Հարգելի դատարան, նա չի պատկերացնում՝ ինչի՞ մասին է խոսքը. Արամ Սարգսյանի կուսակցի հայտարարությունը զարմացրեց Կաթողիկոսի եղբոր գործով դատավորին ու դատախազին
Իրավունք
16:45 09/02/2026
Հայաստան

Հարգելի դատարան, նա չի պատկերացնում՝ ինչի՞ մասին է խոսքը. Արամ Սարգսյանի կուսակցի հայտարարությունը զարմացրեց Կաթողիկոսի եղբոր գործով դատավորին ու դատախազին

Արմավիրի մարզի քրեական վերքննիչ դատարանում դատավոր Գևորգ Մանուկյանի գլխավորությամբ մեկնարկեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու՝ Համբարձում ու Գևորգ Ներսիսյանների  գործով դատական նիստը։ Դատարանն այս փուլում իրականացնում է վկանների հարցաքննություն։ Որպես վկա այսօր հարցաքննվում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի կուսակից, Վաղարշապատի քաղաքապետի ընտրություններում քաղաքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանը։

«Անկեղծ ասած, կյանքումս չեմ տեսել և անձնապես չեմ ճանաչում»,-ասաց Հարություն Մկրտչյանն ի պատասխան դատավորի այն հարցի, թե ինչ փոխհարաբերություններ ունի վարույթի մասնակիցների հետ։

Պաշտպանական կողմը դատարանից խնդրեց վկայից պարզել, թե ինչու նախորդ դատական նիստերին Հ. Մկրտչյանը չի ներկայացել նիստերին, ինչի հետևանքով նիստերը չեն կայացել։

«Խնդիրը կապված է իմ անձնական պրոբլեմ,ներով, ֆորսմաժորային իրավիճակի մեջ եմ եղել այս օրվա նիստին, դա է պատճառը, որ չեմ կարողացել ներկա գտնվել նիստին։ Առողջական խնդիր ընտանիքի անդամներից մեկի մոտ, որը ավելի հրատապ եմ գնահատել ու կարևոր, քան դատական նիստը»,-ասաց Հ. Մկրտչյանը։

Նա նշեց, որ այս գործով որպես վկա իրեն ներգրավվելը հարցեր է առաջացրել, քանի որ նախաքննության փուլում որևէ կերպ ներգրավված չի եղել։

«Նախաքնության ընթացքում չե՞ք հարցաքննվել»,-զարմացավ դատավորը։

«Ոչ»,-ասաց Արամ Սարգսյանի կուսակիցը։

«Քրեական վարույթի նյութերում առկա է Ձեր կողմից տված ցուցմունք»,-արձագանքեց դատավորը։

«Որտե՞ղ»,-հարցրեց Հ. Մկրտչյանը։

Հանրային մեղադրողը հետաքրքրվեց, հ. Մկրտչյանը չի՞ հրավիրվել ՔԿ։ «Հանրապետություն» կուսակցության անդամն ասաց, հրավիրվել է քննիչի մոտ, երբ ՔԿ է հրավիրվել իր գլխավորած համամասնական ցուցակի 5-րդ համարը՝ Գառնիկ Ղազարյանը։

«Հարգելի մեղադրողներ, ես ուզում եմ, որ դուք ներկայացնեք, թե ես ինչ ցուցմունք եմ տվել, որ ես տեղյակ չեմ»,-ասաց Մկրտչյանը։

Ի պատասխան հանրային մեղադրողն ասաց, առկա է ցուցմունքի արձանագրությունը։

«Հարգելի դատարան, նա չի պատկերացնում՝ ինչի՞ մասին է խոսքը»,-ասաց հանրային մեղադրողը։

Պաշտպանն էլ խնդրեց՝ վկային հարցնել, արդյո՞ք պատկերացնում է, թե ինչի մասին է ցուցմունքը։

Դատալեքսում հրապարակված մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն, Գևորգ Ներսիսյանը մեղադրվում Է հանրորեն վտանգավոր այն արարքի համար, որ նա խմբի կազմում խոչընդոտել է նախընտրական քարոզչության կատարմանը:

Գառնիկ Սուրենի Ղազարյանը, հանդիսանալով 2025 թվականի նոյեմբերի 16-ին կայանալիք Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին որպես մասնակից գրանցված «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակի գրանցված թեկնածու, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված նախընտրական քարոզչության ժամանակահատվածում՝ 2025 թվականի նոյեմբերի 1-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով, նախընտրական քարոզչություն իրականացնելու՝ ընտրողների հետ հանդիպելու, ինչպես նաև ավտոերթ իրականացնելու նպատակով, կուսակցության աջակից Լիանա Գեորգիի Ղահրամանյանի հետ ժամանել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ բնակավայր:

Ընտրողների հետ հանդիպման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ կատարելուց՝ Ոսկեհատ բնակավայրի Բարեկամության փողոցի թիվ 26- րդ հասցեում «Հանրապետություն» կուսակցության նախընտրական քարոզչական պաստառները տեղադրելուց հետո, մինչև կուսակցության մյուս գրանցված թեկնածու Հարություն Տիգրանի Մկրտչյանի ժամանելը, Գառնիկ Ղազարյանը, նախընտրական քարոզչություն կատարելու՝ քարոզչական տպագիր նյութեր տարածելու նպատակով շրջել է Ոսկեհատ բնակավայրի Գ.Լուսավորիչ փողոցում: Ժամը 14:00-ի սահմաններում, Ոսկեհատ բնակավայրի, Գ.Լուսավորիչ փողոցի 4-րդ տան բնակիչ Համբարձում Գևորգի Ներսիսյանը, իրենց տան մոտ հանդիպելով Գառնիկ Ղազարյանին և տեղեկանալով, որ վերջինը իրականացնում է նախընտրական քարոզչություն՝ տարածում է քարոզչական տպագիր նյութեր, ինչպես նաև տեղեկանալով, որ նշված կուսակցության «Հանրապետություն» կուսակցության վերաբերյալ թեկնածու Հարություն Մկրտչյանը նախընտրական քարոզչություն կատարելու՝ ընտրողների հետ հանդիպելու նպատակով նույնպես ժամանելու է Ոսկեհատ բնակավայր, նախընտրական քարոզչության կատարմանը խոչընդոտելու ուղղակի դիտավորությամբ, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել «Հանրապետություն» կուսակցության թեկանածու Հարություն Մկրտչյանի հասցեին, Գառնիկ Ղազարյանին պահանջել է հեռանալ՝ նշելով նաև, որ Հարություն Մկրտչյանը չի մտնելու Ոսկեհատ բնակավայր: Այդ ընթացքում, Համբարձում Ներսիսյանի հայրը՝ Ոսկեհատ բնակավայրի, Գ.Լուսավորիչ փողոցի փողոցի 4-րդ տան բնակիչ Գևորգի Գրիգորի Ներսիսյանը, լսելով Գառնիկ Ղազարյանի և Համբարձում Ներսիսյանի զրույցը և մոտենալով նրանց, գիտակցելով Համբարձում Ներսիսյանի կողմից կատարվող գործողությունների բնույթն ու վտանգավորությունը, միանալով նրան, փոխլրացնելով նրա գործողությունները, նախընտրական քարոզչության կատարմանը խոչընդոտելու ուղղակի դիտավորությամբ հայհոյանքներ ու անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով Գառնիկ Ղազարյանի հասցեին՝ նույնպես պահանջել է հեռանալ: Չցանկանալով վիճաբանել Համբարձում և Գևորգ Ներսիսյանների հետ, հետագա բարդություններից խուսափելու նպատակով, դադարեցնելով նախընտրական քարոզչությունը՝ քարոզչական տպագիր նյութեր տարածելը, Գառնիկ Ղազարյանը վերադարձել է նախընտրական քարոզչական պաստառների տեղադրման վայր՝ Ոսկեհատ բնակավայրի Բարեկամության փողոցի թիվ 26-րդ հասցե, որից հետո կատարվածի մասին տեղեկացրել է կուսակցության մյուս թեկանածու Հարություն Շարունակելով վերջնական արդյունքին ուղղված գործողությունները՝ Համբարձում Ներսիսյանը «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, իսկ Գևորգ Ներսիսյանը «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով, շրջել են «Հանրապետություն» կուսակցության նախընտրական քարոզարշավի իրականացման՝ ընտրողների հետ հանդիպման նախապես որոշված վայրում՝ Ոսկեհատ բնակավայրի Բարեկամության փողոցի թիվ 26-րդ հասցեում, որի ընթացում Գևորգ Ներսիսյանը նաև իջնելով ավտոմեքենայից զրուցել է «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանի հետ հանդիպմանը սպասող անձանց հետ, որից հետո նշված անձիք հեռացել են: Որոշ ժամանակ անց նախընտրական քարոզչության՝ ընտրողների հետ հանդիպման համար, Ոսկեհատ բնակավայրի Բարեկամության փողոցի թիվ 26-րդ հասցե է ժամանել Հարություն Մկրտչյանը, սակայն, արդեն իսկ տեղյակ լինելով կատարվածի մասին, հետագա հնարավոր բարդություններից խուսափելու նպատակով, Գառնիկ Ղազարյանի հետ որոշել են չկատարել նախապես պլանավորված նախընտրական քարոզչության՝ ընտրողների հետ հանդիպման մասը և ավտոերթ իրականացնելով՝ հեռացել են Ոսկեհատ բնակավայրից։ Այսպիսով, Գևորգ Ներսիսյանը գործողություններով խոչընդոտել են 2025 թվականի նոյեմբերի 16-ին կայանալիք Համբարձում Ներսիսյանը իրենց Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Հանրապետություն» կուսակցության թեկնածուների՝ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ բնակավայրում նախապես պլանավորված նախընտրական քարոզչության կատարմանը:

Գևորգ Գրիգորի Ներսիսյանին մեղսագրվում է հանցանքի կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հարգելի դատարան, նա չի պատկերացնում՝ ինչի՞ մասին է խոսքը. Արամ Սարգսյանի կուսակցի հայտարարությունը զարմացրեց Կաթողիկոսի եղբոր գործով դատավորին ու դատախազին