Փորձում են ԱԺ ընտրություններից առաջ վախի մթնոլորտով թիմում պառակտում մտցնել, մարդկանց լռեցնել. Սևակ Խաչատրյան
Քաղաքական
14:07 11/02/2026
Հայաստան

Փորձում են ԱԺ ընտրություններից առաջ վախի մթնոլորտով թիմում պառակտում մտցնել, մարդկանց լռեցնել. Սևակ Խաչատրյան

«Վաղ առավոտից տոտալ բռնաճնշումներ են «Հաղթանակ» դաշինքի ավագանու թեկնածուների, ցուցակում ընդգրկված անձաց, համալիրների, աջակիցների նկատմամբ, խուզարկություններ են տեղի ունենում, դրանց հետևում են ձերբակալությունները»,- ասուլիսում ասաց Վաղարշապատի ավագանու «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը:

Ըստ նրա, անհասկանալի մի մթնոլորտ է ստեղծվել, երբ ընտրություններից մի քանի ամիս անց նման որոշում են կայացնում։

«Կարծում եմ՝ սա ՔՊ-ական վախերն են Վաղարշապատից։ Երևի թե հունիսին սպասվող Ազգային ժողովի ընտրությունների հետ կապ ունի. փորձում են մարդկանց ճնշել, վախեցնել, մթնոլորտ ստեղծել, որ ով ընդդիմադիր հայացք ունենա, ենթարկվելու է բռնաճնշումների, ձերբակալությունների։ Չեմ կարծում սա իրենց ուզած ցանկալի արդյունքը տալու է»։  

Հիշեցնենք՝ ՔԿ-ից հայտնել են, որ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքի ավագանու ցուցակում ընդգրկված Ս.Դ.-ն, Ն.Օ.-ն և նույն դաշինքի աջակիցներ Ա.Ա.-ն և Մ.Մ.-ն նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող մի շարք անձանց ուղղորդել են քվեարկել դաշինքի օգտին` այդ կերպ խոչընդոտելով անձնական ընտրական իրավունքի ազատ իրականացմանը: Նախաքննության ընթացքում 7 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը): 6 անձ ձերբակալվել է՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար:

Ս. Խաչատրյանն ասաց. «Ի՞նչ է նշանակում՝ թեկնածուն քարոզչական շրջանում քարոզչություն է իրականացրել ու ասել՝ ձայնը տվեք մեր դաշինքին։ Ես ինքս բազմաթիվ հրապարակային ելույթների, բնակիչների հետ հանդիպման ժամանակ կոչ եմ արել  ձայնը տալ «Հաղթանակ» դաշինքին։ Այս հոդվածով կարելի է յուրաքանչյուր մարդու ձերբակալալել, կալանավորել։

Բացառում եմ որևէ ապօրինություն ավագանու մեր թեկնածուների, մեր շտաբում ընդգրկված ակտիվ անդամների կողմից։ Եթե լիներ, ի՞նչ եք կարծում, ընտրություններից ամիսներ անց, հունիսին սպասվող ընտրություններից առաջ տեղի կունենայի՞ն այս բռնաճնշումները։ Իհարկե, ոչ, տեղի կունենային հենց այդ պահին կամ 1-2 օր անց։ Այս մարդիկ երկար ժամանակ փորձել են գործեր կարել, չեն կարողացել, չի ստացվել, այսպես անհեթեթ փորձում են Ազգային ժողովի ընտրություններից առաջ վախի մթնոլորտով թիմում պառակտում մտցնել, մարդկանց լռեցնել, տեսել են, որ ընդդիմությունը բավականին մեծ թվով ձայներ ունի»։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փորձում են ԱԺ ընտրություններից առաջ վախի մթնոլորտով թիմում պառակտում մտցնել, մարդկանց լռեցնել. Սևակ Խաչատրյան