Գոհար Մելոյան. Ինչպե՞ս է համատեղվում Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության «անխոչընդոտ» լինելը ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հետ
Քաղաքական
22:56 08/02/2026
Հայաստան

Գոհար Մելոյան. Ինչպե՞ս է համատեղվում Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության «անխոչընդոտ» լինելը ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հետ

«Վաղը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի սպասվող այցի առանցքում օգոստոսի 8-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված Թրամփի ուղին է: Թրամփի ուղու և «ԹՐԻՓՓ» զարգացման ընկերության հետ կապված նրբությունները և հարցերը բազմաթիվ ու բազմապիսի են»,-գրում է «Մեր Ձևով» շարժման անդամ, սահմանադրական  իրավունքի փորձագետ Գոհար Մելոյանը։

Նա շարունակում է.

«Դրանց մասին խոսել ենք և դեռ խոսելու ենք!
 

Էական հիմնահարցերից երկուսն են՝

1. «Անխոչընդոտ» հաղորդակցության մեկնաբանությունը

Ինչպես օգոստոսի 8-ի եռակողմ հայտարարությունը, այնպես էլ՝ հունվարի 14-ին հրապարակված Թրամփի ուղու իրականացման շրջանակը (TIF) հստակ սահմանում են, որ Թրամփի ուղին իրականացվելու է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սուվերենության պահպանմամբ։

Միևնույն ժամանակ, այս 2 փաստաթղթերն էլ հստակ մատնանշում են, որ Թրամփի ուղու միջոցով ստեղծվելու է անխոչընդոտ կապ Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ի՞նչ է նշանակում և ի՞նչ է ենթադրում «անխոչընդոտ» ձևակերպումը։

Ինչո՞վ է «անխոչընդոտ» հաղորդակցությունը տարբերվում, օրինակ, Հայաստանի տարածքով Իրանից Վրաստան մարդկանց, մեքենաների և բեռների սովորական փոխադրումից։

Եվ հարցն այստեղ front office–back office գործառույթների մասին չէ։

Այստեղ առաջանում է ողջամիտ հարց՝ ինչպե՞ս է համատեղվում Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության «անխոչընդոտ» լինելը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սուվերենության պահպանման հետ։

Այս հարցը, անկասկած, դեռ պետք է մանրամասն պարզաբանվի, իսկ դրա բովանդակությունը՝ հստակեցվի ապագայում ընդունվելիք իրավական ուժ ունեցող փաստաթղթերում։

2.Արդյո՞ք «Թրամփի ուղին» կարող է դառնալ Միջին միջանցքի և Տրանս-Կասպյան առևտրային երթուղու իրական բաղկացուցիչ մաս, թե՞ այն ընդամենը կծառայի Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ կապ ապահովելուն ։

Արդյո՞ք Հայաստանի տարածքով անցնող որևէ միջազգային երթուղի իրականում կարող է կապել Չինաստանն ու Միջին Ասիան Թուրքիայի և Եվրոպայի հետ՝ դառնալով Վրաստանի տարածքով արդեն երկար տարիներ շահագործվող Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղու կամ ավտոմոբիլային ճանապարհների իրական մրցակցային այլընտրանք։

Պետք է արձանագրել, որ Հարավային Կովկասում Միջին միջանցքն արդեն գործում է և անցնում է Ադրբեջանի ու Վրաստանի տարածքով։ Այս իրողությունը լուրջ հիմնավոր մտահոգություններ է առաջացնում, որ «Թրամփի ուղին» չի դառնալու Միջին միջանցքի և Տրանս-Կասպյան առևտրային երթուղու էական բաղադրիչ, այլ սահմանափակվելու է բացառապես Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ կապի ապահովմամբ։

Այսինքն՝ արդյո՞ք հայ հանրությանը ներկայացվող այս «մեգանախագիծը» իրականում նախատեսված է միայն Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցություն ապահովելու համար, թե՞ այն իրապես ունի պոտենցիալ դառնալու Միջին միջանցքի լիարժեք և մրցունակ մաս»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գոհար Մելոյան. Ինչպե՞ս է համատեղվում Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության «անխոչընդոտ» լինելը ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հետ