Երևանի հռչակած բալանսավորման քաղաքականության արդյունքում ՀՀ տարածքում բախվելու են արտաքին առաջատար դերակատարների հակադիր շահերը. Այվազյան
Քաղաքական
15:59 07/02/2026
Հայաստան

Երևանի հռչակած բալանսավորման քաղաքականության արդյունքում ՀՀ տարածքում բախվելու են արտաքին առաջատար դերակատարների հակադիր շահերը. Այվազյան

«Այս մոդելի կիրառման արդյունքում մեր երկրի փոքր տարածքում հատվում են և անխուսափելիորեն բախվելու են արտաքին առաջատար դերակատարների հակադիր շահերը»,-«Միասին»-ի «Հայաստանի անվտանգային մարտահրավերները» թեմայով կազմակերպած քննարկմանն ասաց ՀՀ արտաքի գործերի նախկին նախարար Արա Այվազյանը՝ անդրադառնալով պաշտոնական Երևանի հռչակած բալանսավորման քաղաքականությանը, որի հիմքում դրված է գաղափար, որ Հայաստանը պետք է կախված լինի բազմաթիվ արտաքին կենտրոններից։

Ըստ նրա, մի կողմից այս մոտեցումը պարունակում է  Հայաստանը տարածաշրջանային դիմակայության էպիկենտրոն վերածելու լրջագույն վտանգ, մյուս կողմից լայն հնարավորություններ է ընձեռում արտաքին ազդեցության համար։

«Արդյունքում արտաքին քաղաքականությունը դադարում է լինել ներքինի բնականորեն շարունակություն, իսկ ներքին գործընթացները դառնում են արտաքին ակնկալիքների, սպասումների թելադրանք կամ ճնշման պատանդ։ Սա ուրիշ ճանապարհ է դեպի ռազմավարական սուբյեկտայնության կորուստ»,- ասաց Ա.Այվազյանը։

Ըստ նրա, եթե այսօրվա գործող քաղաքական ուղին տանում է  դեպի խորացող խոցելիություն, ապա այլընտրանքը պահանջում է սկզբունքորեն այլ ռազմավարական մոտեցում։

«Այս քաղաքականության առաջին և հիմնական տարրը դա ներքին կայունությունն ու դիմակայությունն է։ Մեր ավտանգությունը սկսվում է ներսից, մեր փոքր երկիրը պետք է ունենա ռազմավարական խորություն, ինչի տակ հասկանում եմ քաղաքական, ինստիտուցիոնալ, տնտեսական, ռազմական, տեխնոլոգիական, տեղեկատվական, հոգեբանական կարողությունների զարգացում և մոբիլիզացում։ Առանց ներքին առանցքի որևէ երկիր չի կարող արդյունավետորեն պաշտպանել ինքն իրեն և չի կարող դիտարկվել որպես հուսալի գործընկեր»,- ասաց նախկին նախարարը։

Նրա ներկայացմամբ, զսպման քաղաքականության երկրորդ տարրը իրատեսական և գործուն դաշիքների ստեղծումն է։

«Այս համատեքստում կառանձնացնեի Ռուսաստանը, որի հետ պետք է վերագործարկել այլ բովանդակության ռազմավարական համագործակցություն, ավելի լայն տարածաշրջանային իմաստով խորացնել մեր ռազմավարական փոխգործակցությունը Իրանի հետ՝ նպատակ ունենալով ստեղծել Հայաստան-Իրան-ՌԴ ռազմավարական եռանկյունի։ Այս գաղափարը հետզհետե բյուրեղանում է  և Թեհրանում, և Մոսկվայում»,- ասաց Ա. Այվազյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երևանի հռչակած բալանսավորման քաղաքականության արդյունքում ՀՀ տարածքում բախվելու են արտաքին առաջատար դերակատարների հակադիր շահերը. Այվազյան