Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մեքենաները ջարդվում են, ոտքով գնալ էլ հնարավոր չէ. Փոսերի մասին ահազանգում են երևանցիները
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի տարածքում գործող արտադրամասերի աշխատակիցները Panorama.am-ի խմբագրությանն են տրամադրել լուսանկարներ 1-ին փողոցից։
Նրանք նշում են, որ տարիներ շարունակ այս ճանապարհը չի ասֆալտապատվել, հատկապես տեղումներից հետո եղած փոսերն ավելի են խորացել, լայնացել։ Դրանց հետևանքով մեքենայով տեղաշարժվելը դարձել է նյարդայնացնող, վնասաբեր ու գրեթե անհնար։
Փոսերի հետևանքով վնասվում են մեքենաները, ոտքով քայլել ընդհանրապես հնարավոր չէ ցեխի, մայթերի ու տրանսպորտի բացակայության հետևանքով։
«Բոլորիս մեքենաների հետ խնդիրներ են առաջացել։ Ինչքա՞ն կարելի է թաղապետարանի անգործության հետևանքով մենք վճարեն, խնդիրները վերացնենք։ Բազմաթիվ անգամներ դիմել ենք քաղաքային իշխանություններին, սակայն մինչ օրս ոչ հարթեցում, ոչ ասֆալատապում չի արվել։ Խայտառակ, անմարդկային էս վիճակը ինչքա՞ն կարող է շարունակվել»,-բարկացած հարցնում է լուսանկարները խմբագրությանը տրամադրած քաղաքացին։
Հիշեցնենք, որ դեռ հունվարի կեսերին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը երևանյան փոսերից դժգոհող քաղաքացիներին հավատացրել էր՝ առատ ձյան և անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով Երևանի մի շարք փողոցների ասֆալտբետոնե ծածկերի վրա առաջացել են փոսեր, եղանակային պայմանների բարելավումից հետո կմեկնարկեն Երևանի փողոցների փոսային նորոգման հիմնական աշխատանքները։
Խմբագրություն ահազանգած քաղաքացիները հույս ունեն, որ այս անգամ իրենց բողոքին ականջալուր կլինեն, հատկապես երբ արդեն տեղումներ չկան, առաջիկա օրերն էլ արևային են։


