Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Լուկաշենկոն չի ընդունել Խաղաղության խորհրդի նիստին մասնակցելու հրավերը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրավեր է ստացել մասնակցելու Խաղաղության խորհրդի ղեկավարների առաջին հանդիպմանը, սակայն Բելառուսի ղեկավարի ժամանակացույցն արդեն կազմվել է, և երկիրը կներկայացնի արտգործնախարար Մաքսիմ Ռիժենկովը։ Այդ մասին «Պուլ Պերվի» թելեգրամյան ալիքով հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը։
«Այո, Բելառուսի նախագահը հրավեր է ստացել մասնակցելու Խաղաղության խորհրդի ղեկավարների առաջին հանդիպմանը։ Ցավոք, մենք այն ուշացումով ստացանք»,-նրա խոսքերն է մեջբերում Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը մոտ կանգնած թելեգրամյան ալիքը։
Էյսմոնտը նշել է, որ բելառուսական կողմը «հաշվի է առնում հնարավոր լոգիստիկ դժվարությունները, որոնք կարող են առաջանալ անօրինական պատժամիջոցների պատճառով, առաջին հերթին՝ Եվրամիության կողմից, հաշվի առնելով ԵՄ-ի օդային տարածքի փակումը»։
«Այս առումով, և մեր ցանկություններին հակառակ, նախագահը չի կարողանա մասնակցել այս միջոցառմանը։ Այնուամենայնիվ, ես կցանկանայի ընդգծել, որ մենք լիովին կիսում ենք ԱՄՆ նախագահի և Խաղաղության խորհրդի հանձնառությունը՝ խաղաղ ճանապարհով լուծելու բոլոր համաշխարհային հակամարտությունները»,-հավելել է Էյսմոնտը։
Նրա խոսքով՝ Մինսկը Վաշինգտոնում կներկայացնի Ռիժենկովը, «ով լիովին ներգրավված է Բելառուսի Հանրապետության Խաղաղության խորհրդում մասնակցության և տարածաշրջանային իրավիճակի ու երկկողմ բելառուսա-ամերիկյան հարաբերությունների հետ կապված այլ հարցերի մեջ»։ Ամերիկյան կողմն արդեն տեղեկացված է այս որոշման մասին։
Հունվարի 22-ին 19 երկրների ներկայացուցիչներ Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում ստորագրեցին Գազայի հատվածում խաղաղության կարգավորման շրջանակներում ստեղծված Խաղաղության խորհրդի կանոնադրությունը։ Վաշինգտոնը հայտարարեց, որ կազմակերպությանը միացել են նաև այլ պետություններ։ Խաղաղության խորհուրդը ստեղծվել է Իսրայելի և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման միջև Գազայի կառավարման վերաբերյալ համաձայնագրի հիմքով, սակայն ենթադրվում է, որ այն կաշխատի նաև այլ տարածաշրջաններում հակամարտությունների կանխարգելման և լուծման ուղղությամբ։