Գավառի մանկատան նախկին տնօրենը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ
Իրավունք
13:10 04/02/2026
Հայաստան

Գավառի մանկատան նախկին տնօրենը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ

 Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց միջոցով 2013-2021 թվականների ընթացքում ապօրինի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպության կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպությանն արտոնություններ և առավելություններ տրամադրելու հետ:

Այս մասին հայտնում են կոմիտեից  ու մանրամասնում, որ վերը նշված պաշտոնյան 2015 թվականի նոյեմբերից 2021 թվականն ընկած ժամանակահատվածում, օրենքով սահմանված արգելքին հակառակ, «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի հաշվին կազմակերպել է իր մտերիմ անձանց պատկանող սրճարան-ռեստորանի ջեռուցման, իսկ 2013 թվականից մինչև 2018 թվականի սեպտեմբերը՝ էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարման գործընթացը:

Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (համապատասխանում է 2021 թ. մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 442-րդ հոդվածի 1-ին մասին):

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գավառի մանկատան նախկին տնօրենը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ