Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչպես են հավաքել արցախյան երգերն ու սովորել արցախյան բարբառով երգել. «Նաիրիան» վոկալ անսամբլ
«Նաիրիան» վոկալ անսամբլն արդեն 10 տարի տարածում, հանրահռչակում է հայ դասական կոմպոզիտորների ստեղծագործությունները, հոգևոր երաժշտությունը։ Խումբը կատարում է բազմաձայն երգեր, հիմնականում ակապելլայի ձևաչափով։ Մաքուր հնչողությունն ու նոտաները, հայկական բազմաշերտ երգարվեստի ներկայացումը, վստահաբար, որևէ մեկին չեն կարող անտարբեր թողնել։
Խումբը կազմված է 4 հոգուց՝ Նաիրա Մուղդուսյան, ով նաև գեղարվեստական ղեկավարն է, Ալիսա Մանուկյան, Ելենա Ազարյան, Աննա Մինասյան։ Խմբի պրոդյուսերն է Մարիամ Մուղդուսյանը։ Panorama.am-ն անսամբլի առաջիկա համերգների, արցախյան երգերին նվիրված շարքի, ծրագրերի մասին զրուցել է Մարիամ և Նաիրա Մուղդուսյանների հետ։
Panorama.am-Նաիրյան վոկալ անսամբլն այս տարի կներկայացնի Հայաստանը Գերմանիայի Լայպցիգ քաղաքում կայանալիք հեղինակավոր A Cappella միջազգային վոկալ փառատոնում։ Ինչպե՞ս է ստացվել անսամբլի մասնակցությունը փառատոնին, ի՞նչ ծրագրով եք հանդես գալու։ Ո՞րն է լինելու հիմնական ասելիքը օտար հանդիսատեսին։
Մարիամ- Գերմանիայում կայանալիք փառատոնի հրավերը ստացել ենք մեզ համար նույնիսկ անակնկալ տարբերակով՝ գրել են մեր ֆեյսբուքյան էջին։ Արձագանքել ենք, որոշել ենք, որ պետք է անպայման մասնակցենք։ Դրանից մեկ ամիս հետո՝ հունիսին, մեկնելու ենք Շվեյցարիա՝ շվեցարական կողմի հրավերով, մասնակցելու Հայաստանին նվիրված մշակութային օրերին։
Այնպես չէ, որ մենք ինքներս ենք փնտրում մասնակցություն փառատոներին, դրա ժամանակն էլ, ցավոք, չունեք, բայց արդեն որերերոդ անգամ կազմակերպիչներն իրենք են մեզ գտնում։

Նաիրա-Օտար հանդիսատեսին ներկայացնելու ենք հայ հոգևոր, դասական երգեր, համերգի վերջում կունենանք ավանդական մի քանի երգի կատարում՝ այդպես ներկայացնելով մեր բազմաշերտ երգարվեստը։
Panorama.am-Այս տարվա ընթացքում արտասահմանում այլ ելույթներ, համերգներ նախատեսվա՞ծ են։
Մարիամ- Այս տարվա համար ունենք տարբեր երկրներից հրավերներ, բայց այդ պահին կենտրոնացած ենք Գերմանիայում և Շվեյցարիայում կայանալիք ելույթների, համերգների վրա։
Panorama.am-Ինչո՞ւ որոշեցիք ձայնագրել, նաև կատարել արցախյան երգերը։ Ինչպե՞ս եք դրանք հավաքել։ Ծրագիրը կլինի՞ շարունակական։
Մարիամ-Արցախի երգերին անդրադառնալու միտքը ծագել է մի քանի զրույցների ընթացքում։ Նաիրային առաջարկեցի խմբով կատարել արցախյան երգերը, բայց որևէ բաց հարթակում չգտանք երգերի նոտաները, բառերով տարբերակները։ Կան երգեր, որոնք շատ հայտնի են, երգեր էլ կան, որոնց նոտաները չկան, մնացել են Արցախում, ցրված են՝ ընդհուպ աշխարհով մեկ։ Որպես երաժիշտներ, կանգնեցին խնդրի առաջ, որ թեև երգերը կան, մարդիկ երգում են, բայց նոտաները չկան, հետևաբար կատարելու և սերունդներին փոխանցելու խնդիր կա։ Հասկացանք՝ ուզում ենք ունենալ այդ երգերն իրենց նոտաներով, բառերով, որպեսզի մեզ նման մարդիկ, որոնք հետաքրքրված են մշակութային, երաժշտական ժառանգությամբ, շատ արագ և հեշտ հասանելիություն ունենան այդ երգերին։
Նաիրա- Երգերը հավաքելու համար Երևանում, մարզերում հանդիպել եմ բռնի տեղահանված արցախցիների հետ։ Այդ մարդիկ իրենց իմացած տարբերակով, հիշողությամբ կատարում էին երգերը։ Ինձ ուղղորդել են նաև Արցախի մշակույթի նախկին նախարարները։ Արցախի այաների խումբ կար, երգում էին ավանդական երգեր, նրանց լսելով՝ նոտագրել եմ երգերը։ Նաև արցախցի Մարատ Հարությունյանն է որոշ նյութեր տրամադրել, ով ժամանակին Ստեփանակերտի տուն-ինտերնատում կատարել էր որոշ ձայնագրություններ, ուներ ձեռքի տակ, բայց, իհարկե, նոտագրված չէին։ Նոտագրելուց հետո բազմաձայվել են երգերը ու կատարվել խմբի կողմից, ներկայացվել մեր ունկնդրին։
Մենք ինքներս բարբառակիրներ չենք, երգչուհիներից ոչ մեկն արցախյան արմատներ էլ չունի։ Մեզ համար, իհարկե, դժվար էր բարբառի յուրացման հարցը։ Մեզ օգնել է Արցախից բռնի տեղահանված Լարա Սարգսյանը, նրա խորհուրդները լսելով, նրա առոգանության ձևը վերցնելով՝ փորձել ենք երգերը նաև ճիշտ առոգանել։

Մարիամ- Նաիրան զրուցել է շուրջ 30 հոգու հետ, հավաքել նյութեր ու լսել կարծիքներ։ Նախագիծը լայն արձագանքի արժանացավ, նաև Հայաստանից դուրս ապրող մեր հայրենակիցներն են նյութեր ուղարկում։ Այս օգնությունն անսահման կարևոր է, ցավոք սրտի, մեր գրադարաններում, ԳԱԱ-ում և այլուր նյութերը բավականին քիչ են։
Իհարկե, մարդիկ կան, որոնք աշխատում են, անուրանալի է այն մարդկանց ներդրումը, բայց մենք սկսեցինք հարցին պրակտիկ մոտեցում ցուցաբերել, որ մարդը կարողանա փնտրել համացանցում ու գտնել նոտաները։ Առնվազն 8 երգ հասանելի է մեր սոցիալական ցանցի էջերում։ Հուսով եմ, որ հետագայում կկարողանանք հենց արցախյան ժառանգությանը նվիրված կայք ունենալ։
Իհարկե, մենք կուզենք ծրագիրը շարունակական լինել։ Որքան էլ մենք պատրաստակամ ենք մեր անձնական միջոցները տրամադրել, ինչպես տրամադրել ենք, բայց ձայնագրման գործընթացն ինքնին թանկ է, ինքներս չենք կարող շարունակական դարձնել ծրագիրը։ Ուրախ կլինենք, եթե կարողանանք մեր ձեռքի տակ եղած բոլոր երգերը ձայնագրել, նոտագրել, բայց այս պահին առաջնորդվում ենք քայլ առ քայլ սկզբունքով։ Այս ծրագիրը ֆինանսավորել է «Հովնանյան» հիմնադրամը։

Panorama.am-Արդեն 10 տարի անսամբլը ծավալում է գործունեություն ու մշտապես պահել է այն բարձր նշաձողը, որը հենց սկզբից որդեգրել է։ Ինչպե՞ս է դա հաջողվում անսամբլին։
Մարիամ- Նաիրիան վոկալ անսամբը ձևավորել է 11 տարի առաջ։ Ես ու Նաիրան զրույցների ընթացքում անդրադարձանք հարցին, որ լավ կլիներ ձևավորվել խումբ՝ հաշվի առնելով, որ Նաիրան երաժշտական կրթություն ունի։ Առաջին օրվանից ծայրահեղ աշխատասիրությունն ու նվիրվածությունը խմբի հաջողության գրավականներից մեկն է եղել։ Ի տարբերություն շատ խմբերի, երաժշտությունն ու մշակութային ժառանգությունը հանրահռչակելը չենք դիտարկել իբրև ապրուստի միջոց։ Կարող է թվալ՝ իրար հետ կապ չունի, բայց իրականում մեծ կապ ունեն այս երկու հանգամանքները։ Երբ շատ սիրում ես քո աշխատանքը, որից նյութական ակնկալիքներ բոլորովին չես ունենում, այլ հիմքում ընկած է մեծ գաղափարն ու այդ գաղափարին նվիրված ես, դա է հաջողության գրավականը։
Խումբը հասել է այն աստիճանի, որ աղջիկների համար արդեն ապրուստի միջոց է դարձել երգելը։ Բայց առաջին 7 տարին սեփական ներդրումի, ժամանակի, առողջության հաշվին է խումբը շարունակել գոյատևել։ Բարեբախտաբար, հետագայում կարողացանք ունենալ դրամաշնորհներ, ֆինանսական կայունություն, աղջիկների համար աշխատանք դարձավ։ Բայց աղջիկները դրան հասնելու համար դժվար ճանապարհ են անցել։
Այդ նվիրվածությունը, ֆանատիզմ է եղել պատճառը, որ իրենք չեն ընկրկել ունեցած դժվարությունների առաջ, կարողացել են դիմակայել ու մինչև հիմա երգել։
Նաիրիան անսամբլի ձևավորման հիքմում ընկած է եղել հայկական երգի, երգարվեստի հանրահռչակումը, մշակութային ժառանգության պահպանումը, զարգացումն ու սերունդներին փոխանցումը։ Կարծում եմ՝ անսամբլը լիովին հավատարիմ է մնացել այդ որդեգրած սկզբունքներին։
Կարևոր ուղղություն է եղել նաև երաժշտությունը հաշմանդամություն ունեցող անձանց հասանելի դարձնելը։ Սա նույնպես իրագործել են, իրագործում են։ Անսամբլը եզակի խմբերից է աշխարհում, որ երգերը երգում է բազմաձայն ակապելլա տարբերակով՝ դրանք զուգահեռաբար թարգմանելով ժեստերի լեզվով։

Նպատակներից է եղել նաև կանանց հզորացումը։ Փաստեմ, որ այս ուղղությամբ հայ երգարվեստում նույնպես առաջամարտիկներից է, քանի որ բացի այն, որ երգն ինքնին զորացրել է անսամբլի աղջիկներին, նաև խումբն իր երգարվեստով շարունակում է զորացնել հայ կանանց։
Մենք շատ գաղափարներ ունենք։ Վստահաբար, նոր գաղափարներն անընդհատ ընթացքի մեջ են, անընդհատ դրանց ուղղությամբ աշխատում ենք։
Panorama.am-Շնորհակալություն, հարցերին պատասխանելու համար։

Լուսանկարները՝ «Նաիրիան» վոկալ անսամբլի և Մարիամ Մուղդուսյանի էջերից։