Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Եթե այդ ինֆորմացիան չհաստատվի, ուրեմն Ալեն Սիմոնյանի նկատմամբ քր. գործ հարուցեք մարդկանց խմբի (հոգևորականների) նկատմամբ ատելություն հրահրելու համար»
ԱԺ նախագահ Ալեն Սիոնյանի՝«Дождь»-ին տված հարցազրույցում հայ հոգևորականների մասին արած հայտարարությունից հետո քաղաքացիները դիմում են դատախազությանը՝ խնդրելով այն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում։
«Երեկ մեր պետության շատ կարևոր պաշտոն զբաղեցնող մեկը ասեց, որ 4-5 մանկապիղծ հոգևորական կա մեր եկեղեցում։
Ես՝ որպես ՀՀ քաղաքացի խնդրում եմ, որ դա ընդունեք որպես հանցագործության մասին հաղորդում։ Եթե նման հանցագործության մասին ինֆորմացիա ունեն և իշխանությունն էլ իրենց ձեռքում է, ինչո՞ւ չեն այդ մարդիկ ազատազրկված՝ լինեն հոգևորական, բժիշկ, թե բանվոր։
Եթե այդ ինֆորմացիան չհաստատվի, ուրեմն ալեն սիմոնյանի նկատմամբ քր. գործ հարուցեք մարդկանց խմբի (հոգևորականների) նկատմամբ ատելություն հրահրելու համար։
Ուրեմն, պետական պաշտոն զբաղեցնողը կարող է մեր ամբողջ ազգին, եկեղեցուն խայտառակ անի օտար պետության առաջ ու մնա անպատի՞ժ։ Այո, կարող է, երբ նեռն է ղեկավարում պետությունը»,- գրել է «Սրբազան պայքար» շարժման անդամ Լիդյա Մանթաշյանը։
Օպերային երգիչ, բարիտոն Գուրգեն Բավեյանը գրել է. «Այո, այս բոլոր մեղադրանքներից և ոչ մեկը չունի փաստարկված հենք ու հերքվեց՝ չդիմանալով ժամանակի փորձությանը: Բայց Նիկոլի նպատակը բնավ նրանց ճշմարտացիությունը և փաստարկված ապացույցները չեն, ավելին՝ դրանք նրան ամենաքիչն են հետաքրքրում:
Նիկոլը ստի միջոցով քանդում ու պառակտում է ամեն հնարավորը:
Սխեման հետևյալ կերպ է աշխատում. ապատեղեկատվության տարածում՝ շոկային տպավորության ստեղծում, ապատեղեկատվությունը քննարկման առարկա դարձնել և մարդկանց ուղեղը լցնել անհեթեթություններով: Շատ պարզ մեխանիզմ է, քանի որ հետագան բացարձակ կարևոր չէ, սուտը կհերքվի, թե չէ: Կարևորն առաջին տպավորությունն է, որ մնում է մեր ենթագիտակցության մեջ և ազդում մեր իրականության ընկալման վրա:
Ահա այսպես արդեն քանի տարի է մեզ հրամցնում են ամեն տեսակի ապատեղեկատվություն և ազդում մեր ենթագիտակցության, հոգեբանության և կոլեկտիվ վարքի վրա»:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր կայացած խորհրդարանական ճեպազրույցում Սիմոնյանի հայտարարության մասին ասել է. «Ազգային ժողովի նախագահի հայտարարությանը պետք է իրավական ընթացք տրվի։ Ակնհայտ է, որ սա հենց այնպես օդում չպետք է մնա և սրա հետ կապված պետք է իրավական գործընթաց լինի»։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանն արձագանքել է իր հայտարարության հետ կապված քննադատություններին. «Երեկ հարցազրույցս հրապարակվեց ռուսական ընդդիմադիր «Դոժդ» ալիքին, և 30 րոպեանոց խոսքիս մեջ ինչ ասես որ չեմ ասում ընդդիմադիրներին, ինչ գնահատական ասես չեմ տալիս, առավոտյան արթնացել եմ` տեսնեմ` միակ հակադարձումն այն է, որ իբր ասել եմ, թե մանկապիղծ են որոշ եկեղեցականներ: Լավ է, որ մնացած ասածներս նույնիսկ ընդդիմադիրների մոտ վեճ չառաջացրեց, լուռ համաձայնվեցին, բայց նաև չի կարելի այդքան անգրագետ լինել. ես հիմա ռուսերենի դասեր չեմ տալու՝ բնական է, բայց ինչ եմ առաջարկում:
Տարբերակ՝
ա) ընդունեք, որ դուք անգրագետ եք և լռեք,
բ) դիմեք դատարան զրպարտության համար:
Գանձ եք, է՜, գանձ, ուղղակի՝ չկրթված ))
ԺԴՈւ»։
Իսկ ինչ է ասել Ալեն Սիմոնյանը հայցազրույցում: Լրագրողը հարցրել է եկեղեցու դեմ իշխանությունների պայքարի մասին։
Ա.Սիմոնյան-Եթե որևէ երկրում պարզվի, որ եկեղեցում բարձր պաշտոն զբաղեցնող X անձը մանկապիղծ է, և իրավապահ մարմինները արձագանքեն դրան, կամ որևէ քաղաքական գործիչ հանդես գա մանկապղծության քննադատությամբ, կարո՞ղ է սա համարվել եկեղեցու վրա հարձակում։
Չի կարելի թաքնվել այս սև փարաջայի տակ և մտածել, որ դա ինդուլգենցիա է, և կարելի է անել այն, ինչ ուզում ես։ Իսկ երբ քո հետևից գան, դու կասես, որ դա հարձակում է»։
Հարց-Իսկ ո՞ւմ նկատի ունեք։
Ա.Սիմոնյան-Կան 4-5 մարդ՝ եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչներ, որոնք թաղված են այդպիսի իրավիճակներում (которые погрязли в таких ситуациях)։
Նշենք, որ գլխավոր դատախազությունից դեռ որևէ արձագանք չկա ինչպես Ալեն Սիմոնյանի հայտարարության վերաբերյալ, այնպես էլ քաղաքացիների պահանջի։