Հեղինակավոր մրցույթում հայ ջութակահար Էդուարդ Դայանն արժանացել է Գրան պրիի
Մշակույթ
17:51 17/02/2026
Հայաստան

Հեղինակավոր մրցույթում հայ ջութակահար Էդուարդ Դայանն արժանացել է Գրան պրիի

ՌԴ Օմսկ քաղաքում անցկացվել է Վիլհելմ Շպետի անվան լարային-աղեղնային գործիքների կատարողների 3-րդ միջտարածաշրջանային բաց մրցույթը: Մրցույթն անցկացվել է՝ «Ջութակ», «Ալտ», «Թավջութակ» անվանակարգերում: ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, ավելի քան 200 երիտասարդ երաժիշտներ՝ 7-23 տարեկան, պայքարել են մրցանակների համար։

«Ջութակ» անվանակարգում 1-ին մրցանակը և մրցույթի Գրան պրին նվաճել է ջութակահար Էդուարդ Դայանը: Մրցույթի գլխավոր մրցանակին՝ Գրան պրիին, Էդուարդ Դայանն արժանացել է երեք անվանակարգերի առաջին մրցանակակիրների միջև անցկացված ընտրության արդյունքում։

Գալա համերգի ընթացքում Էդուարդ Դայանը կատարել է Նիկոլո Պագանինիի Ջութակի թիվ 1 կոնցերտը՝ Օմսկի ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ և դիրիժոր Միխայիլ Գոլիկովի ղեկավարությամբ։

Էդուարդ Դայանը «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ  է և ներկայում ուսումը շարունակում է «Զախար Բրոնի» ակադեմիայում (Շվեյցարիա)։

Վիլհելմ Շպետի անվան 3-րդ միջտարածաշրջանային բաց մրցույթը կարևոր հարթակ է երիտասարդ կատարողների ստեղծագործական աճի և մասնագիտական զարգացման համար՝ համախմբելով տարբեր տարածաշրջանների տաղանդավոր երաժիշտներին։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հեղինակավոր մրցույթում հայ ջութակահար Էդուարդ Դայանն արժանացել է Գրան պրիի