Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Բաքուն այս պահին պարզապես փորձարկում է Հայաստանի շուկան, գնահատում լոգիստիկան և հարկային համակարգը. Մարցինկևիչ
Բաքուն այս պահին պարզապես փորձարկում է Հայաստանի շուկան, գնահատում լոգիստիկան և հարկային համակարգը։ Այս մասին ասաց «Գեոէներգետիկա Ինֆո» վերլուծական ամսագրի գլխավոր խմբագիր Բորիս Մարցինկևիչը Մոսկվա-Երևան տեսակամրջի ընթացքում՝ անդրադառնալով տարածաշրջանային էներգետիկ շուկայի նոր զարգացումներին, մասնավորապես՝ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարումների տնտեսական կողմին։
«Բաքուն կարող է «խաղալ» Հայաստան մատակարարվող բենզինի և դիզվառելիքի գների հետ, որպեսզի, նախքան երկարաժամկետ պայմանագրերի կնքմանն անցնելը, գնահատի հայկական շուկայի հնարավորությունները»,- ասաց նա։
Փորձագետը հորդորեց այս հարցում չփնտրել քաղաքական ենթատեքստեր և իրավիճակին նայել զուտ տնտեսագիտական տեսանկյունից։
«Բաքուն ակնհայտորեն շահագրգռված է սպառման շուկայի ընդլայնմամբ և, բնականաբար, մուտք է գործում փոքր խմբաքանակներով, որպեսզի գնահատի այդ շուկան, գնահատի լոգիստիկան, վճարումների համակարգը, Հայաստանի հարկային համակարգը, տեսնի, թե ինչ արագությամբ կընթանա նավթամթերքով ցիստեռնների շրջանառությունը»,- նշեց Մարցինկևիչը։
Նա նաև անդրադարձավ սոցիալական ցանցերի և ԶԼՄ-ների հայկական հատվածում շրջանառվող տեղեկություններին, թե Ադրբեջանն ինքը նավթավերամշակման հզորությունների կարիք ունի, ինչի պատճառով ստիպված է լինում բենզին ներկրել Ռուսաստանից, և որ հնարավոր է՝ Բաքվից Երևան մատակարարվող նավթամթերքը ռուսական ծագում ունի:
Փորձագետի խոսքով՝ սա չի խանգարում նմանատիպ առևտրային գործարքներին, որոնք աշխարհում ընդունված պրակտիկա են։
«Այն, որ գնում են Ռուսաստանում և մատակարարում Հայաստան, նման դեպքեր աշխարհի ցանկացած երկրում հսկայական քանակությամբ են։ Այստեղ արտառոց բան չկա: Հնարավոր է՝ Բաքվի նավթավերամշակման գործարանի տեխնոլոգիական հնարավորությունները լիովին չեն օգտագործվում. նրանք պարզապես ուսումնասիրում են արտադրությունը ընդլայնելու որոշակի տեխնիկա-տնտեսական հիմնավորումներ՝ «ահա այստեղ մենք կարող ենք դադարեցնել ներմուծումը Ռուսաստանից, նշանակում է, որ մենք կարող ենք այդքան մեծացնել արտադրությունը: Նաև՝ ահա այսպիսի ծավալ կարելի է մատակարարել Հայաստան, գուցե՝ մի քիչ էլ»։ Դե, իսկ հետո հաշվարկվում է՝ ձեռնտու է, թե ոչ», - նշեց «Գեոէներգետիկա Ինֆո» պարբերականի գլխավոր խմբագիրը։
Ասուլիսի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև մատակարարվող բնական գազի որակական հատկանիշներին և ջերմատվությանը։ Մարցինկևիչը պարզաբանել է, որ տարբեր հանքավայրերի գազն ունի տարբեր բաղադրություն, ինչն ուղղակիորեն ազդում է սպառման արդյունավետության վրա։ Օրինակ՝ ռուսական գազում մեթանի պարունակությունը գերազանցում է 90%-ը, մինչդեռ թուրքմենական գազում ազոտի բարձր պարունակությունը նվազեցնում է ջերմատվությունը։
Փորձագետը շեշտեց, որ եթե կենցաղում դա կարող է արտահայտվել սուրճի եփման արագության վրա, ապա արդյունաբերության մեջ որակի փոփոխությունը կարող է խաթարել տեխնոլոգիական պրոցեսները։
«Որակը չպետք է փոխվի։ Եթե դուք լրջորեն որոշեք զարգացնել քիմիական արդյունաբերությունը, ապա այս հարցը ձեզ չափազանց շատ կհետաքրքրի։ Բոլոր երկրներում էլ շատ ուշադիր հետևում են մատակարարվող գազի որակին։ Դա պետք է հստակ իմանալ և իմանալ երկարաժամկետ կտրվածքով»,- եզրափակել է Բորիս Մարցինկևիչը։