Տնօրենները «վարչական ճնշմամբ» թույլ չէին տալիս այլ բժիշկների վիրահատություններ կատարել. Արսեն Թորոսյան
Քաղաքական
13:30 05/02/2026
Հայաստան

Տնօրենները «վարչական ճնշմամբ» թույլ չէին տալիս այլ բժիշկների վիրահատություններ կատարել. Արսեն Թորոսյան

Առողջապահական հաստատությունների տնօրեններն այլևս չեն զբաղվի կլինիկական գործունեությամբ՝ բացառությամբ հոգեբուժական կազմակերպությունների։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հարցին։

Արսեն Թորոսյանը, կիսելով նախարարի մոտեցումը կադրային բազան ընդլայնելու և տնօրենների ընտրության հարցում միայն մասնագիտական հանրույթով չսահմանափակվելու վերաբերյալ, հետաքրքրվեց նախկինում գործող այն կարգավորմամբ, որը տնօրենին թույլ էր տալիս զբաղվել բժշկական գործունեությամբ, եթե կենտրոնում (հատկապես մարզերում) համապատասխան մասնագետ չկար։ 

Առողջապահության նախկին նախարարը հիշեցրեց, որ ժամանակին բազմաթիվ ահազանգեր են եղել, որ այդ հնարավորությունը չարաշահվում էր տնօրենների կողմից․ «Վարչական ճնշման միջոցով իրենք անում էին և թույլ չէին տալիս այլ բժիշկներ տեղերում անեն վիրահատություններ կամ բուժումներ, և կարծես այդպես անհավասար պայմաններ էին լինում»։

Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով տնօրենների կողմից բժշկական գործունեություն ծավալելու հարցին, պարզաբանեց, որ բացառություն է սահմանվել միայն հոգեբուժական հաստատությունների համար՝ պայմանավորված մասնագետների  մեծ դեֆիցիտով և փորձաքննությունների հանձնաժողովներում ներգրավվածությամբ։

«Քաղաքականությունը խոշորացման և կառավարման հատվածը բժշկական մասնագիտական գործունեությունից առանձնացնելու արդյունքում այս խնդիրն էլ չենք ունենա։ Մեր փորձառու մասնագետները, լինելով բուժգծով պատասխանատուներ, կարողանալու են իրականացնել նաև կլինիկական գործունեություն։ Մենք կնպաստենք, որ փորձառու բժիշկները կաշկանդված չլինեն զրկվելու կլինիկական գործունեությունից, բայց նաև գործադիր մարմնի ղեկավարը այլևս կաշկանդված չէ, որ լինի միայն բժիշկ»,- նշեց Ավանեսյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տնօրենները «վարչական ճնշմամբ» թույլ չէին տալիս այլ բժիշկների վիրահատություններ կատարել. Արսեն Թորոսյան