Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրն է, նաև՝ Գարեգին Երկրորդի անվանակոչության օրը
Օրվա թեմա
09:53 12/02/2026
Հայաստան

Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրն է, նաև՝ Գարեգին Երկրորդի անվանակոչության օրը

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրը։

451 թվականի մայիսին, Ավարայրի ճակատամարտում, հայրենիքի, Հայ Եկեղեցու և քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու  մեծագույն սրբերից են: Իրենց նահատակությամբ նրանք հաստատեցին հայ ժողովրդի ապրելու կամքը և լինելիության իրավունքը: Հայաստանում քրիստոնեություն ընդունելուց ի վեր Հայ Եկեղեցին սերտորեն կապված է եղել հայրենիքի պաշտպանության գործին: Դրա վառ օրինակը Վարդանանց պատերազմն է: Պարսից զորքերի դեմ մղված պատերազմում հայ մարտիկների կողքին էր Հայոց եկեղեցին՝ Հովսեփ կաթողիկոսի և Ղևոնդ Երեցի առաջնորդությամբ: Մարտից առաջ հայ հոգևորականները ոչ միայն քաջալերում էին զորքին մակաբայեցիների օրինակով, այլև մկրտության և Սուրբ Պատարագի խորհրդով առավել ամրապնդում էին նվիրյալների հավատն ու ոգին:

«Եվ սեղան կանգնեցնելով` ամենասուրբ խորհուրդը կատարեցին, պատրաստեցին նաև ավազան, և եթե զորքի բազմության մեջ չմկրտված մարդ կար, ամբողջ գիշերը մկրտեցին և առավոտյան Սուրբ Հաղորդություն ընդունեցին», - գրում է Եղիշե պատմիչը Վարդանանց պատերազմից առաջ կատարվածի մասին:

Վարդանանց տոնը հայ ժողովրդի պատմության ամենաառանցքային էջերից մեկն է։ Այն նվիրված է 451 թվականի մայիսին Ավարայրի դաշտում տեղի ունեցած ճակատամարտին, որտեղ հայկական զորքը՝ սպարապետ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ, դուրս եկավ պարսկական գերհզոր բանակի դեմ։ Սա պայքար էր հանուն խղճի ազատության, քրիստոնեական հավատքի և ազգային ինքնության պահպանման։ Թեև ճակատամարտում հայերը ռազմական առումով նահանջեցին, սակայն ռազմավարական հաղթանակը նրանցն էր, քանի որ պարսիկները հասկացան, որ հայերին բռնի ուժով կրոնափոխ անելն անհնար է։ Վարդանանքը ցույց է տալիս, որ կան արժեքներ (հավատք, լեզու, հայրենիք), որոնք վեր են կյանքից։

Պատմությունը հիշատակում է նաև «Փափկասուն տիկնանց», ովքեր իրենց ամուսինների նահատակությունից կամ աքսորից հետո ստանձնեցին երկրի և ընտանիքների հոգսը՝ ցուցաբերելով անօրինակ տոկունություն։ Գեղջուկներն այս պայաքարում կանգնած էին Վարդանանց ու Եկեղեցու կողքին՝ հանուն իրենց համոզմունքի, պետության և հավատքի։

Վարդանանց տոնը շարժական է և նշվում է Բուն Բարեկենդանից առաջ ընկած հինգշաբթի օրը։

Այս օրը տոնն է բոլոր նրանց, ովքեր կրում են Վարդանանց զորավարների անունները՝ Վարդան, Գևորգ, Խորեն, Արտակ, Հմայակ, Տաճատ, Վահան, Գարեգին, ինչպես նաև բոլոր այն մարդկանց, որոնց անունները որևէ սրբի անունն չեն։ 

Առավոտյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ։ Կատարվում է հատուկ հիշատակության կարգ՝ ի պատիվ հավատքի և հայրենիքի համար զոհվածների։

Սուրբ Պատարագից հետո կատարվում է Հայրապետական մաղթանք, քանի որ այն նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի անվանակոչության օրն է։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրն է, նաև՝ Գարեգին Երկրորդի անվանակոչության օրը