Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պարոն Զոհրաբյան, համեստություն ցուցաբերեք, ես անձի հոգևոր կարգավիճակը ժխտելու խնդիր չունեմ. Դատավոր
Վերաքննիչ քրեական դատարանում (դատավորներ՝ Է.Մանասյան, Ն.Հովակիմյան և Վ.Մարգարյան) Միքայել Սրբազանին դիմավորեցին ծափահարություններով։ Ներկաները հետաքրքրվեցին Սրբազանի առողջական վիճակով։
Դատական նիստի մեկնարկին նախագահող դատավորը, դիմելով Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ասաց. «Պարոն Աջապահյան, ոտքի կանգնեք»։
Սբազանի պաշտպան Արա Զոհրաբյանը դատավորին հիշեցրեց Աջապահյանի բարձրաստիճան հոգևորական լինելու մասին, խնդրեց այդ հանգամանքը հաշվի առնելով դատավորը դիմի Սրբազանին։
Ի պատասխան, դատավորն ասաց. «Դատարանին քաջ հայտնի է պարոն Աջապահյանի կարգավիճակը, բայց հաշվի առնելով, որ Քրեական դատավարության օրենսգրքով է դատավարությունն իրականացվում, պետք է քրեական դատավարության տիրության տիրույթում մնան։ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված է «մեղադրյալ» տերմինը, ես այս պարագայում դիմում եմ պարոն Աջապահյանով։ Հոգևոր վիճակն այս իրավիճակում կապ չունի»։
Զոհրաբյանն առաջարկեց, գոնե դիմել արքեպիսկոպոս Աջապահյան, եթե չի ցանկանում դիմել «Սրբազան հայր»-ով։
«Եթե դատարանը չի ցանկանում պատշաճ հարգանքը ցուցաբերել հոգևորականի նկատմամբ, դրանից ...»,-ասաց պաշտպանը։
«Պարոն Զոհրաբյան, համեստություն ցուցաբերեք դատարանի ու դատավարության բոլոր մասնակիցների նկատմամբ։ Ես անձի հոգևոր կարգավիճակը ժխտելու խնդիր չունեմ։ Ես Ձեզ դա հավաստիացնում եմ»,-ասաց նա։
«Այդ դեպքում դիմեք միայն ազգանունով»,-առաջարկեց Զոհրաբյանը։
«Շատ լավ։ Աջապահյան, ոտքի կանգնեք»,-արձագանքեց դատավորը՝ ընթերցելով Սրբազանի անձնական տվյալները։
Դատավորը հետաքրքրվեց Միքայել Սրբազանի առողջական վիճակով, հետաքրքրվեց՝ մասնակցության հետ կապված խնդիրներ կա՞ն։ Սրբազանի պատասխանը բացասական էր, նա թույլ տվեց՝ տեսաձայնագրել ու ուղիղ հեռարձակել դատական նիստը։
Միքայել Սրբազանի պաշտպանները դիմել են Վերաքննիչ դատարան՝ խնդրելով ամբողջությամբ բեկանել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչել և հռչակել Գերաշնորհ Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի անմեղությունը։
Հիշեցնենք, որ 2025-ի հոկտեմբերի 3-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դատավոր Արմինե Մելիքսեթյանի որոշմամբ, Միքայել Սրբազանը դատապարտվել է 2 տարի ազատազրկման։ Հանրային մեղադրողը պահանջում էր 2.5 տարի ազատազրկում։
Հիշեցնենք, Միքայել Սրբազանին մեղադրում են իշխանության զավթման կոչի համար, արքեպիսկոպոսը մեղադրանքը չի ընդունում և այս ամենը քաղաքական հետապնդում է որակում։