Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով նոր դեպքերի դիմելիությունը նվազել է
Առողջություն
09:50 14/02/2026
Հայաստան

Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով նոր դեպքերի դիմելիությունը նվազել է

ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» հիվանդանոցային համալիրներում և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում հոսպիտալացված սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) դեպքերի ամփոփ վերլուծության համաձայն` 2026թ.-ի 6-րդ շաբաթվա ընթացքում (02.02-08.02.2026թ.) ծանր ՍՇՎ-ով նոր դեպքերի դիմելիությունը (66 դեպք) նվազել է 10%-ով` նախորդ շաբաթվա համեմատ, որոնք եղել են ընդհանուր հոսպիտալացվածների 7.4%ը, նախորդ շաբաթվա 9%-ի փոխարեն: Գերակշռում է մինչև 5 տարեկանների դիմելիությունը` 50%-ը (33 դեպք), իսկ 48%-ը (32 դեպք)` 5-14 տարեկանների, իսկ 1.5%-ը (1 դեպք)` 65-ից բարձր տարիքի անձանց շրջանում: Ընդհանուր ԾՍՇՎ-ով 5 հիվանդ (մինչև 5 տարեկան) ընդունվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք:

«Հերացի» վերլուծական կենտրոնի հաղորդմամբ, նշված ժամանակահատվածում գրիպի նկատմամբ հետազոտված նոր ԾՍՇՎ դեպքերի թիվը կազմել է 11: ԾՍՇՎ-ով հոսպիտալացվածների շրջանում մահվան դեպքեր չեն արձանագրվել:

Համաձայն պաշտոնական հրապարակումների` Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են շրջանառվել գրիպի АH3N2 և H1pdm09 ենթատեսակի վիրուսները, ինչպես նաև ռինովիրուսի, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, մետապնևմովիրուսի, պարագրիպի, ադենովիրուսի հարուցիչները:

Համաձայն հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի (ECDC) ամփոփ տվյալների` 2026թ.-ի հունվարի 26-ից փետրվարի 1-ը տարածաշրջանի որոշ երկրներում գրիպի հետազոտությունների դրական նմուշների թիվն աճել է, սակայն տարածաշրջանային մակարդակում դեռևս ակտիվությունը կայուն է: Հոսպիտալացումների հիմնական դեպքերը դեռևս 65 և ավելի բարձր տարիքի անձիք են: Տարածաշրջանում A (H3) գրիպի վիրուսը շարունակում է մնալ շրջանառվող գերակշռող տեսակը (73%), չնայած հայտնաբերվում է նաև A(H1) վիրուսը (21%): Տարածաշրջանային մակարդակում գրիպի դրական արդյունքով թեստերի թիվը գերազարցում է 10% համաճարակային շեմը` կամելով 33%, նախորդ շաբաթվա 30%-ի փոխարեն: 26 երկրների դրական թեստերի միջին ցուցանիշը կազմել է 30%, ևս 19 երկրներ հաղորդել են առնվազն 10%:

SARS-CoV-2 վարակի ակտիվության տարածաշրջանային մակարդակը պահպանվել է 3%:

Շնչառական սինցիցիալ վիրուսի (RSV) ակտիվությունը նախորդ շաբաթվա համեմատ գրեթե նույնն է: RSV դրական նմուշների մակարդակը եղել է 10%: Մինչև 5 տարեկան երեխաները դեռևս կազմում են դեպքերի գերակշռող մասնաբաժինը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով նոր դեպքերի դիմելիությունը նվազել է