Հայաստանում առաջնային հայտնաբերված պացիենտների թվի 18.4%-ն են կազմում քաղցկեղի 4-րդ փուլ ունեցող պացիենտները. Ավանեսյան
Առողջություն
15:09 04/02/2026
Հայաստան

Հայաստանում առաջնային հայտնաբերված պացիենտների թվի 18.4%-ն են կազմում քաղցկեղի 4-րդ փուլ ունեցող պացիենտները. Ավանեսյան

Քաղցկեղի դեմ պայքարի օրն է: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշում է, որ այս հիվանդության առնվազն 40-60%-ը հնարավոր է կանխարգելել, իսկ բազմաթիվ տեսակներ վաղ փուլում հայտնաբերելու դեպքում՝ լիովին բուժել։ Դրա հիմնական գործիքը սքրինինգն է։

«Մենք ներդրել և ընդլայնում ենք սքրինինգային ծրագրերը` կանխելու.

1. կրծքագեղձի քաղցկեղը,

2. արգանդի պարանոցի քաղցկեղը,

3. կոլոռեկտալ քաղցկեղը:

Սքրինինգային այս ծրագրերը գիտականորեն ապացուցված մեխանիզմներ, որոնք ամբողջ աշխարհում նվազեցնում են քաղցկեղից մահացությունը։

Բայց քաղցկեղի դեմ արդյունավետ պայքարը չէր կարող ամբողջական լինել առանց Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման։

Հետազոտման և բուժման այնպիսի ժամանակակից մեթոդներ, ինչպիսիք են՝ ՊԵՏ/ԿՏ հետազոտումը, նորագույն սարքավորումներով ճառագայթային թերապիան, ռոբոտային վիրաբուժությունը և թանկարժեք արդիական դեղերի հասանելիությունն այսօր իրականություն է Հայաստանի բնակչության համար:

Վերջին 5 տարվա վիճակագրությունը ցույց է տվել Հայաստանում քաղցկեղից մահացության նվազում` 10%ով:

2024 թվականի տվյալներով` առաջնային հայտնաբերված պացիենտների թվի 18.4%-ն են կազմում քաղցկեղի 4-րդ փուլ ունեցող պացիենտները, որը արդյունք է վերջին տարիներին կատարված ծրագրերի:

Համեմատության համար նշեմ, որ 2019 թվականին 4-րդ փուլով պացիենտների մասնաբաժինն ընդհանուր առաջնային հայտնաբերվածների մեջ կազմել է 30.1%:

Ավելին, կրծքագեղձի քաղցկեղ ունեցող պացիենտների 29%-ը հայտնաբերվել է տեղային տարածված և մետաստատիկ փուլերում: 2024 թվականի տվյալներով` տեղային տարածված և մետաստատիկ փուլերում հայտնաբերվածները 15.5% են կազմում»,- գրել է Ավանեսյանը։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանում առաջնային հայտնաբերված պացիենտների թվի 18.4%-ն են կազմում քաղցկեղի 4-րդ փուլ ունեցող պացիենտները. Ավանեսյան