Մենք զարգացրել ենք Խաչատուր Սուքիասյանի բիզնեսը, 30 տարուց ավելի ինքը մեզնով վարձատրվել է. «Ռոսիա» մոլի աշխատակիցներ
Հասարակություն
11:35 05/02/2026
Հայաստան

Մենք զարգացրել ենք Խաչատուր Սուքիասյանի բիզնեսը, 30 տարուց ավելի ինքը մեզնով վարձատրվել է. «Ռոսիա» մոլի աշխատակիցներ

«30 տարուց ավելի մարդիկ այստեղ աշխատել են։ Թող վերանորոգեն, ոչ մեկ դեմ չէ, նույնիսկ վարձը մի քիչ բարձրացվի, բայց հետո էլի մարդիկ կարողանան գալ ու այստեղ շարունակել իրենց առևտուրը»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ռոսիա» մոլի աշխատակիցներից մեկը։

Հիշեցնենք, որ  առևտրի կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են անում։ Նրանց ասել են, որ տարածքը վերանորոգվելու է, իսկ իրենք կարող են տեղափոխվել «Երևան» տոնավաճառ։  

«Մեզ ասել են՝ գնացեք, «Երևան» տոնավաճառ կանգնեք, այստեղ ռեմոնտ ենք անում, հետո տարածքտ տալու ենք ուրիշին։ Արդյո՞ք արժի 3-4 բրենդի համար այսքան ժողովորդի թողնել անգործ»,- նշեցին ակցիայի մասնակիցները։  

Նրանք ասացին, որ իրենք 25-30 տարի «Ռոսիա»-ում են առևտուր անում, արդեն ունեն իրենց հաճախորդները, և չեն կարող նրանց ասել՝ «եկեք «Երևան» տոնավաճառ»։

«Մենք զարգացրել ենք Խաչատուր Սուքիասյանի բիզնեսը։ Սա էլ է իրենը։ 30 տարուց ավելի ինքը մեզնով վարձատրվել է։ Ինչ որ ունի, այստեղի աշխատողների շնորհիվ է»,- նշեց աշխատակիցներից մեկը։

Մեկ այլ աշխատակից նշեց. «Ես աշխատում եմ դերձակ։ 30 տարի իրենց գումար եմ տվել, աշխատել եմ, այսօր ասում են՝ դուրս եկեք, ձեր համար ձեր հարցերը լուծեք։ «Երևան» տոնավաճառն էլ ասում է՝ մենք դերձակի տեղ չունենք։ Լավ, այդ դերձակն ո՞ւր գնա»։ 

Նրանք նշում են. «Եթե մենք այդքան բրենդասեր ժողովուրդ ենք, կարելի էր բրենդների համար այլ տարածք տրամադրել զուտ բրենդ գնողների համար»։ 

Աշխատակիցների պահանջն է՝ գոնե մեկ տարի ժամանակ տան իրենց, քանի որ իրենք վարկեր ունեն, ներդրումներ են արել ապրանք գնելու համար, իսկ հիմա չգիտեն՝ ինչ են անելու։ 

«Իրենցն են, իրենց սեփականությունն է, բայց չէ՞ որ 30 տարի... Մի քիչ մեզ ընդառաջեն, գոնե որոշակի ժամանակ աշխատենք, այդ ընթացքում մարդիկ կմտածեն իրենց հաջորդ քայլերի մասին։ Իսկ մեկ ամիսում մարդիկ չեն կարող կողմնորոշվել՝ ինչ անել, ուր գնալ»,- ասաց աշխատակիցներից մեկը։

Աշխատակիցները դիմում-նամակ հանձնեցին տնօրինությանը՝ խնդրելով, պահանջելով իրենց աշխատանքից չզրկել, քանի որ դեմ են «Երևան» տոնավաճառ տեղափոխվելուն։  

Առևտրի կենտրոնի ներկայացուցիչն ասաց, որ այս աշխատողներին դուրս չեն հանում, իրենց տեղավորում են ուրիշ տեղ։ Նա նաև նշեց, որ պատասխան տվողը ինքը չէ՝ տնօրեններն են, սեփականատերերն են։

Մանրամասն՝ տեսանյութերում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մենք զարգացրել ենք Խաչատուր Սուքիասյանի բիզնեսը, 30 տարուց ավելի ինքը մեզնով վարձատրվել է. «Ռոսիա» մոլի աշխատակիցներ