Ռազմարդյունաբերական ընկերությունները կկարողանան հետազոտությունների նպատակով օգտագործել ՊՆ գույքը
Քաղաքական
12:04 16/02/2026
Հայաստան

Ռազմարդյունաբերական ընկերությունները կկարողանան հետազոտությունների նպատակով օգտագործել ՊՆ գույքը

2025 թվականին ռազմարդյունաբերության ոլորտում գիտահետազոտական և փորձարարական մշակումների (ԳՓԿԱ) ֆինանսավորումը կազմել է ավելի քան 2.1 միլիարդ դրամ, ինչը 50%-ով գերազանցում է 2024 թվականի ցուցանիշը։ Ոլորտում ներդրվել է տեխնոլոգիական պատրաստիության մակարդակի հայեցակարգը (TRL)։ Այս մասին այսօր ասուլիսում հայտնեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ներկայացնելով 2025 թվականի գործունեության հաշվետվությունը։ 

«Այն թույլ է տալիս ընկերություններին բարդ մշակումները քայլ առ քայլ զարգացնել իրար հաջորդող մի քանի գիտահետազոտական աշխատանքներով և փորձարարական մշակումներով այս տրամաբանությամբ սկսնակ ընկերությունները վերջապես կարող են սկսել փոքր ֆինանսավորումից քայլ առ քայլ հասունացնելով թե իրենց մշակումները և թե որպես ընկերություն կայանալ»,- մանրամասնեց նա։

Փոփոխություն է կատարվել նաև պետական ֆինանսավորմամբ ստեղծված մտավոր սեփականության պատկանելիության հարցում։ Նախկինում այն պատկանում էր բացառապես պետությանը, իսկ նոր պայմանագրային իրավահարաբերություններով սեփականության իրավունքը տրվում է մշակող ընկերությանը։

«Մտավոր սեփականությունը նախ և առաջ պատկանելու է ընկերությանը և թույլ է տալիս գյուտարարին այն ազատորեն մոնետիզացնել։ Իհարկե, պետք է այստեղ առանձնահատուկ նշեմ, որ պետությունը կունենա լիցենզիա, այն օգտագործելու բոլոր այն դեպքերում, երբ ընկերությունը չի կարողանա բավարարել պետության պահանջները»,- ասաց Հայրապետյանը։

Օրենսդրական փոփոխությունների արդյունքում ռազմարդյունաբերական ընկերություններին հնարավորություն է տրվել հետազոտությունների նպատակով օգտագործել Պաշտպանության նախարարությանը պատկանող գույքը։ Սահմանվել է նաև պետական փորձարկումների իրականացման և դրանց համար անհրաժեշտ փորձանմուշների ստեղծման ֆինանսավորման կարգը։ 2025 թվականի ընթացքում մի շարք ընկերություններ ստացել են ռազմական արտադրանքի արտահանման լիցենզիաներ։

Նախարարը ներկայացրել է նաև ոլորտի վիճակագրական տվյալները. 2025 թվականին տեխնոլոգիական ընկերությունների թիվը կազմել է 12,026 (2017-ին՝ 650), ոլորտի շրջանառությունը գերազանցել է 1 տրիլիոն դրամը, իսկ արտահանման ծավալը կազմել է 711.5 միլիարդ դրամ։

Աշխատանքներ են տարվում ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի մշակման ուղղությամբ, որտեղ որպես առաջնահերթություններ նշված են արհեստական բանականությունը, տվյալագիտությունը, բիոինժեներիան և բժշկական տեխնոլոգիաները։

Ռազմավարության հաստատումը նախատեսվում է 2026 թվականի առաջին կիսամյակում։ Միջազգային համագործակցության շրջանակում նշվել է Plug and Play աքսելերատորի մուտքը հայկական շուկա և CAMP հարթակի միջոցով Ֆրանսիայի ու Հնդկաստանի հետ հաստատված կապերը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ռազմարդյունաբերական ընկերությունները կկարողանան հետազոտությունների նպատակով օգտագործել ՊՆ գույքը