Գինը հարցնում են, շիվարած դուրս են գալիս. Ի՞նչ իրավիճակ է ոսկու շուկայում
Տնտեսություն
17:50 04/02/2026
Հայաստան

Գինը հարցնում են, շիվարած դուրս են գալիս. Ի՞նչ իրավիճակ է ոսկու շուկայում

Վերջին 30 տարվա ընթացքում նման ցնցումներ չեն եղել, երբ ընդամենը մի քանի օրվա մեջ ոսկու մեկ գրամի արժեքը կարող է տատանվել տասնյակ դոլարների սահմաններում։ Այս մասին Panorama.am-ի զրույցում ասաց Ոսկու շուկայի աշխատակիցներից մեկը։ 

Վաճառողների ներկայացմամբ՝ մեկ շաբաթվա ընթացքում ոսկու գինը թռիչքաձև աճել է, ապա նույնքան կտրուկ նվազել։ 

«Ոսկին այս մի շաբաթվա ընթացքում աննախադեպ շատ բարձրացել է և նույն կերպ կտրուկ իջել, հիմա այսօր կրկին բարձրացել է։ Բարձրացումը եղել է մինչև 178 դոլար (բարձր հարգի մեկ գրամը), իսկ երկու օրվա ընթացքում իջել է 148 դոլարի։ Մի գրամի մեջ 30 դոլարի տատանում է տվել. այդպիսի բան վերջին 30 տարվա ընթացքում չէր եղել»,- Panorama.am-ի հետ զրույցում նշեց վաճառողներից մեկը։

Այս տատանումներն անմիջականորեն հարվածել են գնորդների գրպանին և կանգնեցրել առևտուրը։ Շուկայի աշխատողները փաստում են, որ նույնիսկ պատրաստի զարդերի դեպքում գնային տարբերությունն ակնհայտ է։ 

«Այս զարդը ընդամենը երեք օր առաջ արժեր 200,000 դրամ, հիմա արժի 250,000 դրամ։ Պատկերացրեք՝ երեք օրվա մեջ 50,000 դրամի տարբերություն։ Եթե համեմատենք հոկտեմբեր ամսվա հետ, այն ժամանակ 150,000 դրամ արժեցող զարդն այսօր 250,000 է։ 100,000 դրամի տարբերություն է տալիս»,- ասաց նա։

Տոնական առիթներն ու ծիսական միջոցառումները նույնպես չեն փրկում իրավիճակը։ Չնայած Տրնդեզի առիթով սպասվող ակտիվությանը՝ մարդիկ նախընտրում են ձեռնպահ մնալ գնումներից։ 

«Առևտուրը շատ վատ է, կանգնած է։ Մարդիկ մոտենում են, գինը հարցնում ու շիվարած դուրս գալիս։ Եթե նախկինում հարսանիք գնալիս ոսկի էին տանում, հիմա նախընտրում են գումար տանել։ Համ ոսկին է թանկացել, համ արծաթը, ու մենք անորոշության մեջ ենք»,- ասաց շուկայի մեկ այլ վաճառող։

Սակայն շուկայում ամենամեծ շոկը կապված է արծաթի գնի հետ։ Վաճառողների խոսքով՝ արծաթի գնի նման «գերաճն» ուղղակի աբսուրդ է, և թանկացման տեմպերով այն նույնիսկ գերազանցել է ոսկուն։ 

«Արծաթի գնի բարձրացումը աբսուրդ է։ Եթե համեմատենք ոսկու թանկացման հետ, արծաթն ավելի շատ է թանկացել։ Նախկինում գրամը 700-950 դրամ էր, այսօր մեզ ներմուծողները տալիս են 2000-2200 դրամով։ Բա մենք ինչքանո՞վ վերավաճառենք։ Հաճախորդը մոտենում է, երբ լսում է, որ գրամը 2500 դրամ է հաշվվում՝ փախնում է։ Մարդիկ ասում են՝ ավելի լավ է դրա տեղը մի հատ փոքր ոսկի կուլոն առնեմ»,- պատմում են ոսկերիչները։

Մանրամասները՝ տեսանյութերում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գինը հարցնում են, շիվարած դուրս են գալիս. Ի՞նչ իրավիճակ է ոսկու շուկայում