոնք կենտրոնացած են սիրո տոների գաղափարի վրա:
Panorama.am-ին ցուցահանդեսի կազմակերպիչ Մանան Գարուկյան հայտնել է, որ ցուցահանդեսի նպատակն է նպաստել հայ երիտասարդների գեղագիտական ճաշակի ձևավորմանը՝ ի բարօրություն հայկական տոնացույցի հանրայնացման:
«Քանի որ արդեն տոնել ենք Սուրբ Սարգսի՝ հայ երիտասարդների Բարեխոսի տոնը և մոտենում է Տյառնընդառաջի տոնը, բարձր գնահատելով հայ երիտասարդների, սիրահարների տոնի խորհուրդը, ցանկանում ենք նոր հայացք ձևավորել մեր արվեստի միջոցով:
Առաջնայինը՝ հայ երիտասարդների համար ստեղծել գեղեցիկ միջավայր և զարգացնել հայեցի մտածողությունն ու հայ եկեղեցու ավանդույթները»,- նշել է Մանան Գարուկյանը։
Ջութակահար, գեղանկարիչ /ապակենկարչություն/ Մանան Գարուկյանը 2002 թ –ից հիմնադրել է «Նոտա» մշակութային –բարեգործական հասարակական կազմակերպությունը, որի նախագահն է մինչ օրս: Համերգներով հանդես է եկել ԱՄՆ / Նյու Յորք,Վաշինգտոն/, Կանադա / Մոնրեալ, Տորոնտո/, ՀՀ մարզերում, ԼՂՀ –ում և այլն:
2016 թ.-ից սկսել է զբաղվել գեղանկարչությամբ՝ մասնավորապես ապակյա ափսեների, ծաղկամանների, զարդերի և կերամիկայի գծով: Նույն թվականին բացել է իր առաջին անհատական ցուցահանդեսը՝ Ժան Պոլ էքզիստենցիալ սրճարանում;
Գեղանկարիչ Անահիտ Անանյան – Տեմիրճեանը 1990 թվականից սկսել է նկարել, որն ունի իր նախապատմությունը: Ունեցել է մի քանի անհատական և խմբակային ցուցահանդեսներ: 2000 թվականից նկարիչների միության անդամ է: