Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Օտարերկրյա հեռարձակողների համար սահմանվել են խաղի նոր կանոններ․ ԲՏԱ նախարար
Նոր կարգավորումներով սահմանվում են նաև կանոններ օտարերկրյա հեռարձակողների համար՝ Հայաստանի ներքին քաղաքական կյանքին միջամտության դեպքերը կանխելու նպատակով։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ներկայացնելով կապի և փոստի ոլորտներում 2025 թվականին իրականացված աշխատանքների հաշվետվությունը։
2025 թվականի մարտի 5-ին Ազգային ժողովի կողմից հավանության է արժանացել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը։ Ըստ նախարարի՝ վերանայվել են կարգավորող պետական մարմնի գործառույթները, հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթների կարգը, ինչպես նաև լիցենզիայի կասեցման և դադարեցման պայմանները։ Ներկայումս շրջանառության մեջ է գտնվում օրենսդրական փոփոխությունների երկրորդ փաթեթը, որն արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ։
«Սրանով մենք անդրադարձել ենք նաև եթերի բովանդակությանը, բովանդակության նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացմանը, բռնության սահմանադրական կարգի տապալման և նմանօրինակ դեռևս քրեական օրենսգրքով պատժելի արարքները հեռուստալսող տեսալսողական բովանդակությամբ հանրությանը մատուցելու պարագայում պատասխանատվության շրջանակում սահմանել թե՛ ցանցային օպերատորների և թե՛ հեռարձակողների համար»,- մանրամասնեց նախարարը։
Կապի ոլորտում կարևորագույն ուղղություններից է 5G տեխնոլոգիաների ներդրումը։ 2300-2400 ՄՀց և 3600-3800 ՄՀց ռադիոհաճախականային տիրույթների օգտագործման մրցույթում հաղթող է ճանաչվել «Viva Armenia» ընկերությունը։ Լիցենզիայի պայմանների համաձայն՝ օպերատորը պարտավորվել է 3-7 տարվա ընթացքում ապահովել 5G ծառայությունների հասանելիություն բոլոր քաղաքային բնակավայրերում (տարածքի առնվազն 60%-ում)։ Ծածկույթը ներառելու է նաև ռազմավարական նշանակության գոտիներ՝ Ինժեներական քաղաքը, Ակադեմիական քաղաքը, օդանավակայանները, սահմանային մաքսակետերը և միջպետական ճանապարհների 98%-ը։
Զեկույցում նշվել է նաև կապի որակի վերահսկողության տեխնիկական վերազինման մասին։ Կառավարության կողմից ձեռք բերված գերմանական «Rohde & Schwarz» ընկերության սարքավորումների միջոցով իրականացվել են 4G LTE ծածկույթների թեստավորման աշխատանքներ։
«Հետայսու հնարավորություն ունի սեփական տեխնիկական կարողություններն օգտագործելով համապատասխան չափումները և թեստավորումները իրականացնել, հասկանալու, թե Հանրապետության որ հատվածներում տեխնոլոգիաների ծածկույթների ինչ չափով են դրանք ապահովված»- ասաց Հայրապետյանը։
Նախարարի փոխանցմամբ՝ թեստավորման արդյունքների վերաբերյալ առավել մանրամասն տվյալներ կհրապարակվեն ապրիլին՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի զեկույցի շրջանակներում։