Դարբնիկում բնակվող փախստական ընտանիքները մտահոգված են. ինչո՞ւ են բնակարանների համար պարտադրում նոր պայմանագրեր
Հասարակություն
16:45 07/02/2026
Հայաստան

Դարբնիկում բնակվող փախստական ընտանիքները մտահոգված են. ինչո՞ւ են բնակարանների համար պարտադրում նոր պայմանագրեր

Տարիներ շարունակ Մասիս խոշորացված համայնքի Դարբնիկ բնակավայրում բնակվող փախստական ընտանիքները կանգնած են անորոշության առջև՝ կապված բնակության իրավունքը սահմանափակող նոր պայմանագրերի հետ։ Շենքի բնակիչ, 27-ամյա Աննա Եղիազարյանը, ով 10 անդամից բաղկացած ընտանիքի հետ ապրում է շենքում հատկացված երկու սենյակներում, Panorama.am-ի հետ զրույցում պատմեց, որ խնդիրներն սկսվել են փետրվարի 4-ին, երբ իրենց են այցելել «Օթևան» ՊՈԱԿ-ից։

Ըստ բնակչի՝ իրենց տեղեկացրել են, որ միգրացիոն ծառայությունից բնակֆոնդը փոխանցվել է ԱՍՀ նախարարությանը, և այժմ անհրաժեշտ է կնքել նոր պայմանագրեր։

«15 տարի բնակվել ենք այս շենքում, տարբեր տեղից մարդիկ կան՝ Իրաքից, Բաքվից... ութ բնակիչ միայն Բաքվից փախստականներ են։ 15 տարի մեզ ոչ մեկը չի եկել, ասել՝ դուրս եկեք կամ մնացեք, ոչ մեկ չի նեղացրել մեզ։ Բայց հիմա պայմանագրի մեջ նշված է, որ մենք մեկ տարի կարող ենք ապրել այստեղ, իսկ մեկ տարի հետո ոչինչ չի նշվում, թե ինչ պետք է արվի»,- նշեց Աննան։

Բնակիչների մտահոգությունն առավել է սրվել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ստացված պատասխանից հետո, որտեղ հաստատել են պայմանագրի կնքման պարտադիր լինելը։ Աննայի խոսքով՝ իրենց զգուշացրել են, որ չկնքելու դեպքում կգան և «օրենքի ուժով ստիպողաբար դուրս կհանեն»։ Պայմանագրի առաջին կետն, ըստ նրա, հստակ սահմանում է, որ մեկ տարի հետո սենյակը պետք է հանձնվի այնպես, ինչպես ստացել են։

«Ընտանիքում 10 անդամ ենք, ունենք երկու հատկացրած սենյակ... հինգ անդամ ապրում են մեկ սենյակում, հինգ անդամով՝ կողքի սենյակում։ Երեք անչափահաս երեխա ես ունեմ, և երկու անչափահաս էլ ունի տալս։ Լուրեր կան, որ երկուշաբթի գալու են պայմանագրերը վերցնեն, և եթե չներկայացնենք, 48 ժամվա ընթացքում դուրս հանեն»,- ավելացրեց նա՝ շեշտելով, որ բնակիչներն արդեն իսկ բողոքի ակցիաներ են կազմակերպում։

Ի պատասխան բարձրացված աղմուկի՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանդես է եկել պաշտոնական պարզաբանմամբ՝ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները որակելով իրականությանը չհամապատասխանող։ Նախարարությունը վստահեցրել է, որ որևէ ընտանիքի բնակարանից դուրս գալու պահանջ չի ներկայացվել։ Ըստ պաշտոնական պարզաբանման՝ նոր պայմանագրերի կնքումը պայմանավորված է բացառապես իրավական փոփոխություններով. «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի լուծարումից հետո փախստականների կացարանով ապահովման ծառայությունները վերապահվել են «Օթևան» ՊՈԱԿ-ին։ Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել ծառայությունների մատուցումը համապատասխանեցնել ՀՀ օրենսդրության պահանջներին։

Նախարարությունը նաև տեղեկացրել է, որ տվյալ ընտանիքների հետ նախատեսվում է հանդիպում, որի ընթացքում կտրվի ստեղծված իրավիճակի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն և անհրաժեշտ պարզաբանումներ։

Panorama.am-ի հարցին ի պատասխան` արդյոք պայմանագրում կա կետ, ըստ որի 1 տարի անց բնակիչները պետք է հանձնեն բնակարանները, նախարարությունից արձագանքեցին. «Որևէ մեկին դուրս գալու պահանջ չի ներկայացվել: Սոցիալական բնակարանի էությունն այն է, որ այդտեղ խոցելի խմբերի մարդիկ են ապրում, իսկ պայմանագրի ժամկետի էությունը այն է, որ պարբերաբար գնահատենք, եթե ընտանիքը համապատասխանում է, ապա կշարունակի ապրել այնտեղ»։

Գլխավոր նկարը՝ «Սպուտնիկ Արմենիա»-ից

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դարբնիկում բնակվող փախստական ընտանիքները մտահոգված են. ինչո՞ւ են բնակարանների համար պարտադրում նոր պայմանագրեր