Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
2026 թվականի հունվարը Հայաստանի սպառողների համար սկսվել է զգալի գնաճով։ Հանրապետությունում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի շուկայում արձանագրվել են մտահոգիչ թվեր. նախորդ տարվա հունվարի համեմատ գներն աճել են 5.9%-ով, իսկ միայն դեկտեմբերի նկատմամբ մեկ ամսվա աճը կազմել է 4.3%։
Գնաճային ճնշումը հավասարաչափ չի բաշխվել հանրապետության տարածքում։ Դիտարկվող բնակավայրերում գների աճը տատանվել է 3.2-6.2%-ի սահմաններում։ Գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Գավառում, իսկ մայրաքաղաք Երևանում սննդամթերքի գների մակարդակն աճել է միջին հանրապետականին համահունչ՝ 4.3%-ով։
Մսամթերքի շուկայում արձանագրվել է երկնիշ գնաճ։ 2025-ի հունվարի համեմատ՝
-
Գառան միս՝ +14.1%
-
Խոզի միս՝ +13.1%
-
Տավարի միս՝ +12.8%
-
Թռչնամիս՝ +4.5%
Կտրուկ թանկացումներ են գրանցվել նաև ձվի շուկայում՝ տարեկան կտրվածքով 11.7%, ընդ որում՝ միայն դեկտեմբեր ամսվա համեմատ գինն աճել է 3.5%-ով։ Կաթնամթերքի ոլորտում ևս գրեթե բոլոր ապրանքատեսակները թանկացել են 5-9%-ով, որտեղ առաջատարը թթվասերն է՝ 8.9% աճով։
Ամենակտրուկ թանկացումը նկատվել է կակաոյի շուկայում. մեկ տարում գինն աճել է անհավանական 36%-ով։ Դրան հետևում են շոկոլադը՝ 12.7% և սուրճը՝ 9.0% աճով։ Նշենք, որ կակաոյի ու շոկոլադի շուկայում բարձր աճը սկսել էր դեռ նախորդ տարվա սկբիզց միջազգային շուկայում։
Թեև տարեկան կտրվածքով բանջարեղենը նույնիսկ էժանացել է 2.9%-ով, սակայն ամսական դինամիկան ցույց է տալիս սեզոնային կտրուկ թռիչք։ Միայն դեկտեմբերի համեմատ բանջարեղենը թանկացել է 21.7%-ով, իսկ միրգը՝ 11.0%-ով։
Այս երկու ապրանքախմբերի միջին կշռված գնաճը մեկ ամսում կազմել է 17.57%։ Լինելով սպառողական զամբյուղի կարևոր մաս (8.55%)՝ դրանք նպաստել են ընդհանուր գնաճի աճին 1.46 տոկոսային կետով։
Հացահատիկային արտադրանքի մեջ ամենամեծ աճը գրանցել է հնդկացորենը՝ 10.2%։ Մակարոնեղենը թանկացել է 8.2%-ով, հաճարը՝ 6.5%-ով։ Յուղերի և ճարպերի շուկայում մարգարինի գինն աճել է 9.8%-ով, իսկ կարագինը՝ 7.3%-ով։
Գների փոփոխությունը 2026թ. հունվարին (2025թ. հունվարի նկատմամբ)

Ընդհանուր գնաճի ֆոնին արձանագրվել են եզակի գնանկումներ։ Մասնավորապես, դեկտեմբերի համեմատ հրուշակեղենն էժանացել է 0.1%-ով, իսկ «Խեկ» տեսակի ձուկը՝ 1.9%-ով (չնայած տարեկան կտրվածքով ձկան այս տեսակը թանկացել է 24.6%-ով)։
2026-ի մեկնարկը վկայում է սպառողական զամբյուղի էական թանկացման մասին, որտեղ առաջնային անհրաժեշտության ապրանքների (միս, ձու, կաթնամթերք) գների աճը կարող է լուրջ սոցիալական ճնշում ստեղծել բնակչության համար:
Անժելա Պողոսյան