20 տարի չենք շեղվել մեր սկզբունքներից. Դավիթ Երեմյան
Տնտեսություն
13:00 11/02/2026
Հայաստան

20 տարի չենք շեղվել մեր սկզբունքներից. Դավիթ Երեմյան

«20 տարի՝ սիրով Հայաստանին». այս կարգախոսով «Երեմյան» ընկերությունների խումբը մեկնարկում է իր գործունեության հոբելյանական 20-րդ տարին։

Երեմյան ընկերությունների խումբն աշխատում է երեք ուղղությամբ՝ հյուրընկալություն, մասնավորապես ռեստորանային բիզնես, գյուղատնտեսություն, մասնագիտական կրթություն։ Մարդ, որակ, նորարարություն։ Հենց այս երեք արժեսյուների վրա էլ հիմնված է Երեմյան ընկերությունների խմբի գործունությունը։

Լրագրողների հետ հանդիպմանը «Երեմյան» ընկերությունների խմբի մարկետինգի և PR դեպարտամենտի տնօրեն, գլխավոր տնօրենի տեղակալ, կառավարման խորհրդի անդամ Լուսինե Երեմյանն ասաց, որ գործունեության 20 տարիների ընթացքում կարողացել են պահպանել իրենց որդեգրած սկզբունքները, արժեքները, ըստ արժանվույն ներկայացել սպառողներին՝ պահպանելով առաջատարի դիրքերը։

«Մենք կանգնած ենք հյուրընկալության ոլորտի ակունքներում։ Մեր առաջնային նպատակները բավականին հստակ են եղել՝ վերհանել ազգային խոհանոցը, ներկայացնել հայկական մշակույթը, նպաստել տուրիզմի զարգացմանը, դիրքավորել հայկական խոհանոցն աշխարհի զբոսաշրջության գաստրոքարտեզում»,- նշեց նա։

Ընկերությունը 20-ամյա գործունեության ընթացում  ունի գրանցած հաջողություններ, որոնց մասին են վկայում Հայաստանում բավականին զարգացած հյուրընկալության ոլորտը։  2006 թվականից Երեմյան ընկերությունների խումբը հիմնադրել է 19 ռեստորան՝ սկսած արագ սննդից մինչև բարձր հեղինակային խոհանոցով ռեստորան։ Ընկերությունը ներկայացնում է եվրոպական, միջերկրածովյան, իտալական, ճապոնական, հայկական ազգային խոհանոցները։ Այս տարիներին հյուրընկալության ոլորտում ունեցել է 15 միլիոն հյուր, ստեղծել և հեղինակել է 150-ից ավելի ուտեստներ, այժմ իր ռեստորաններում ներկայացնում է 1000-ից ավելի ուտեստ։  

«Հյուրընկալության ոլորտում ընկերության բարձրակետն է համարվում Ռենոմե ռեստորանը։ Այն նաև աշխարհում եզակիներից է՝ որպես հենց հայկական բարձր հեղինակային խոհանոց»,- ասաց Լ. Երեմյանը։

Հյուրընկալության ոլորտում ընկերությունն ամենախոշոր գործատուն և հարկատուն է։

Գյուղատնտեսության ոլորտում Երեմյան ընկերությունների խումբը գործունեություն է  ծավալում 2019 թվականից նորարարական «Սերմից՝ սեղան» հայեցակարգով, որով ամբողջությամբ վերահսկվում է բարձրորակ կաթի ստացման ճանապարհը՝ սկսած կերարտադրությունից, կիթի գործընթացից, կաթի մշակումից մինչև պատրաստի արտադրանքի տեղափոխումը քաղաքի վաճառակետերը։ «Երեմյան» կաթն ամբողջությամբ ձերբազատված է մարդկային կամ արտաքին որևէ ազդեցությունից՝ երաշխավորելով անարատ և վիտամիններով հարուստ արտադրանք։

«Գյուղատնտեսության ոլորտում մեր նպատակը պարզապես հերթական կաթնամթերքի տեսականի արտադրելը չի եղել, մեր նպատակն է  եղել հասարակության և մեր ապագա սերնդի համար ստեղծել առողջ և անվտանգ սնունդ, ձևավորել առողջ սննդային սովորույթներ, կաթ խմելու մշակույթ, զարգացնել գյուղատնտեսությունը, աջակցել համայնքային զարգացմանը՝ այս ամենով նպաստելով երկրում պարենային անվտանգությանը»,- ասաց Լ.Երեմյանը։

Ընկերությունն այսօր ունի 2 խելացի ֆերմա՝ 2500 գլուխ մաքրացեղ կովով և 6000 գլուխ խոզով, ժամանակակից գործարան՝ կաթնամթերքի և պահածոների վերամշակմամբ, ապահովում է պրեմիում կաթնամթերքի մասնաբաժնի 60 տոկոսը։ Ընկերությունն ունի մանկական կաթի վկայական, միակ կաթնամթերքն է Հայաստանում, որի գերժամանակակից գործարանն ունի սննդի անվտանգության FSSC 22000 սերտեֆիկացում, A կարգի վկայական։  Որպես գյուտ գրանցվել է ընկերության կողմից արտադրված չիչխանի ուտելու և խմելու յոգուրտը։

2019 թվականից Երեմյան ընկերությունների խումբը գործունեություն է  ծավալում նաև մասնագիտական կրթության ոլորտում՝ ստեղծելով Երեմյան խոհրարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիան։ 7 տարիների ընթացքում ակադեմիան ստեղծել է 70-ից ավելի դասընթացներ, ունեցել 2500-ից ավելի ուսանող, որոնց 90%-ն այսօր աշխատում է հյուրընկալության ոլորտում։

Այսօր Երեմյան ընկերություններն ընդհանուր ունեն 2600 աշխատակից։

Երեմյան ընկերությունների խմբի գործունեության 20-ամյակին նվիրված ասուլիսին մասնակցեց Երեմյան ընկերությունների խմբի հիմնադիր, գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը։ Նա նախ թվարկեց իրենց հիմնական սկզբունքները՝ դնել ճիշտ նպատակ, հետևողական լինել նպատակներին ու բարձր պահել այն նպատակները, արժեքները, որոնք ի սկզբանե դրված են եղել իրենց առջև։

«Հեշտ ոչինչ չի լինում, բայց կան սկզբունքներ, որոնք ի սկզբանե՝ 2006 թվականից դրվել են, ու մենք դրանցից չենք շեղվել մինչ օրս։ Մեր թիմի անդամները կիսում են այդ սկզբունքները»,- ասաց Դ. Երեմյանը։

«Գյուղատնտեսության, կաթնամթերքի ոլորտում նկատեցինք խնդիրներ, բացեր և գիտակցված մուտք գործեցինք այդ ոլորտ։ Սկսեցինք գործունեություն ծավալել «Սերմից՝ սեղան» հայեցակարգով, քանի որ պետք էր որակյալ կաթնամթերք արտադրել. որակյալ կաթը կարևոր է առողջ հասարակություն ունենալու համար։ Ոլորտում ամեն տարի մենք բախվում ենք նոր խնդիրների, սակայն միասնական աշխատանքի արդյունքով լուծումներ ենք գտնում, գնում ենք մեր նպատակի հետևից։ Մենք հասնելու ենք նրան, որ Հայաստանում կաթնամթերքի արտադրությունը, գնային քաղաքականությունը կարգավորվի»,- ասաց Դ.Երեմյանը։

Ինչ վերաբերում է ընկերության գործունեության մյուս ոլորտին՝ հյուրընկալությանը, Դ. Երեմյանն ասաց. «Մեզ համար կարևոր է եղել որակով ներկայանալ մեր հյուրերին։ Կարևոր և հետաքրքիր խոսույթ ունենք մեր թիմով՝ եթե գալիս են մեր ռեստորան ու գոհ են հեռանում, նշանակում է՝ գոհ են գնում նաև Հայաստանից։ Այդ միտքը եղել է թիմի բոլոր անդամների գիտակցության մեջ»։

«Խոհարարն ուղղակի եփող-չափող չէ, նաև ստեղծագործ է, խոհարարներն ամեն ժամ մեծ աշխատանք են կատարում, որպեսզի մեր հյուրերը վայելեն իրենց հանգիստը։ Սպասարկողն ուղղակի տանող-բերող չէ, այլ մթնոլորտ ստեղծող է։ Այս սկզբունքները շատ մեծ փոփոխություն են մտցրել նաև սպառողների մեջ»,-նշեց Երեմյանը։

Երեմյան ընկերությունների խմբի ներդրման արդյունքն է նաև, որ այսօր Երևանը, հայկական խոհանոցն իր տեղն ունի աշխարհի զբոսաշրջության գաստրոքարտեզում։

«Ճամփորդելիս  հաճախ եմ առնչվում այլ երկրների ռեստորանային մշակույթներին, և կարող եմ ասել, որ Երևան քաղաքը վստահորեն կարող է կանգնել աշխարհի լավագույն ռեստորանային քաղաքների կողքին։ Մենք չենք զիջում ռեստորանային,  խոհարարական կոնցեպտներով մեծ և հայտնի քաղաքներին, ինչ-որ տեղ նաև առավելություններ ունենք։ Մեր աշխատասիրությունը, կրեատիվ մոտեցումները մեզ թույլ են տալիս մի փոքր ավելի առաջ լինել մյուսներից»,- ասաց ընկերության հիմնադիրը։

Դ. Երեմյանը նաև նշեց, որ 2019 թվականից իրականացնում են «Սնունդ բանակին» ծրագիրը. «44-օրյա պատերազմի ժամանակ մեր ամբողջ թիմը սնունդ է հասցրել զինվորներին։ Ինձ հետ միասին մեր ամբողջ թիմը ներգրավված է եղել այդ պրոցեսում, եղել է առաջնագծում»։

Երեմյան ընկերությունների խումբը, նրա խոսքով, մշտապես կարևորել է պետության հետ համագործակցությունը։

«Բիզնեսը տնտեսությանն օգուտ է տալիս։ Պետությունը նաև պետք է բիզնեսին աջակցի, որպեսզի բիզնեսը կարողանա ծրագրերը կյանքի կոչել։ Մենք ունենք այդ օրինակը»,- ասաց գործարարը։

Դավիթ Երեմյանը հայտարարեց, որ, ընդհանրապես, ինչ ծրագիր էլ նախաձեռնել են, դրանք բոլորը կապված են Հայաստանի զարգացման, նոր արժեքներ ստեղծելու հետ, դրանց նպատակն է նպաստել Հայաստանի զարգացմանը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
20 տարի չենք շեղվել մեր սկզբունքներից. Դավիթ Երեմյան