Ինչո՞վ կարող են վարակվել մարդիկ խանութում հագուստ, կոշիկ փորձելու հետևանքով
Առողջություն
16:03 11/02/2026
Աշխարհ

Ինչո՞վ կարող են վարակվել մարդիկ խանութում հագուստ, կոշիկ փորձելու հետևանքով

Նոր հագուստ կամ կոշիկ փորձելը կարող է դառնալ մաշկային և բակտերիալ վտանգավոր վարակների պատճառ, եթե չպահպանվեն հիգիենայի տարրական կանոնները։ Մասնագետները նախազգուշացնում են, որ ցանկացած իր, որը շփվում է մաշկի հետ, կարող է կրել նախորդ փորձողների թողած միկրոօրգանիզմները, քանի որ խանութներում կամ շուկաներում առկա հագուստը լվացված չէ, իսկ պահեստներում սանիտարական նորմերը հաճախ խիստ թերի են, հայտնում MIR24.TV.-ն։

Հանդերձարաններից կարելի է «տուն տանել» սնկային հիվանդություններ, դերմատիտներ, ֆոլիկուլիտներ և նույնիսկ քոս ու ոջլոտություն։ Վարակը հաճախ փոխանցվում է ոչ թե հենց կտորի, այլ կեղտոտ ձեռքերի միջոցով, երբ հանդերձարանների մակերեսներին դիպչելուց հետո մարդիկ հպվում են դեմքին կամ աչքերին՝ առաջացնելով նույնիսկ վիրուսային կոնյուկտիվիտ։

Այս վտանգներից պաշտպանվելու համար մասնագետները հորդորում են երբեք չփորձել հագուստը մերկ մարմնի վրա։ Ներքնաշորը, լողազգեստը, թոփերն ու մայկաները պարտադիր պետք է փորձել միայն սեփական հագուստի վրայից՝ օգտագործելով բամբակյա բարակ շապիկը որպես պաշտպանիչ շերտ։ 

Նույն զգուշավորությունը պետք է ցուցաբերել գլխարկների և կոշիկների դեպքում. գլխարկ փորձելիս խորհուրդ է տրվում օգտագործել թեթև գլխաշոր, իսկ կոշիկների պարագայում՝ հաստ գուլպաներ, քանի որ կոշիկի ներսի խոնավ և տաք միջավայրը իդեալական է սնկերի բազմացման համար։ Հատկապես զգույշ պետք է լինեն այն մարդիկ, ովքեր մարմնի վրա ունեն քերծվածքներ, ճաքեր կամ ցան, քանի որ վնասված մաշկը վարակի համար բաց «դարպաս» է։

Գնումն ավարտելուց հետո կարևոր է հիշել, որ նոր իրը չի կարելի հագնել առանց նախնական մշակման։ Պարտադիր է իրականացնել լվացք և ջերմային մշակում, ինչը 100% դեպքերում վերաբերում է ներքնաշորերին, մանկական հագուստին և մարզահագուստին։ Բացի այդ, խանութից դուրս գալիս անհրաժեշտ է ձեռքերը մշակել հակասեպտիկով, իսկ տուն գալիս՝ լվանալ նաև ոտքերը, եթե կոշիկ եք փորձել։ 

Այս կանոնները կենսական նշանակություն ունեն հատկապես թույլ իմունիտետով կամ շաքարային դիաբետով մարդկանց համար, ում մոտ նույնիսկ աննշան վարակը կարող է վերածվել քրոնիկական հիվանդության։ Թեև ջինսերի, բաճկոնների կամ լայն ձևվածքով հագուստի դեպքում ռիսկը նվազագույն է, տարրական հիգիենան մնում է առողջ մնալու միակ երաշխիքը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչո՞վ կարող են վարակվել մարդիկ խանութում հագուստ, կոշիկ փորձելու հետևանքով