Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Շենգավիթի դատախազություն. Քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 16 միլիոն 948 հազար դրամ
Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունում 2025 թվականին նախաձեռնվել է 2578 քրեական վարույթ (2024 թվականին՝ 2256 քրեական վարույթ): Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Ժորա Թովմասյանը հայտնել է, որ հաշվետու ժամանակահատվածում դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 705 քրեական վարույթ՝ 729 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 549 քրեական վարույթ՝ 574 անձի վերաբերյալ):
Ժորա Թովմասյանի խոսքով՝ դատարաններում ավարտվել է 473 քրեական գործ՝ 492 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 538 քրեական գործ՝ 571 անձի վերաբերյալ): Քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 16 միլիոն 948 հազար դրամ. պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:
Ժորա Թովմասյանը տեղեկացրել է, որ 2025 թվականին Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունում ուսումնասիրվել են վարչական շրջանի տարածքում գործող մանկապարտեզներին, մասնավորապես՝ թիվ 14 մսուր-մանկապարտեզին և թիվ 255 (144) մսուր-մանկապարտեզին հատկացված՝ պետական սեփականություն հանդիսացող հողատարածքի նկատմամբ գույքային իրավունքների գրանցման ընթացակարգերը:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ օրենսդրական նորմերի պահանջների խախտմամբ մանկապարտեզի շինություններից երրորդ անձանց օտարվել են տարածքներ: Հաշվի առնելով վերոգրյալը՝ վարչական դատարան են ներկայացվել վարչական ակտը և դրա գործողության արդյունքում առաջացած հետևանքները վերացնելու պահանջի մասին հայցադիմումներ:
Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունում ուսումնասիրվել է նաև նույն վարչական շրջանում՝ Արշակունյաց պողոտայի 34/16 հասցեում գտնվող հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանը և բենզալցման կայանը: Ուսումնասիրության արդյունքում՝ հայցադիմում է ներկայացվել Վարչական դատարան: