Ականջակալներն ու «կապյուշոնները» դարձել են վտանգավոր նորաձևություն. Ահազանգ
Իրավունք
16:24 14/02/2026
Հայաստան

Ականջակալներն ու «կապյուշոնները» դարձել են վտանգավոր նորաձևություն. Ահազանգ

Հայաստանի փողոցներում և բակային տարածքներում հետիոտների անուշադրության խնդիրը դարձել է վարորդների ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Հատկապես ականջակալների և գլխարկների (կապյուշոնների) օգտագործումը հետիոտներին կտրում է արտաքին աշխարհից՝ ստեղծելով վթարային իրավիճակներ, որոնք հաճախ միայն վարորդների զգոնության շնորհիվ են ավարտվում առանց ողբերգության։ Սոցիալական ցանցերում օգտատերերից մեկը զգուշացնում է ծնողներին, որ երեխաների շրջանում ականջակալների մշակույթը կարող է ճակատագրական լինել. «Ժողովուրդ ջան, զգուշացրեք երեխեքին, որ փողոցում ականջակալ դնելուց ձայնը չափավոր անեն, որ արտաքին միջավայրից չկտրվեն։ Ասեմ, որ մեքենաս բավականին աղմկոտ է, մենք էլ անհամբեր ու չզիջող վարորդների պակաս չունենք»։

Մեկ այլ վարորդ պատմում է կոնկրետ դեպք, երբ անուշադրությունը քիչ է մնացել վրաերթի պատճառ դառնալ. «Այ սենց, մի քանի օր առաջ մի ջահել աղջիկ երեխա, ականջակալներով կտրուկ դուրս թռավ շենքի մուտքից ուղիղ մեքենայիս առաջ ու հանգիստ գնաց նստեց դիմացի մայթին կանգնած տաքսին։ Ու այդպես էլ չիմացավ, որ հազիվ եմ արգելակել, որ քիչ էր մնում ավտոյի տակ ընկներ»։

Խնդիրը տարածված է նաև բակային հատվածներում, որտեղ հետիոտները երբեմն չեն էլ ենթադրում, որ իրենց հետևից կարող է մեքենա ընթանալ։ Օգտատերերից մեկը նկարագրում է նման մի իրավիճակ․ «Բավականին երկար այդպես գնացել եմ առանց ականջակալի կայլասկով երեխուն ման տվող երիտասարդի հետևից, մինչև որ դիմացից եկող պապին չասեց՝ ախպեր, ճանապարհ տուր»։

«Խաչատուրով» փորձագիտական և փաստաբանական ընկերության տնօրեն, փաստաբան Արտակ Խաչատուրովը Panorama.am-ի հետ զրույցում նկատում է, որ վերջին տարիներին հետիոտների տուգանման միտում կա, սակայն վերահսկողությունը դեռևս կատարյալ չէ, հատկապես կենտրոնից դուրս գտնվող հատվածներում։ Ըստ նրա՝ ականջակալներն ու «կապյուշոնները» դարձել են վտանգավոր նորաձևություն։

«Փողոց անցնելուց հետիոտները չեն համոզվում անվտանգ է, թե չէ, ժողովրդական ասած՝ գլուխները տնկած անցնում են... Օրինակ, արտասահմանում նման դեպքերում տուգանում են ականջակալներով անցնելու համար»,- նշեց փաստաբանը։

Խաչատուրովի խոսքով՝ լուրջ անելիքներ կան հատկապես երեխաների և ծնողների հետ։ Նա առաջարկում է կրթական նոր մոդելներ կիրառել դպրոցներում, որպեսզի երեխաներն իրենք դառնան զգոնության օրինակ։

«Հետաքրքիր մոդել կա, օրինակ՝ ճապոնական մոդելն է... Երբ որ երեխաները պիտի ճանապարհը անցնեն, նույնիսկ հետիոտնային անցումով, այդ անցման մոտ կանգնում են, ձեռքները բարձրացնում են, համոզվում են, որ մեքենայի վարորդը իրենց նկատել է, կանգնում է, զիջում է, նոր անցնում են»,-ասում է նա։

Փորձագետը նաև հիշեցնում է, որ բակային տարածքներում վարորդները պետք է լինեն առավել զգոն և պահպանեն արագության սահմանափակումները, քանի որ այդ տարածքներն առաջնահերթ խաղային և անցուդարձի գոտիներ են. «Բակային տարածքներում բոլորը պարտավոր են 20 կմ/ժ արագությամբ վարել։ Նախկինում այդ տարածքներում մարդիկ ֆուտբոլներ էին խաղում, վազվզում էին, մեքենաները պիտի զիջեին ու համբերատար լինեին։ Վերջիվերջո այդ բակային տարածքները խաղային ու անցուդարձի տարածքներ են»։

Այնուամենայնիվ, քաղաքացիների և փորձագետի ընդհանուր եզրակացությունն այն է, որ առանց հետիոտնի անձնական զգոնության և պատշաճ վերահսկողության, փողոցում տեխնիկական միջոցներով արտաքին աշխարհից մեկուսանալը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ականջակալներն ու «կապյուշոնները» դարձել են վտանգավոր նորաձևություն. Ահազանգ