Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպումից հետո Ալիևի հայտարարությունները հայ գերիների մասին շատ ավելի հարցեր առաջացրեցին. Աբրահամյան
«Բաքվում ապօրինի դատապարված հայ գերիների վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպումից հետո շատ ավելի հարցեր առաջացրեցին»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ըստ Ալիևի, ԱՄՆ փոխնախագահի հետ անդրադարձել են հայ գերիների թեմային, Ադրբեջանը հայտնել է իր դիրքորոշումն ու վերջ։ Տ. Աբրահամյանի խոսքով, սա կարող է երկու բանի մասին վկայել. «Կամ այս թեման չի եղել լուրջ քննարկումների առարկա, ԱՄՆ փոխնախագահն ուղղակի զուտ ֆորմալ առումով թեման բարձրաձայնել է՝ հաշվի առնելով Հայաստանում առկա տրամադրությունները, երկրորդ՝ կա կամ եղել է որոշակի պայմանավորվածություն տարբեր պաշտոնյաների միջև, որպեսզի այդ թեման խնամքով շրջացվի»։
«Ալիևի հայտարարությունները որոշակի առումով զարմանալի էին այն տեսանկյունից, որ Ադրբեջանի ղեկավարը, ըստ էության, ցույց տվեց, որ այդ թեման առաջնային քննարկման առարկա չի եղել, որովհետև հենց այնպես շրջանցել կամ փակել թեման ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյանի հետ հարաբերությունների ֆոնին, որպես այդպիսն չի կարող լինել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Ըստ Տ.Աբրահամյանի, սա ևս մեկ արձանագրում էր այն բանի, որ Հայաստանի իշխանությունների համար սա առաջնային օրակարգային հարց չի եղել, Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում իրենից որևէ հրատապություն ներկայացնող թեմա չի եղել, դրա վրա կենտրոնացում չի եղել։
«Ըստ էության, սա ցույց է տալիս, որ Ադրբեջանն իր համար կարևոր հարցերը բերում, դրանց վերաբերյալ լուծումներ է ստանում, ինչ վերաբերում է Հայաստանի համար կարևորություն ներկայացնող դրույթներին, դրանց մասով բովանդակային քննարկումներ տեղի չեն ունենում»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։