Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Ապագա խորհրդարանում և՞ս ՔՊ-ն «ծեծողների» կարիք կունենա
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ-ի պատգամավորի թեկնածուների ցանկում 134-րդը Լոռու մարզի բնակիչ Զալիկո Համբարյանն է: Նա զինղեկ է, աշխատում է Սպիտակի դպրոցներից մեկում: ՔՊ-ի թեկնածուն ներկայում ամբաստանյալի աթոռին է. դատվում է ծանր մեղադրանքով՝ անչափահասի նկատմամբ բռնություն կիրառելու, ծեծելու, հայհոյելու համար: Այս գործողությունները, ըստ քննիչների, նա իրականացրել է 2 տղամարդու հետ: «Զալիկո Ֆրունզեի Համբարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2024 թ. հունվարի 31-ին, ժամը 21.40-ի սահմաններում Ա. Հ.-ի և Գ. Մ.-ի հետ, մեկը մյուսի գործողությունները լրացնելով, հարվածներ են հասցրել Ա. Կ.-ի մարմնի տարբեր մասերին, հնչեցրել հայհոյանքներ՝ վերջինիս պատճառելով հոգեկան ուժեղ ցավ և տառապանք»,- ասված է մեղադրականում:
Գործով վերջին նիստը փետրվարի 5-ին էր՝ Վանաձորի դատարանում, հաջորդը փետրվարի 12-ին է: Գործով անցնող 3 ամբաստանյալներից մեկը Զալիկոյի եղբայրն է՝ Ալիկ Համբարյանը, տուժողը դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ է, որը ներկայում ծանր հոգեբանական վիճակում է: Գործի նյութերում առկա են դատաբժշկական, դատահոգեբանական փորձաքննությունների եզրակացություններ, որոնց համաձայն՝ երեխան ենթարկվել է ֆիզիկական և հոգեբանական բռնության:
Զ. Համբարյանը մեղադրանքը չի ընդունում, փաստաբան Վահե Դանիելյանն ասում է. «Իմ պաշտպանյալները չեն հետապնդել այդ երեխային, դա իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է: Առավել ևս՝ չեն ծեծել»: Դեռ դատավճիռ չկա, բայց հարցն այն է, թե ինչու է ՔՊ-ն ծեծի համար դատվող անձանց պատգամավոր դարձնում: Գուցե ապագա խորհրդարանում և՞ս ՔՊ-ն «ծեծողների» կարիք կունենա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։